2013-ի բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ-ը կոնկրետ առաջարկություններ ներկայացրեց կառավարությանը՝ գիտության ֆինանսավորման վերաբերյալ, սակայն դրանց, այսպես ասած՝ տոն չտվեցին:
Հրանտ Բագրատյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք հետամուտ են լինելու, որ գիտության ֆինանսավորումն ավելանա եւ արդեն նոր առաջարկ են ներկայացրել: Խոսքը բյուջեի 1%-ը գիտությանը հատկացնելու առաջարկի մասին է: Հրանտ Բագրատյանը արդեն կանխորոշում է պատասխանը՝ այն կմերժվի. «Բայց ի՞նչ անեմ ես: Ասեք՝ անեմ: Տեսա՞ք բյուջեի քննարկման ժամանակ ինչ են անում: Շատ տարօրինակ էր այսօր: Մենք նորմալ մեր հարցադրումներն ենք անում, երբ որ պետք է՝ ասում են չեք կարող հարց տալ, չգիտեմ ինչ…»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բյուջեի քննարկման ժամանակ շրջվեց եւ պարոն Բագրատյանին ակնարկեց՝ «Երբ դուք վարչապետ էիք, դուք էլ էիք այդպես պատասխանում, պարո՛ն Բագրատյան»: ՀԱԿ պատգամավորը մեզ հետ զրույցում այս առնչությամբ պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի այստեղ ժամանակը: Ոնց որ ես ձեզ ասեմ՝ ձեր շորը ճղվել է, դուք ինձ ասեք՝ ձեր ժամանակ ավելի շատ ճղված շորերով մարդիկ կային»: Հերմինե Նաղդալյանը նաեւ նշել էր, որ «Եղել է պահ, որ այս դահլիճում, ես պատգամավոր եմ եղել, քննարկվել է ուրիշ հարց՝ Հայաստանին գիտություն պետք չի, որովհետեւ Հայաստանը շատ փոքր է, եւ ինքը չունի հնարավորություն՝ գիտություն զարգացնելու համար: Պետք է փակել գիտական ինստիտուտները, որոնք սովետական համակարգից մեզ ժառանգություն են մնացել»:
Մենք Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցինք՝ ձեր ժամանակ չի՞ եղել, որ ուզեցել եք փակել գիտությունը, ասել եք՝ մեզ գիտություն պետք չէ, Հրանտ Բագրատյանն ապշեց. «Նո՛…նո՛..նո՛: Չի կարող այդպես լինել: Ես ձեզ հավատացնում եմ՝ առաջին անգամ եմ լսում այդպիսի բան: Իմ ժամանակ գիտությանը հատկացվող բյուջեի տոկոսն ավելի բարձր էր: Չի եղել այդպիսի բան: Ինքը տեղյակ չի: Ինձ չթողեցին պատասխանել Հերմինե Նաղդալյանին: Գագիկ Մինասյանը խնդրեց չպատասխանել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ