Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. «Անհրաժեշտ են անկախ արհմիություններ»

Նոյեմբեր 03,2012 14:16

Հարցազրույց նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Ղահրամանլիի հետ

– Խորհրդային տարիներին համարվում էր, որ աշխատողների շահերը պաշտպանում են արհմիությունները: Իսկ ո՞վ է այսօր Ադրբեջանում պաշտպանում աշխատողների իրավունքները, եւ ո՞ր ոլորտներում են գործում դրանք:

– Խորհրդային տարիներին գործող արհմիություններին «կարմիր» էին անվանում: Հիմա այդ կարգի արհմիությունները նոր անուն ունեն` «դեղին», եւ դրանք գործատուների վերահսկողության տակ են: Անկախության ձեռքբերումից հետո սկսվեց անկախ արհմիությունների կազմավորման յուրատեսակ գործընթաց: Հպարտությամբ եմ հայտարարում, որ ես նավթային սեկտորի անկախ արհմիության հիմնադիրներից մեկն եմ: Բայց, ցավոք, այն երկարակյաց չդարձավ: Ամեն ինչ սկսվեց երկիր անդրազգային կորպորացիաների մուտքով: Ցանկացած վայրում հայտնվելուն պես դրանք ձգտում են փոփոխություններ մտցնել տեղական աշխատանքային օրենսդրության մեջ` զուգահեռաբար փորձելով նվազեցնել գործող արհմիությունների դերը: Այդպես 1999 թ. փոփոխություններ մտցվեցին Ադրբեջանի Աշխատանքային օրենսդրությունում:

Այսպես կոչված «դեղին» արհմիությունները ԱՀ Պետական Նավթային Ընկերությանը կից գործող ոչ ֆորմալ կառույցներ են: Մենք բոլորս տեսնում ենք աշխատավորների` իրենց իրավունքների պաշտպանության փորձերը, գործադուլները, նավթագործների կողմից պահանջներ ներկայացնելը, բայց դրա հետ մեկտեղ մի՞թե որեւէ մեկը երբեւէ լսել է արհմիությունների պաշտոնական հայտարարությունների մասին: Աշխատավորները փորձում են ստեղծել անկախ արհմիություններ: Այսպես, 2005 թ. «Մակդերմոտ» ընկերության (նավթային ծրագրերում որպես կապալառու մասնակցող ամերիկյան կազմակերպություն – խմբ.) աշխատողները փորձեցին անկախ արհմիություն ստեղծել, բայց հայտնվեցին, այսպես կոչված, «դեղին» արհմիությունները եւ խոչընդոտեցին դրան: Այդ «դեղին» արհմիությունները միայն անդամավճար հավաքելով են զբաղված:

Այսպիսին է վիճակը հանրապետության ամենահզոր նավթագազային արդյունաբերության ոլորտում, էլ ինչ ասես մյուս ոլորտների աշխատավորների իրավունքների պաշտպանության մասին: Արհմիություններ կան ցանկացած պետհիմնարկում, բայց դրանք հենց այն նույն «դեղիններն» են, որոնց մասին արդեն խոսեցի: Ադրբեջանում կա Արհմիությունների ընկերակցությունների կոնֆեդերացիա՝ բոլոր ոլորտները ներկայացնող 31 արհկոմիտեներով: Անդամների քանակը 1 մլն 600 հազար է:

– Որքանո՞վ է արհմիությունների գոյությունը բխում Ադրբեջանի իշխանությունների շահերից: Ի՞նչ քաղաքականություն է վարում Ադրբեջանի գործադիր իշխանությունն աշխատավորների անկախ միությունների նկատմամբ:

– Վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունները հետաքրքրված չեն անկախ արհմիությունների ստեղծման հարցով: Ինչ վերաբերում է՝ ի դեմս արդարադատության նախարարության, գործադիր իշխանությանը, ապա այն պարզապես չի գրանցում անկախ արհմիություններին: Նաեւ այն պատճառով, որ հենց ինքը՝ Կոնֆեդերացիան, դա չի ուզում: Չէ՞ որ անկախ արհմիություններ ունենալը նշանակում է ստանալ գործադուլներ, աշխատանքային պայմանների բարելավման, աշխատավարձի բարձրացման եւ հաշվետվության հստակ պահանջներ:

– Ինչպե՞ս են արհմիություններին կամ աշխատավորների իրավունքներով զբաղվող այլ կազմակերպություններին վերաբերվում անդրազգային ընկերությունները, տեղական եւ արտասահմանյան ձեռներեցները:

– Դրանք բոլորը բարեհաճ չեն անկախ արհմիությունների նկատմամբ: Օրինակ, 2009 թ.-ին սինգապուրյան Caspian Shpyard ընկերությունը աշխատանքից հեռացրեց այդ ընկերությունում գործող արհմիության նախագահին եւ փոխնախագահներին: Պատճառը ընկերության աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու եւ աշխատանքային պայմանները բարելավելու պահանջներն էին:

Արհմիությունների մասին օրենքի համաձայն` առանց վերադաս մարմնի որոշման այդ արհմիության ղեկավարությանը չէր կարելի ազատել: Սակայն այդ վերադասը` Նավթագազային արդյունաբերության աշխատավորների արհմիությունը, նրանց չպաշտպանեց: Եվ աշխատանքից ազատումը բարեհաջող ի կատար ածվեց:

Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիան կառավարության եւ գործատուների ձեռքում խամաճիկային մի կառույց է: Գործատուները խոչընդոտում են այլընտրանքային արհմիությունների ձեւավորմանը: Այդպես են վարվում նաեւ Ադրբեջանում գործող անդրազգային ընկերությունները, իսկ Կոնֆեդերացիան չի պաշտպանում օրենքի խախտումներով աշխատանքից հեռացված աշխատավորների իրավունքները: Ըստ օրենքի, արհմիություն ստեղծելու համար բավական է 7 մարդու անդամակցումը: Բայց աշխատանքից ազատելու սպառնալիքներով գործատուները թույլ չեն տալիս դա անել: Մեր երկրում արդար դատարանների բացակայության պայմաններում քաղաքացիները գերադասում են առճակատման չգնալ գործատուների հետ:

– Ինչպե՞ս են գործնականում պաշտպանվում աշխատավորների իրավունքներն Ադրբեջանում, կա՞ն, արդյոք, նման գործերով դատական հայցեր:

– Ադրբեջանում աշխատավորների իրավունքները չեն պաշտպանվում: Ուզում եմ հիշեցնել, որ Աշխատանքային օրենսգրքում նոր բաժին էր ավելացվել, որի համաձայն՝ հիմա առանց արհմիության համապատասխան թույլտվության աշխատողը չի կարող ազատվել մշտական աշխատանքից: Բայց դա էլ չփոխեց ընդհանուր պատկերը: Հիմա արհմիության ղեկավարն առանց ավելորդ հարցերի ստորագրում է, որ դեմ չէ սրան կամ նրան աշխատանքից ազատելուն:

«Բալախանինեֆթ» ընկերությունում մի այսպիսի զավեշտալի դեպք եղավ: Անօրինական կարգով աշխատանքից ազատված մի կնոջ հայցով դատավարության ժամանակ ընկերության` պատասխանողի, անունից հանդես էր գալիս այդ ընկերության արհմիության նախագահը: Սա արհմիությունների անկախության բացակայության վառ ապացույց է:

Եթե գործարանի կամ ձեռնարկության բանվորը մի բան անի իր ղեկավարության կամքին հակառակ, անմիջապես կկորցնի աշխատանքը: Այս պահին արհմիությունները գոյություն ունեն այն 2 % -ների հաշվին, որոնք պահվում են նավթագազային ոլորտի ձեռնարկությունների հաշվապահությունների կողմից: Արժե հարցնել, թե ի՞նչ է նա ստանում իր վճարի դիմաց: Լավագույն դեպքում` 5-օրյա հանգիստ Նաբրանիում (հանգստավայր՝ Կասպից ծովի ափին – խմբ.): Ի դեպ, նման ուղեգրի, առավել եւս` չնչին նյութական օգնությանը ոչ բոլորն են արժանանում:

ԱՀ Աշխատանքային օրենսգրքի 309 հոդվածով արհմիություններին մեծ իրավասություններ են տրված: Այդ հոդվածում բազմաթիվ կետեր կան: Արհմիությունները պետք է ձեռնարկություններում հասարակական վերահսկողություն իրականացնեն այդ կետերի ի կատար ածելու հարցում: Բայց իրականում արհմիություններն ինչով ասես չեն զբաղվում, բացի օրենսդրական պահանջների բավարարման հարցից: Ձմռանը արհմիությունները դուրս չեն գալիս իրենց աշխատասենյակներից, քանի որ ցուրտ է: Ամռանը՝ քանի որ շատ շոգ է: Պարզ ասած, արհմիություններն իրենց աշխատողների փողերի հաշվին մշտական հանգստի մեջ են: Կարեւոր է ընդունել, որ արհմիություններին աշխատողները չեն ընտրում, դրանք անկախ կազմակերպություններ չեն եւ չեն կատարում անկախ կառույցի իրենց գործառույթները:

Ես, իհարկե, կուզեի, որ իմ երկրում արհմիությունները խղճով կատարեին իրենց պարտականությունները: Ոչ մի բացատրություն չունի այն, որ մարդկանցից փող են վերցնում եւ չեն պաշտպանում նրանց իրավունքները: Ես կուզեի, որ շատ պաշտոնյաներ հասկանային, որ նրանք պետական ծառայողներ են եւ օրենքի պահանջներին առաջին հերթին իրենք պիտի հետեւեն:

2011 թ.-ին նավթագործների իրավունքների պաշտպանության մեր Կոմիտեն 45 դատական հայց ներկայացրեց նավթային սեկտորում աշխատողների ոտնահարված իրավունքների պաշտպանության համար: Դրանցից միայն 23 դատական հայցերը շահեցինք, ընդունվեցին ոլորտի աշխատողների օգտին որոշումներ: 2012 թ.-ի 10 ամիսների ընթացքում մենք 50 դատական հայց ենք ներկայացրել, որոնցից այսօրվա դրությամբ բավարարվել են 20-ը, մնացածը քննության փուլում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930