Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրություններում որոշվում է 2018թ. ճակատագիրը»

Նոյեմբեր 03,2012 13:34

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ նախագահի թեկնածուների առաջադրման հարցում քաղաքական ուժերի  լռությունը պայմանավորված է ժամանակից շուտ չթիրախավորվելու մարտավարությամբ: Իսկ  «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ այդ լռությունը պայմանավորված է ներքին եւ արտաքին ազդակների սպասումներով:

Գառնիկ Իսագուլյան- Ես կարծում եմ՝ ամեն մեկը որդեգրել է որոշակի մարտավարություն: Բնականաբար, իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը միշտ  ի սկզբանե հայտարարում է իր վերաառաջադրվելու մասին: Եվ քանի որ գործող նախագահը եւս մեկ ժամկետ պաշտոնավարելու իրավունք ունի, բնականաբար,  ՀՀԿ-ի մոտ այդ հարցն ի սկզբանե լուծված է, եւ նրանք որեւէ այլ խնդիր  չունեն: Իսկ մնացած քաղաքական  ուժերը, կարծում եմ, այս անգամ որդեգրել են շատ պարզ  մարտավարություն. այն է՝ ժամանակից շուտ չդառնալ թիրախ տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում եւ՝ իշխանությունների համար: Եվ դրա համար, կարծում եմ, ինտրիգը կպահպանվի մինչեւ առաջադրումների պաշտոնական մեկնարկը, որից հետո միայն քաղաքական ուժերը կասեն իրենց իրական անելիքները: Եվ մի բան էլ. ինչքան ինտրիգը երկար է մնում, հասարակության մեջ իրենց մասին խոսակցություններն ավելի մեծ քննարկման նյութ են դառնում, եւ դա  նաեւ ինչ-որ տեղ  PR ակցիա է:

Ս. Սաֆարյան- Հայաստանի նախագահական ընտրությունների պատմության մեջ   չեմ հիշում մի դեպք, երբ գործող իշխանությունը  2 տարի առաջ հայտարարի, թե ով է լինելու իր թեկնածուն, եւ ակնկալի այլ քաղաքական ուժերի աջակցությունը: Խոսքս վերաբերում է 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հայտնի հուշագրին: Ինչի մասին է խոսում սա. այն մասին, որ իշխող կուսակցությունն ինքն էլ գիտակցում էր, որ քաղաքական խճանկարը  մի փոքր ավելի բարդ է, ուժերի հարաբերակցությունն ու փոխհարաբերությունը՝ մի փոքր ավելի տարօրինակ, քան կարող էր լինել, եւ շտապելու խնդիր կար: Հետեւաբար՝ արձանագրենք, որ շտապելն ընկած է ՀՀԿ-ի ռազմավարության հիմքում: Եվ սա է պատճառը, որ այն ամիսներ շարունակ փորձում է շտապեցնել ուրիշներին՝ հայտարարելու իրենց թեկնածուների մասին:  Քաղաքական դաշտում միակ ուժը, որին անորոշության պահպանումն ինչ-որ առումով բերում է դիվիդենդներ եւ կշիռ է հաղորդում, դա  հավանաբար «Բարգավաճ Հայաստանն» է: Ես չեմ կարծում, որ մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք չեն  հայտարարում  իրենց մասնակցության  ձեւաչափի եւ մտադրությունների մասին, դա անում են հաճույքով եւ գիտակցելով, որ դա իրենց օգուտ կբերի: Մյուս կողմից՝ իշխանության համար այս անորոշության ավարտը՝ ցանկացած ձեւով՝ կլինի դա ԲՀԿ-ի՝ կոալիցիոն հուշագրին տեր կանգնելու եւ Սերժ Սարգսյանին սատարելու, թե ճիշտ հակառակի տեսքով, միեւնույն է՝ բխում է ՀՀԿ-ի շահերից, որովհետեւ անորոշությունը աշխատում է նաեւ Հանրապետական կուսակցության դեմ:

«Առավոտ»- Տեսակետ կա, որ Հայաստանի քաղաքական դաշտում ներկայիս անորոշությունը մեծապես պայմանավորված է  նաեւ դրսից եկող ազդակներով:

Գ. Իսագուլյան- Մենք միշտ, չգիտես ինչու, հայաստանյան գործընթացներն ուզում ենք կապել անպայման դրսի ուժերի հետ, ինչը տվյալ դեպքում ես բացառում եմ: Ես կարծում եմ՝ նրանք, ովքեր շահարկում են այդ թեման, իրենք են գտնվում այդ կարգավիճակում: Ժամանակն է, որ բոլորը՝ եւ ՀՀ քաղաքացիները, եւ քաղաքական ուժերը հասկանան, որ բոլոր գործընթացները միեւնույն է՝ հայաստանյան իրականությանն են վերաբերում, եւ իրենք վերջիվերջո հաշվետու են լինելու Հայաստանի քաղաքացիներին: Իհարկե, հնարավոր է, որ դրսի ուժերն այստեղ որոշակի շահեր ունեն՝ հանդիպումներ են ունենում, գնում են  որոշակի գործընթացներ, բայց ասել, որ նրանք են այստեղի գործընթացների վճռորոշ դերակատարը, ես կարծում եմ՝ ճիշտ չէ:

Ս. Սաֆարյան- Այնուամենայնիվ, սպասման էլեմենտների մեջ նկատելի է նաեւ դրսի ազդակների որոշակիացման հարցը:  Եվ որքան որ  անորոշություն կա ներսում՝ քաղաքական ուժերի որոշումների, ռազմավարության առումով,  նույնքան էլ անորոշություն կա դրսի ազդակների հետ կապված: Եվ այս ընտրությունները խոստանում են մի փոքր ավելի աննախադեպ լինել: Այսքան մեծ անորոշություններ. դրանք ինչպե՞ս են լուծվելու մեկ օրում:

Գ. Իսագուլյան- Հավատացեք, որ այս ընտրություններն այնքան կարեւոր չեն  2013թ.  նախագահական ընտրությունների տեսանկյունից, որքան 2018 թվականի: Որովհետեւ    ԲՀԿ-ն  հասկանում է, որ եթե հիմա գնաց կոալիցիայի, այո՝ 2013թ. նախագահի հարցը միանշանակ որոշված է, բայց  այդ դեպքում արդեն 2018 թվականին որպես նոր քաղաքական ուժ, որպես այլընտրանք երբեւէ չի կարող իրեն դրսեւորել: Եվ պատճառն այդ է, որ քաղաքական ուժերի մոտ հիմա կա անորոշություն, որովհետեւ այս ընտրություններում որոշվում է 2018թ. ճակատագիրը:

Ս. Սաֆարյան- Ես ուզում եմ ասել, որ պետք չէ նայել այս թվացյալ հանգստությանն ու թվացյալ կայունությանը:  Ոմանք  ասում են՝ խաղի արդյունքները որոշված են, թվերը նկարված են եւ այլն: Բայց ես ասում եմ՝ այդպես միշտ եղել է բոլոր ընտրություններից առաջ,  բոլոր ընտրություններն  այդպես են սկսվել, սակայն ոչ բոլոր ընտրություններն են այդպես ավարտվել: Ժողովուրդը սպասում է այս իրավիճակի փոփոխության մեկ անձից, եւ բավական է՝ հայտնվի այդ մեկը, եւ դուք կտեսնեք ժողովրդական կայծակնային մոբիլիզացիա այդ անձի շուրջ:

 

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու  գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930