Լրահոս
Օրվա լրահոսը

Porsche Cayenne GTS – Սպորտային ամենագնացների նոր առաջատարը

Նոյեմբեր 03,2012 14:20

Porsche Cayenne GTS-ը ընկերության սպորտային ամենագնացի տարատեսակների հիերարխիայում զբաղեցնում է բավականաչափ բարձր դիրք: Այն դասակարգվում է 400 ձիաուժանոց Porsche Cayenne S-ի եւ 500 ձիաուժանոց Cayenne Turbo-ի միջեւ եւ մինչեւ Turbo S-ի հրապարակ գալը երկրորդ հզորագույն Cayenne-նն է իր 4.8լ աշխ. ծավալով, 420 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Սա GTS-ի երկրորդ սերունդն է եւ ասպարեզ է հանվել 2012-ի ապրիլին Պեկինի միջազգային ավտոսալոնում, իսկ մենք՝ ավտոմոբիլային լրագրողների միջազգային խմբի անդամներս, հավաքվել ենք Լայպցիգում՝ Porsche-ի գործարան-սպասարկման կենտրոնում, որտեղի հատուկ սարքավորված վազքուղում եւ արտաճանապարհային փորձադաշտում էլ տեղի է ունենում մեր ծանոթությունը նոր մեքենայի հետ:

Նոր Cayenne GTS-ի արտաքինը հիմնականում կրկնում է Turbo-ին, հատկապես առաջնամասի ագրեսիվ ձեւավորմամբ, սակայն մի քանի շտրիխներով կարելի է տարբերել նրան: Մեքենայի վրա իսպառ բացակայում են քրոմապատ դետալները: GTS-ի ապակիների շրջանակները սեւ են, խլացուցիչների կրկնակի խողովակները՝ նույնպես, մի սեւ գիծ էլ բեռնախցիկի ներքնամասում կա: Բացի այդ, առջեւի լուսարձակների ապակիները եւ կանգազդանշաններն ավելի մգացված են, իսկ կողային դռների շեմերի սպոյլերները ներկվում են մեքենայի գույնով: GTS-ի կախոցներն ավելի կարճ են եւ սպորտային, որով մեքենայի ճանապարհածերպը 24 մմ-ով ավելի քիչ Է: Թվում է, թե այդ 2.4 սանտիմետրը մեքենայի չափերի ֆոնին դժվար թե որեւէ կերպ նկատվի, բայց իրականում GTS-ը դրա շնորհիվ ավելի սլացիկ եւ սպորտային է դիտվում: Մեքենան սարքավորվում է եւ’ սովորական զսպանակային կախոցներով, եւ’ ադապտիվ պնեւմոկախոցներով՝ մեքենայի թափքի դիրքի կարգավորման հինգ ռեժիմներով: Որպես ստանդարտ՝ առաջարկվում են 20 դյույմանոց անիվներ, բայց որպես հավելյալ սարքավորում կարելի է պատվիրել նաեւ 21 դյույմանոցներ: Մեքենայի ինտերիերը նույնպես առանձնապես չի տարբերվում: Որպես ստանդարտ՝ առաջարկվում է ալկանտարա թավշակաշի, իսկ անհատականացման կողմնակիցները կարող են պատվիրել հատուկ կարով եւ GTS մակագրություններով ինտերիեր: Հատուկ GTS-ի համար մշակվել են երկու առանձնահատուկ գույն՝ ալ կարմիր՝ Carmine Red, եւ դեղնականաչավուն՝ Peridot Metallic: Նոր GTS-ը ընկերության կողմից դիտարկվում է որպես Cayenne-ի ամենասպորտային տարբերակ, ինչի հետ, թերեւս, դժվար է չհամաձայնել, մանավանդ մրցարշավային վազքուղու վրա: Հիանալի կառավարվող GTS-ով ուղղակի գերագույն հաճույք է վարել մրցարշավային վազքուղով, հատկապես ամերիկյան Լագունա Սեկայի նշանավոր վազքուղու Խցանահան ոլորանի կրկնօրինակով, որի մրցարշավային բարեմասնությունները գնահատվել են բազմաթիվ տաղանդավոր մրցարշավորդների կողմից: Սակայն GTS-ի բոլոր բարեմասնությունները վեր հանելու համար հարկավոր է համեմատել այն այլ Cayenne-ների, օրինակ՝ 400 ձիաուժանոց Cayenne S-ի եւ Turbo-ի հետ: Հենց Turbo-ի հետ համեմատությունից հետո էլ պարզ կլինի, թե որքանով է սպորտային եւ կառավարվող GTS-ը: Չէ որ Turbo-ն իր 500 ձիաուժանոց շարժիչով այսօր ամենաարագընթաց եւ թանկարժեք Cayenne է, որը 100 կմ/ժ արագությանը հասնում է ընդամենը 4.7 վայրկյանում, մինչդեռ GTS-ի այս ցուցանիշը մեկ վայրկյանով ավելի է: Բայց եկեք, առաջ չընկնենք: Չնայած Turbo-ի հզորությանը եւ արագությանը, GTS-ը ավելի հասկանալի եւ կանխատեսելի է իրեն դրսեւորում: Այն, կարելի է ասել, ավելի արագ եւ հաստատուն է անցնում ոլորանները, մինչդեռ Turbo-ն իրեն դրսեւորում է ուղղաձիգներին: Իմ սուբյեկտիվ տպավորությունով, GTS-ը շրջանն անցնելու արագությամբ համարյա չի զիջում Turbo-ին, իսկ վարման հաճույքի տեսակետից ինձ ավելի դուր եկավ: Այն ավելի հղկված եւ հավասարակշռված է՝ հստակ ռեակցիաներով, ղեկանիվի ճշգրիտ դարձերով եւ 8 աստիճանով Tiptronic ավտոմատ փոխանցումատուփի արագ եւ հարմար աշխատանքով: 2085 կգ կշռող GTS-ը, որը մոտ 100 կգ-ով թեթեւ է Turbo-ից, ավելի ճարպիկ է եւ ճկուն: Ի դեպ, նախորդ սերնդի համեմատ նոր Cayenne-ները քաշի կորուստ են ունեցել, որի հիմնական մեղավորներից է նաեւ իջեցնող փոխանցումաշարքի բացակայությունը: Նախորդ սերնդի Cayenne-ն աչքի էր ընկնում նախանձելի անցունակությամբ, որի կռվաններից մեկն էլ իջեցնող փոխանցումաշարքն էր: Նոր սերնդի Cayenne-ները զուրկ են այդ սարքավորումից, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնորդների ընդամենը չնչին՝ մի քանի տոկոսն է ընդհանրապես օգտվում դրանից: Այդ պատճառով էլ ավելորդ քաշ ձեռք չբերելու համար որոշվեց նոր սերնդի մեքենաներին չզինել այդ արտաճանապարհային օժանդակ սարքավորումով եւ բավարարվել միայն չորս տանող անիվների համակարգով: Նախկին խորհրդային զորքերի տանկային փորձադաշտի ամենատարբեր խոչընդոտները՝ 60 տոկոսանոց բարձունքները, 35 աստիճանով թեքությունները, ջրային եւ փոսային հատվածները Porsche-ն անցնում է անխռով ու հանգիստ, առանց դույզն-ինչ անհանգստության եւ տագնապի: Փորձադաշտի ոչ մի հատվածում չզգացվեց իջեցնող փոխանցումաշարքի անհրաժեշտությունը: Ինչու է հարկավոր դա, եթե մեքենան իր բազմաթիվ էլեկտրոնային համակարգերով կարողանում է հաղթահարել բոլոր խոչընդոտները. այնպես որ, կարծում եմ Porsche-ում ճիշտ որոշում են կայացրել այս առումով եւ Cayenne-ին ամենագնացից դարձրել են քրոսսովեր: Հաջողությամբ ավարտելով այս արտաճանապարհային վարժությունները՝ մենք կրկին տեղափոխվում ենք մրցարշավային վազքուղի, որտեղ, ինչպես նախորդ մեր այցելության ժամանակ, Porsche-ի թեստ-դրայվերները ցույց են տալիս Cayenne-ի հնարավորությունները էքստրեմալ վարման պայմաններում, իսկ մենք էլ՝ ավտոմոբիլային լրագրողների միջազգային խմբի անդամներս, ըմբոշխնում ենք այդ ֆանտաստիկ դրայվը՝ որպես ուղեւորներ: Հենց այսպիսի բարձր նոտայով էլ ավարտվում է մեր այցը Լայպցիգ եւ ծանոթությունը նոր Cayenne GTS-ի հետ, որի արդյունքում գծագրվում է թանկարժեք սպորտային քրոսսովերների դասի նոր առաջնորդի իրական պատկերը:

ԵՐՎԱՆԴ ՂԱՐԻԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930