Լրահոս
Օրվա լրահոսը

Ախորժալի բլիթներ` նախաճաշին

Նոյեմբեր 05,2012 07:28

Շաբաթն առնվազն երկու անգամ ես առավոտյան պատրաստում եմ այս բլիթները` որպես նախաճաշ, եւ եթե դրանք նույն օրն իսկ չեն վերջանում, ապա հաջորդ օրն ուղղակի հանում եմ սառնարանից, տաքացնում միկրոալիքային վառարանում եւ տաք-տաք մատուցում:

Այս բլիթները շատ հարմար են հատկապես նախաճաշի համար, քանի որ հագեցնող են, մատուցման բազմազան ձեւեր ունեն, եւ վերջապես` համեղ են:

Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է

3 ձու,

3 բաժակ կաթ

1 բաժակ շաքարավազ

2 բաժակ ալյուր

2 գդալ բուսական յուղ

1 գդալ սոդա

մի պտղունց աղ

50-60 գրամ կարագ

 

Պատրաստման եղանակը

Ձուն եւ շաքարավազը հարել, ավելացնել կաթը, բուսական յուղը, սոդան եւ աղը, շարունակել հարել եւ զգուշությամբ ավելացնել ալյուրը: Պետք է դառնա թթվասերի խտության խմոր` շատ ավելի խիտ, քան սովորական նրբաբլիթների (блинчики) խմորը: Եթե զգաք, որ էլի է ալյուր հարկավոր` համապատասխան խտության հասնելու համար` ավելացրեք, եթե տեսնեք, որ չափից դուրս խիտ է, մի փոքր կաթ կամ հանքային ջուր ավելացրեք:

Տաքացրած թավայի (որը հարկավոր չէ յուղոտել, ուղղակի չոր-չոր տաքացնել) ուղիղ մեջտեղում (ես արագ լինելու համար պատրաստում եմ միաժամանակ երեք թավաների մեջ) լցնել կես շերեփ խմոր եւ չտարածել` ինչպես նրբաբլիթի խմորն են տարածում, այլ թողնել, որ խմորը մնա կենտրոնում, որքան ինքն իրեն տարածվի` բավարար է:  Եթե նախընտրեք ավելի փոքր չափսի բլիթները, կարող եք ոչ թե շերեփով լցնել խմորը, այլ` գդալով : Ի դեպ, կրակը շատ ուժեղ չանեք, միջինից մի փոքր պակաս:

Երբ կզգաք, որ խմորն արդեն բավարար չափով եփվել է` պղպջակներ են հայտնվել խմորի երեսին, բութ դանակով կամ թիակով մի փոքր բարձրացրեք կողքից, եթե վարդագունել է, շուռ տվեք: Թողեք մյուս երեսն էլ կարմրի, հանեք թավայից, դրեք ափսեի մեջ եւ վրա մի փոքր կտոր կարագ դրեք:

Կարագոտած բլիթի վրա դրեք հաջորդ բլիթը, կրկին վրան կարագի կտոր դրեք, հետո մյուսը, ապա մյուսը եւ այդպես շարունակ` չմոռանալով կարագի կտորը դնել բոլոր բլիթների վրա:

Ցանկալի է մատուցել տաք, գոնե` գոլ վիճակում: Եթե ավելանան, պոլիէթիլենային տոպրակով ծածկեք եւ դրեք սառնարան: Հաջորդ օրը տաքացրեք եւ մատուցեք:

Բլիթները համեղ են ինչպես իրենք իրենցով` առանց որեւէ այլ հավելումի, այնպես էլ` տարբեր հավելումներով: Օրինակ, իմ դուստրերը նախընտրում են ուտել դրանք` մի փոքր դարչին եւ շաքարավազ ցանած վրան, կամ վրան «Նուտելա» քսած եւ բանան կտրատած:

Այս բլիթները շատ համեղ են նաեւ թթվասերով կամ ձեր նախընտրած մուրաբայի հյութով:

Ի դեպ, այս բլիթներն այնքան ունիվերսալ են, որ կարելի է ոչ միայն պատրաստ լինելուց հետո տարբեր հավելումներ անել, այլեւ` պատրաստման ընթացքում: Օրինակ, մի անգամ ես անմիջապես խմորի մեջ ավելացրեցի մի բանան, որն այնքան էր հասել, որ արդեն ուտելու համար հարմար չէր, իսկ բանանով թխվածք թխելու ժամանակ չունեի: Բլիթները բուրում էին բանանով եւ շատ համեղ էին:

Մեկ ուրիշ անգամ շփոթվել էի եւ կաթի փոխարեն թան էի ավելացրել (այն ֆիրման, որի կաթնամթերքը ես օգտագործում եմ` գրեթե նույնական շշերի մեջ է արտադրում կաթն ու թանը), երբ նկատեցի, արդեն ամբողջ թանը լցրել էի, ստիպված մի քանի գդալ թթվասեր ավելացրեցի եւ ալյուրի քանակը շատացրեցի: Արտակարգ համեղ բլիթներ էին ստացվել:

Իսկ այսօր, երբ արդեն գրեթե ամեն ինչ լցրել էի խմորի մեջ, ալյուրս չբավարարեց: Քանի որ մոտակայքում ոչ մի խանութ առավոտյան ժամը 7-ին բաց չէ` ստիպված էի մի բան մտածել: Արդյունքում` խմորի մեջ ավելացրեցի փոխինձ: Բլիթներս ստացվեցին շատ բուրումնավետ եւ կարմրաթշիկ:

Մի վախեցեք փորձարկումներից` եթե, իհարկե,դրանք խելքին մոտ են:

Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930