Նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նվիրում Կոմիտաս վարդապետին» խորագրով գրական-երաժշտական երեկո. գրական մասը ներկայացնելու է Խորեն Լեւոնյանը, իսկ երաժշտական հատվածը` երիտասարդ մեներգիչ Արտակ Ալավերդյանը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակ Ալավերդյանը. «Հնչելու են Կոմիտասի աշխարհիկ կատարումները եւ, հավանաբար, մի քանի հոգեւոր երգեր: Ծրագիրը համարում եմ կարեւոր եւ արդիական: Առաջին անգամ գրական երեկոն կազմակերպելուց մտավախություն կար հետագա ընթացքի վերաբերյալ, բայց արձագանքները ճանապարհը շարունակելու հիմք հանդիսացան»:
Մեր զրուցակցի խոսքով. «Կոմիտասին միշտ պետք է նվիրվել: Նա չպետք է դառնա թանգարանային ինչ-որ մեկը, իսկ մենք պետք է շունչ տանք նրա գործերին: Դրանցից շատերը չեն հնչում կամ անքան էլ հայտնի չեն, այդ պատճառով յուրաքանչյուր համերգի ժամանակ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: Կոմիտասին քիչ են կատարում եւ ընթերցում. եւ առհասարակ` մաքուր երաժշտությունը: Քիչ են հաղորդումները վարդապետի եւ մեր մյուս մեծերի մասին: Մենք լուրջ երաժիշտներ ենք ունեցել եւ այժմ էլ ունենք, որոնք իրենց արվեստով մնայուն են, պարզապես պետք է անընդհատ շոշափենք նրանց գործերը»:
Արտակ Ալավերդյանը հավելեց, որ երեկոյի դաշնակահարուհին է Կատարինա Հովսեփյանը: Համերգն անց է կացվում ՀՀ վարչապետի աջակցությամբ:
Մանրամասներն ընթերցեք տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ