Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Ղազարյան. «Ես կաշկանդված չեմ եղել ժամանակավոր ռեժիմների պարտադրանքով»

Նոյեմբեր 03,2012 13:57

Շուշան Ղազարյանը:

Զոհված՝ հերոս Շահեն Մեղրյանի եղբայրը՝ Պետրոսը:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանում 2 օր առաջ տեղի ունեցավ հրապարակախոս, լրագրող Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» գրքի շնորհանդեսը:

Մինչ Հայաստան գալը, Պրահայում բնակվող մեր գործընկերոջը գրքի հրատարակման համար առաջինը շնորհավորել էին Պրահայի Կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ (Չեխիայում Հայաստանի դեսպանատան եւ «Օրեր» ամսագրի աջակցությամբ):

Շուշան Ղազարյանն իր այդ գրքում, որի անդրանիկ հատվածները լույս են տեսել դեռեւս 90-ականներին «Ավանգարդ» երիտասարդական թերթում եւ անցյալ տարվանից էլ «Առավոտում», պատմում է ղարաբաղյան շարժման տարիների, Մոսկվայում ընթացող ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հայ պատգամավորների գործունեության մասին: Այսինքն՝ մի այնպիսի ժամանակահատվածի, որի մասին ցանկացած վավերագրություն պատմական մնայուն արժեք է:

Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» գրքի հերոսներից շատ քչերն էին կարողացել միջոցառմանը գալ. ոմանք հեռացել էին կյանքից, ոմանք գամված էին անկողնուն, ոմանք էլ……մոռացված ու կորուստներով լի ժամանակների ականատես վկաները դարձան: Ներկա էին ԽՍՀՄ պատգամավորներ Գոհար Ենոքյանը, Մելանյա Միրզոյանը, Բավական Մնացականյանը, Սանամ Մարգարյանը: Մոսկվայից հեռագրեր էին ուղարկել Սուրեն Հարությունյանը, Օլեգ Լոբովը, Վլադիմիր Սուրկովը, Նորայր Մուրադյանը:

Ճանաչված հրապարակագիրն իր վրա վերցրեց այս դեպքում պետության դերը, իր հերոսներից յուրաքանչյուրին նրկայացնելով հայանպաստ, մարդկային, բարոյական հարթության վրա: Նա պետության օտարված սիրո զգացումը հաղորդեց իր այս գրքում՝ փոխանցելով ժողովրդի սերն այն ժամանակվա երբեմնի հերոսների նկատմամբ:

Հուզիչ էին հատկապես թե Սերգո Երիցյանի, թե հրապարակախոսության մոհիկան Մարգո Ղուկասյանի, թե ԽՍՀՄ պատգամավոր Գոհար Ենոքյանի, թե հատկապես մեր գործընկերոջ՝ «Խաչվածի..»՝ հեղինակի խոսքը:

Շուշան Ղազարյանն ասաց. «Միգուցե այստեղ ավելին ասվեց, քան արժանի էր մի լրագրող, որովհետեւ ես պարզ լրագրող եմ եւ ընդամենն ազնվորեն կատարել եմ իմ գործը: Անկեղծ եմ ասում, դա ոչինչ է իմ հերոսների ապրածի ու աշխատանքի դիմաց»:

Շուշան Ղազարյանն ասաց. «Ես ունեցել եմ մի շատ կարեւոր առավելություն. ես կաշկանդված չեմ եղել քաղաքական ժամանակավոր ռեժիմների պարտադրանքով, եւ ինձ վերապահել եմ սխալվելու իրավունքը»:

Ելույթ ունեցողներից շատերը հորդորեցին, որ այն թարգմանվի այլ լեզուներով: Շատերը չգիտեն, որ գիրքը լույս է տեսել Շուշան Ղազարյանի միջոցներով, իհարկե՝ «Տիգրան Մեծ» հրատարակչության բարձրորակ մատուցմամբ:

Շուշան Ղազարյանը համոզված է, որ գալու են մեր պատգամավորներին հիշելու եւ գնահատելու ժամանակները. «Ժամանակը կհոսի իր բնական հունով, պատմության ինքնահորդան սելավը կքշի, կտանի աղբն ու թափոնը, սուտ փառքերի կածանները կփակվեն փուշ ու տատասկով, ու կմարեն դատարկ դհոլի անմիտ աղմուկները մեր Երկրում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930