Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Գիտության, կրթության հանդեպ հոգատարության մասին հայտարարությունները իմիտացիայի ժանրից են»

Նոյեմբեր 04,2012 17:40

ԲՀԿ-ն բավականին լուրջ խոստումներ էր տվել՝ գիտության զարգացման հետ կապված: Անձամբ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ ծրագրեր է խոստացել իրականացնել: Aravot.am-ը ԲՀԿ խմբացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ձեր խոսքը գործ է, ու ե՞րբ եք պատրաստվում իրականացնել գիտաշխատողներին տված խոստումները, կամ պատրաստվո՞ւմ եք արդյոք իրականացնել առհասարակ:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք դրանք անպայմանորեն իրականացնելու ենք: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի բյուջեի նկատմամբ մեր վերաբերմունքը, մենք 2013-ի բյուջեում անպայմանորեն ներառելու ենք մեր առաջարկները՝ գիտության ֆինասավորման ավելացման: Ուզում եմ հիշեցնել, որ մենք առաջարկ ենք ներկայացրել խորհրդարանին գիտական եւ գեղարվեստական գրականությունն ընդհանրապես ազատելու ԱԱՀ-ից, սակայն վերջին քառօրյայում խորհրդարանը  ուղղակիորեն մերժեց այդ շատ կարեւոր նախաձեռնությունը ներառել օրակարգ: Գոնե քննարկեր: Այս ամենը պետք է դիտարկել այն համատեքստում, որ գիտության, կրթության հանդեպ հոգատարության մասին հայտարարությունները ուղղակիորեն իմիտացիայի ժանրից են: Որովհետեւ երբ որ ես ներկայացնում եմ կոնկրետ առաջարկ՝ մերժվում է: Ես դեռ նախորդ տարվա բյուջեում ներկայացրեցի առաջարկ, որ ազգային գրապալատին, իսկ գրապալատն ուղղակի ողբացյալ, խայտառակ վիճակում է, հատկացնեն վերանորոգման գումարներ՝ Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ: Դա եւս մերժվեց: Այսինքն՝ ամեն ինչ արվում է դեկլարատիվ հայտարարությունների մակարդակով: Որեւէ կոնկրետ առաջարկ ուղղակիորեն մերժվում է՝ տարբեր պատճառաբանություններով՝ կա՛մ գումար չկա, կա՛մ կան շատ ավելի կարեւոր առաջնահերթություններ»:

Մենք տիկին Զոհրաբյանին ներկայացրեցինք, որ գիտաշխատողների աշխատավարձը բարձրացնելու համար, օրինակ, խոշոր գումարներ պետք չեն: Ըստ հաշվարկների, անհրաժեշտ է մոտ 350-400 մլն դրամ, որպեսզի գոնե ակադեմիայի գիտաշխատողները ստանան միջին աշխատավարձ: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ «Ես ավելի փոքր գումարներ եմ ներկայացրել՝ մերժվել է: Ազգային գրապալատի համար, օրինակ, Չարենցի տպագիր մամուլի վերջին մեկ օրինակներն են պահվում, ամբողջը խոնավության մեջ, ամբողջը ցելոֆանապատված, կողքերը դույլեր դրած, որովհետեւ ձմռանն ու աշնանը անձրեւից եւ հալոցքից այդ ամենը փչանում է, դա եւս մերժեցին: Իհարկե, ես կրկնում եմ, գիտաշխատողների համար մենք ներկայացնելու ենք առաջարկներ, անկախ նրանից, թե բյուջեն ինչպիսին կլինի, եւ ինչպիսին կլինի բյուջեի հանդեպ մեր քվեարկությունը»:

Մեր հարցին՝ նոնսենս չի՞, որ այսօր մեր երկրում գիտությունը գերակա ոլորտ է հայտարարված, բայց գիտաշխատողները այդքան ցածր աշխատավարձ են ստանում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, դա մեր իրականության միակ նոնսենսներից չէ, ասեմ ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930