«Հայաստան» մարզական միությունում կայացավ «Առավոտ» օրաթերթի կազմակերպած սեղանի թենիսի ավանդական՝ 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ:
Մրցաշարը նպատակ ունի՝ առողջ ապրելակերպն ու մասսայական սպորտը տարածել նաեւ լրատվական դաշտում, այն դարձնել կենսակերպ: Միջոցառումը հինգերորդ տարին անընդմեջ հովանավորում է VivaCell-MTS-ը, որը տղամարդկանց եւ կանանց պայքարի հաղթողներին եւ մրցանակակիրներին շնորհում է վերջին մոդելների բջջային հեռախոսներ: Այս տարի առաջին անգամ մրցաշարի հովանավոր էր դարձել նաեւ Coca-Cola HBS Armenia-ն, որն առողջ ապրելակերպի մասսայականությունը լրատվական դաշտում ավելի տարածելու նպատակով արժեքավոր ժամացույցներով պարգեւատրեց երկու մրցաշարերում 4-6-րդ տեղերը գրավողներին:
Մրցաշարին մասնակցեցին 12-ից ավելի լրատվամիջոցների շուրջ 30 աշխատակիցներ: Տղամարդկանց պայքարում մրցանակային եռյակն ըստ հերթականության կազմեցին Հանրային Հեռուստաընկերության ներկայացուցիչներ Արսեն Թամազյանը, Էդուարդ Քալանթարյանը եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակից Սամվել Ջինանյանը: Կանանց մեջ հինգերորդ անգամ անընդմեջ հաղթեց «Երկիր մեդիայի» աշխատակցուհի Մարինե Կարապետյանը, երկրորդ տեղը գրավեց նրա գործընկերուհի Բիայնա Ստեփանյանը, իսկ մրցանակակիրների եռյակը եզրափակեց Վերոնիկա Ավետիսյանը (XSport.am):
«Առավոտ» օրաթերթից հանդես եկած չորս մասնակիցներն էլ չնայած մրցանակային տեղ չզբաղեցրին, սակայն մտան լավագույն վեցյակ եւ արժանացան Coca-Cola HBS Armenia-ի սահմանած մրցանակներին:
Կարդացեք նաև