Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են. ՀՀ վարչապետ

Նոյեմբեր 03,2012 17:02

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին վարչապետը նշել է. «Իմ խորին համոզմամբ՝ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից: Որքան ուժեղ լինեն Հայ ավանդական կուսակցությունները, որքան զորեղ լինեն նրանց կազմակերպչական կառույցներն ամբողջ աշխարհում, այնքան հզոր կլինի Հայ ժողովուրդը: Միշտ չէ, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ կիսում ենք գաղափարներ, միշտ չէ, որ համաձայն ենք, սակայն, ես իբրև Հայաստանի Հանրապետության Կառավարության ղեկավար և Հանրապետական կուսակցության փոխնախագահ ուզում եմ կրկին անգամ վերահաստատել, որ պատրաստ ենք համագործակցության բոլոր քաղաքական այն ուժերի հետ, որոնց խնդիրը միայն սևացնելը չէ, ովքեր առկա հարցերին մոտենում են սրտացավությամբ: Վստահ եմ, որ ՍԴՀԿ-ն հենց այդպիսինն է»:

Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը լի է մարտահրավերներով,  և դա ստիպում է հիմնական ուժերն ու ջանքերն ուղղել երկրի անվտանգության պահպանմանը։ Կառավարության ղեկավարն ասել է, որ սոցիալ-դեմոկրատական արժեքները պատշաճ ձևով պետք է ներկայացված լինեն Հայաստանի քաղաքական դաշտում և այդ առումով կուսակցությունն ունի լուրջ անելիքներ։

«Դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու,  մեր երկրում աղքատության ցուցանիշը շատ բարձր է, մարդկանց կենցաղը հեռու է իդեալական լինելուց: Բայց ես վստահ եմ, որ այս դժվարությունները ժամանակավոր են: Տեսնում ենք, որ Ձեր կուսակցությունն աշխարհով մեկ սփռված իր կառույցների միջոցով ներդրումներ է ուղղորդում  դեպի Հայաստան։ Դա վկայությունն է կուսակցության խոհեմության և իմաստության, որ կուտակել է 125 տարիների ընթացքում՝ հայրենիքի և հայ ժողովրդի շահերը վեր դասելով կուսակցական շահերից»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահական առաջիկա ընտրություններին՝ վարչապետը վստահեցրել է. «Ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ: Մենք ապահովելու են մրցակցային հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար և այդ առումով ունենք քաղաքական կամք և վճռականություն:

          Հարգելի բարեկամներ, ցանկանում եմ ելույթս ավարտել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` «Ողջ աշխարհում մեզ բոլորիս միավորում են հայոց իղձերն ու Հայաստանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակատագրի հետ: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքները»։ 

Պայքարենք, տոկանք հանուն ավելի լավ Հայաստանի, այն Հայաստանի, որը վաղն է գալու»:

Իր խոսքում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի Կառավարության գործողությունները լավատեսական հիմք են ներշնչում, ուստի, այս առումով  իրենք ունենք որոշակի համակրանք: «Չնայած մեր միջև առկա գաղափարախոսական հսկայական տարբերություններին, Վարչապետը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի խնդիրներով ապրող անձ է, ով մշտապես պատրաստ է լսել ցանկացած մարդու, իսկ ամենաշատը՝ իր ընդդիմախոսներին: Կարծում եմ, որ մեր երկիրը միայն օգուտ կքաղի նման պետական գործիչ ունենալով: Պարոն Վարչապետ, մենք տարբեր ենք մտածում, տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ ենք, սակայն, ընդունեք խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը: Մենք դեռ հսկայական ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհին մենք Ձեզ կգնահատենք և կքննադատենք, շատ դեպքերում չենք կիսի Ձեր տեսակետը, սակայն, համոզված եմ, որ բացախոսության և փոխադարձ հարգանքի այս մթնոլորտում շահողը կլինի մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Սեդրակ Աճեմյանը:

 

 

 ՀՀ կառավարության աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930