Նյու-Յորքում գրեթե 1/3-ով կրճատվել է հանցավորությունը` Սենդի փոթորիկի տարածման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հիմնվելով Նյու-Յորքի ոստիկանության տվյալների վրա:
Երկուշաբթի օրվանից` հոկտեմբերի 29-ից սկսված, մինչեւ նոյեմբերի 2-ը` հանցավորության ընդհանուր մակարդակը Նյու-Յորքում ընկել է մոտ 32 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Սպանությունների թիվը կրճատվել է 86 տոկոսով, բռնաբարությունները` 44 տոկոսով, ավազակային հարձակումները` 30 տոկոսով, զինված հարձակումները` 31 տոկոսով, գողությունները` 48 տոկոսով, եւ մեքենաների առեւանգումը` 24 տոկոսով:
Միայն ավազակային կողոպուտների թիվն է աճել` 3 տոկոսով: Դա բացատրվում է նրանով, որ, փրկվելով ջրհեղեղներից, շատերը լքել են իրենց տներն ու հիմնարկները, ինչից էլ օգտվել են չարագործները:
Սենդի փոթորիկը սկսվել է Կարիբյան ծովի ավազանում եւ հասել է մինչեւ ԱՄՆ արեւելյան ափը` կամաց-կամաց թուլանալով եւ իր հետ բերելով անձրեւներ եւ ուժեղ քամիներ; ԱՄՆ-ում աղետի զոհ են դարձել առնվազն 109 մարդ: Որոշ բնակավայրեր, այդ թվում` Նյու-Յորքը, մնացել են առանց էլեկտրասնուցման: Երեկ երեկոյան` նոյեմբերի 3-ին, էլեկտրասնուցումը հնարավոր է դարձել վերականգնել միայն Մանհեթենում: Բացի այդ` Սենդին զգալի վնաս է հասցրել քաղաքային մետրոյին եւ վերգետնյա տրանսպորտին: Փորձագետների գնահատմամբ` ընդհանուր վնասը, այդ թվում` փլուզումները, էկոնոմիկայի կանգից առաջացած կորուստները եւ հավելյալ ծախսերը, կազմում է մոտ 30-50 մլրդ դոլար: