Այսօր արդեն 4-րդ անգամ Մոսկվա կինոթատրոնում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը, որը միջազգային անիմացիոն միակ կինոփառատոնն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Փառատոնը կտեւի 5 օր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրել անիմացիայի միջազգային վարպետների, երիտասարդ անիմատորների և պարզապես անիմացիայի սիրահարների: Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնը մեկնարկում է ֆրանսիական «Նկարը» անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ. Ֆիլմը սոցիալական խնդիրների մասին է:
«Ֆիլմերի դիտումներն անվճար են: Խնդիրը ոչ թե գումարն է, այլ ներկայացվող ֆիլմերը: Դրանք հիմնականում ձեռք են բերվել անվճար հիմունքներով, եւ մեզ չէինք կարող թույլ տալ դրանք վճարովի դարձնել: Ֆիլմը պետք է հասնի հանդիսատեսին»,- ասաց Քասունին:
Նրա խոսքով. «Փառատոնի ծրագրերը հիմնականում նույնն են, քանի որ աճպարարություններ չենք անում. Փառատոնը մնում է փառատոն: Մեծ փոփոխությունների հետեւից չեն վազում, այլ հետամուտ ենք հիմնական նպատակին` տարեցտարի բարձրացնել միջազգային փառատոնների շարքում զբաղեցրած մեր տեղը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ