Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն դժգոհեց իշխանություններից՝ միաժամանակ նախապատվություն տվեց գործող նախագահին

Նոյեմբեր 03,2012 22:25

«Հայաստանի անկախությունից 21 տարի հետո մեր ժողովրդի ակնկալիքները դեռ անկատար են մնում: Արտագաղթը վերածված է ազգային անվտանգության խնդրի, որի դեմն առնելու համար կառավարության քայլերը մնում են անբավարար,- այսօր կառավարության նիստերի դահլիճում ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը՝ ՍԴՀԿ 125 ամյակին նվիրված նիստի ժամանակ:

Նրա խոսքերով, արտագաղթի հիմնական պատճառը ՍԴՀԿ-ն համարում է երկրում օլիգախիկ համակարգի առկայությունը. «Հայաստանում կան մարդիկ, խմբավորումներ , որոնք իրենց օրենքից դուրս են համարում, ունեն տնտեսական մենաշնորհներ ու կարծում են, որ անպատժելի են: Չնայած սրան, կարող ենք արձանագրել, որ կառավարությունը քաղաքական կամք է ցուցաբերում նրանց օրինական դաշտ բերելու առումով, ինչը, ըստ մեզ, բավարար չէ: Օլիգարխային գործողությունները, ագրեսիվ պահվածքը Հայաստանի քաղաքացու մեջ առաջացնում են հիասթափություն ապագայի նկատմամբ: Օլիգարխային ավազակաբարո գործողությունների հետեւանքով շարքային քաղաքացին հասկանում է, որ պաշտպանված չէ եւ հեռանում է Հայաստանից: Բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, էվոլյուցիոն ճանապարհով՝ առանց ցուցումների: Միայն վստահ ենք, որ այդ փոփոխությունների հետեւանքով օրենքը կդառնա հավասար բոլորի համար»:

Ըստ պարոն Աճեմյանի, իրենց նպատակն է, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը. « Դրա մեջ ենք տեսնում մեր հայրենիքի հետագա զարգացումը, բարգավաճումը, անկախության պահպանումը, ապահովությունը եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը: Հայաստանում առկա ժողովրդավարության ճգնաժամի հարցում մեկ քայլ առաջ ենք կատարել: Նախորդ տարիների համեմատ բավական առաջնթաց ենք նկատում մամուլի խոսքի ազատության հարցում: Մոտ 10 տարի եթերից զրկված հեռուստաընկերությունը կրկին հնարավորություն ունի առանց գրաքննության ներկայացնել իր խոսքը հեռուստադիտողին: Հեռուստաեթերում՝ ամեն տեղ, տեսնում ենք ընդդիմադիր գործիչների , որոնք հնարավորություն ունեն հանրությանը ներկայացնել իրենց խոսքը: Բացի այս՝  նախկինում տեղ գտած հաշվեհարդարների եւ լրագրողների ու լրատվամիջոցներին ճնշելու արատավոր պրակտիկան այլեւս գոյություն չունի, ինչը, ըստ մեզ, վկայում է Հայաստանի մեջ քաղաքացիական հասարակության կայացման եւ այդ կայացմանը չխոչնդոտելու Հայաստանի կառավարության կամքի մասին»:

ՍԴՀԿ ատենապետի խոսքերով, ակնկալում են առաջիկա նախագահական ընտրությունների ազատ, թափանցիկ անցկացում. «Ազատ անցկացման պայմաններում կլինենք առաջինը, որ կշնորհավորենք նման պայմաններում ընտրված նախագահին ու պատրաստ ենք համագործակցել նրա հետ: Հայաստանում նախագահական ընտրությունները թիվ մեկ կարեւորագույն քաղաքական միջացառումն են , երկրի զարգացման հիմնական ուղենիշը: Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց ուղղված իշխանության քայլերը ոչ միշտ են, որ մեզ բավարարում են, բայց բարեփոխումների ընթացքը որոշակի լավատեսության հույսեր է ներշնչում»:

Պարոն Աճեմյանը հուսով է, որ կառավարության սկսած հակակոռուպցիոն միջոցառումները նախընտրական փուլով պայմանավորված չեն. «Ուստի կհորդորենք նոր թափ հաղորդել դրանց: Պատկան չինովնիկների անտարբեր, ոչ մասնագիտական գործողությունները քաղաքացիների նկատմամբ ընդվզում են առաջացնում, որը դրսեւորվում է ոչ թե փողոցում, այլ Հայաստանը լքելու ձեւով»:

Նա նաեւ ասաց, որ հաշվի առնելով՝ այս պահին ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը պաշտոնապես տեղի չի ունեցել, ՍԴՀԿ-ն ձեռնպահ է մնում սատարման մասին հայտարարություններ անել: Միաժամանակ պարոն Աճեմյանը հավելեց, որ նախապատվություն ունեն գործող նախագահի առումով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930