Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. «Ինչպե՞ս են պաշտպանվում աշխատավորների իրավունքները Հայաստանում»

Նոյեմբեր 03,2012 14:03

Ովքե՞ր եւ ինչպե՞ս են Հայաստանում եւ Ադրբեջանում պաշտպանում աշխատավորների իրավունքները: Ի՞նչ են ներկայիս արհմիությունները եւ գործնականում ինչո՞վ են զբաղված: Ի՞նչ կապ կա աշխատավորների եւ արհմիությունների միջեւ: Այս մասին են ստորեւ ներկայացված հարցազրույցները ոլորտով զբաղվող հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի

եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Ինչպե՞ս են պաշտպանվում աշխատավորների իրավունքները Հայաստանում

Հարցազրույց «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» միության իրավաբան Էլեն Մանասերյանի հետ

– Խորհրդային տարիներին համարվում էր, որ աշխատավորների շահերը պաշտպանում են արհմիությունները: Իսկ ո՞վ է այսօր Հայաստանում պաշտպանում աշխատավորների իրավունքները, եւ ի՞նչ ոլորտներում են գործում արհմիությունները:

– Աշխատավորների իրավունքների նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն է: Աշխատավորների իրավունքների պաշտպանության նկատմամբ ոչ պետական հսկողություն իրականացնում են արհմիությունները: Հայաստանում գործում է «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» հանրապետական միությունը (ՀԱՄԿ), որը միավորում է տարբեր ոլորտների 24 ճյուղային արհմիությունների՝ 238933 անդամներով: Այս երկու կառույցների գործունեության միջեւ կա տարբերություն. աշխատանքի պետական տեսչությունը վերահսկում է գործատուի կողմից աշխատանքային իրավունքի ոլորտը կարգավորող իրավական ակտերի կիրառումը, իսկ արհմիությունը գործատուին է ներկայացնում եւ պաշտպանում իր անդամների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը:

Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում աշխատավորները մշտապես չեն դիմում արհմիություններին կամ աշխատանքի պետական տեսչությանը: 2010թ. անցկացված հետազոտությունից հետո պարզվեց, որ աշխատավորները վատ են իրազեկված իրենց աշխատանքային իրավունքների եւ արհմիությունների գոյության մասին, նաեւ չեն վստահում նրանց (ՀՀ տարածքում 1205 երիտասարդ հարցվածների 52,0%-ը չգիտեր արհմիության գոյության մասին, իսկ 10,4%-ը նշել էր, որ չի հավատում արհմիությունների օգնությանը): Ինչ խոսք, պատճառները շատ են. կա գործազրկության բարձր մակարդակ, ինչը շատ է կաշկանդում աշխատողին իր իրավունքների պաշտպանության հարցում: Պաշտոնական տվյալներով՝ գործազրկության մակարդակը հասնում է 20,9%: Իրազեկվածության այս բացը հնարավորինս լրացնելու համար ՀԱՄԿ-ը կազմակերպում է տեղեկատվական արշավներ՝ սեմինարներ, դասընթացներ, ակցիաներ: Հայաստանում գործատուների կողմից հիմնականում խախտվում է աշխատողի հանգստի եւ դրա վարձատրության իրավունքը: Լինում են անօրինական կերպով աշխատանքային պայմանագրերի լուծման դեպքեր: Մինչեւ վերջերս չափազանց շատ էին դեպքերը, երբ աշխատողի հետ կնքում էին որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր այն դեպքում, երբ օրենքով պետք է պայմանագիրը լիներ անորոշ ժամկետով: Շատ են ժամանակավոր անաշխատունակության նպաստների չվճարման, առանց աշխատանքային պայմանագրեր կնքելու հատկապես սպասարկման եւ շինարարության ոլորտներում աշխատողներ պահելու դեպքերը:

– Որքանո՞վ է արհմիությունների գոյությունը բխում Հայաստանի իշխանությունների շահերից: Ի՞նչ քաղաքականություն է վարում Հայաստանի գործադիր իշխանությունը աշխատողների տարբեր միությունների նկատմամբ:

– Սոցիալական գործընկերության շրջանակներում մենք համագործակցում ենք կառավարության, տարբեր գերատեսչությունների, գործատուների հանրապետական միության հետ: Իհարկե ունենում ենք տարաձայնություններ, բանավեճեր, զիջումներ եւ ձեռքբերումներ, եւ ես բարձր եմ գնահատում համագործակցության այդ հնարավորությունը: Եթե նախկինում արհմիությունների հիմնական աշխատանքն անդամավճարներից գոյացած գումարով աշխատողներին միայն նյութական օգնություն ցուցաբերելը կամ միջոցառումներ կազմակերպելն էր, ապա այսօր արհմիությունները նաեւ կարողանում են, կառավարության հետ համագործակցության միջոցով, ազդել եւ երբեմն նաեւ փոխել աշխատանքային իրավունքի ոլորտում առկա դիրքորոշումները:

Խորհրդային միության փլուզումից հետո, 2009թ. ապրիլի 29-ին կնքվեց ՀՀ-ում առաջին կոլեկտիվ հանրապետական պայմանագիրը, որը ձեռքբերում եմ համարում մեզ համար: Սոցիալական գործընկերության մշակույթը նորություն էր մեր հանրապետությունում եւ աշխատանքային իրավունքի ոլորտում, չնայած դրա կարեւորությանը, այն չէր կիրառվում Խորհրդային միության տարիներին: Կոլեկտիվ պայմանագիրը եւ կոլեկտիվ բանակցություններն արհեստակցական կազմակերպության կարեւորագույն գործիքն են, քանի որ կոլեկտիվ պայմանագրով սահմանվում են դրույթներ, որոնք առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում աշխատողների համար, քան նախատեսված է օրենսդրությամբ: Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը հանրապետությունում սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման հիմնաքարն է:

– Ինչպե՞ս են արհմիություններին կամ աշխատողների իրավունքներով զբաղվող այլ կազմակերպություններին վերաբերվում անդրազգային ընկերությունները, արտասահմանյան եւ տեղական ձեռներեցները:

– Ինչպես արդեն նշեցի, աշխատողների իրավունքների նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, իսկ ոչ պետական հսկողություն՝ արհմիությունները:

Միանշանակ չի կարելի ասել, որ արտասահմանյան ներդրողներն ավելի շատ են խախտում աշխատողների աշխատանքային իրավունքները Հայաստանում, քան տեղական ձեռնարկությունները:

Իհարկե գործատուն վերապահումով է մոտենում արհմիություններին, որովհետեւ արհմիությունն անընդհատ պահանջներ է ներկայացնում, խնդիրների մասին է բարձրաձայնում: Այսօր կան 24 տարբեր ոլորտների ու ճյուղերի ձեռնարկություններ, որտեղ աշխատավորներն ինքնուրույն կազմակերպվել ու ստեղծել են իրենց արհմիությունը եւ կարողանում են բանակցել գործատուի հետ: Աշխատողի օգտին տրված լուծումները (կլինեն դրանք արհմիության, թե գործատուի միջոցներից), բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը, ինչը շահեկան է նաեւ գործատուի համար:

Անդամակցելով արհմիությանը՝ աշխատողը վճարում է կանոնադրությամբ սահմանված անդամավճար, որը, որպես կանոն, կազմում է նրա ամսական աշխատավարձի 1%-ը:

– Ինչպե՞ս են գործնականում պաշտպանվում աշխատողների իրավունքները Հայաստանում, կա՞ն, արդյոք, նման գործերով դատական հայցեր:

– 2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀԱՄԿ-ի աջակցությամբ դատարան են դիմել 3 աշխատողներ իրենց աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ հայցադիմումներով:

ՀԱՄԿ-ը տարեկան մոտ 80-100 գրավոր եւ 300 բանավոր՝ հեռախոսով կամ այցերի միջոցով, բողոքներ է ստանում եւ ընթացք տալիս դրանց: Վերջին 5 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գնալով բողոքներ ստանալու դինամիկան նվազում է: Դրա պատճառը հանրապետությունում գործազրկության բարձր մակարդակն է եւ աշխատատեղը կորցնելու աշխատողի մտավախությունը:

Այնուամենայնիվ, ունենք դատական շահած գործեր, երբ աշխատողը վերականգնվել է աշխատանքում եւ ստացել ոչ իր մեղքով պարապուրդի գումարը: Եղել են նաեւ դեպքեր, երբ գործը չի հասել դատարան. մեր՝ գործատուին ուղղված գրության համաձայն, որտեղ մենք նշել ենք խախտումները եւ դրանց հնարավոր հետեւանքները, աշխատողը վերականգնվել է աշխատանքում: Ունեցել ենք դեպքեր, երբ աշխատողին չեն վճարել արձակուրդային գումարները եւ նորից մեր խորհրդատվության արդյունքում նա ստացել է իրեն հասանելիք գումարները:

Այս պահին կա աշխատողի կողմից մեր աջակցությամբ Եվրադատարան ուղարկված գործ, որտեղ վիճարկվում է աշխատողին անօրինական կարգով կարգապահական տույժի նշանակումը եւ այդ հիմքով աշխատանքից ազատումը:

ՀԱՄԿ-ի կողմից իրականացվող խորհրդատվություններն ու իրավաբանական ծառայություններն անվճար են:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան աշխատում է նաեւ պոտենցիալ միգրատների հետ: Հիմնականում իրականացնում ենք տեղեկատվության տարածման աշխատանքներ: Արտերկրում հարկադիր աշխատանքի կամ աշխատանքային թրաֆիքինգի զոհ դառնալուց խուսափելու նպատակով: Այս աշխատանքների շրջանակներում մենք եղել ենք ՀՀ բոլոր մարզերի առավել խոցելի քաղաքներում եւ համայնքներում, որտեղ ապահովել ենք տեղեկատվություն եւ խորհրդատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930