Այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կայացման փուլերը, զրուցել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից, ինչպես նաև պատասխանել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին և բանակի ձեռքբերումներին:
«ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքը, մշտապես գտնվում են հասարակության վերահսկողության ներքո»,- ասել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև նշել է. «Քսան տարվա պատմության ընթացքում մենք մշտապես ունեցել ենք քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ: Գրեթե բոլոր պաշտպանության նախարարներն էլ եղել են քաղաքացիական անձինք, բացի դրանից` առ այսօր բանակում իրականացվում է քաղաքացիական վերահսկողության տարաբնույթ գործողություններ: ՀՀ զինված ուժերը ծնվել են ժողովրդի ծոցից` մշտապես արտահայտելով հանրության կամքը: Սա է նաև մեր հաջողության գրավականը»: Խոսելով ՀՀ ԶՈՒ ձևավորման և կայացման առանձնահատկություններից` պաշտպանական գերատեսչության ղեկավարը թվարկել է մի քանի դրույթներ` մասնավորապես կարևորելով միասնության, սեփական հողին տեր կանգնելու և գրագետ հրամանատարության գործոնները:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցներին խորհուրդ է տվել ապավինել սեփական ուժերին և հիշել, որ հաջողության հասնելու համար պետք է երկարատև ու քրտնաջան աշխատանք իրականացնել:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ