Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը խոստանում էր նաեւ չհասկացվածության պատը քանդել»

Նոյեմբեր 03,2012 13:20

Հիշեցնում է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը

– Ձեզ չի՞ անհանգստացնում քաղաքական դաշտի այս անորոշ վիճակը, քաղաքական կուսակցությունների չկողմնորոշվածությունը՝ ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ: Այս իրավիճակը չի՞ հուշում, որ Սերժ Սարգսյանն, իսկապես, առանց այլընտրանքի վերընտրվելու է, ինչպես հայտարարում են բոլոր ՀՀԿ-ականները:

– Ինչի՞ պիտի անհանգստացնի: Ում անհանգստացնում է, իրենք թող դրա մասին խոսեն:

– Այսինքն՝ Ձեզ համար միեւնո՞ւյն է՝ ի՞նչ քաղաքական իրավիճակ կստեղծվի, ի՞նչ պայմաններում եւ ինչպիսի՞ ընտրություններ կլինեն:

– Չէ, ինձ համար միեւնույն չէ, բնականաբար, թե ինչ քաղաքական իրավիճակ կստեղծվի: Ցանկացած հայ մարդու էլ անհանգստացնում է, մտահոգում է երկրում տիրող իրավիճակը: Սա կարող է իշխանություններին անհանգստացնել: Ասում են՝ փոթորկից առաջ՝ լռություն: Այդ կարգավիճակն է հիմա:

– Վերջին շրջանում ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ փոթորիկ են խոստանում: ՀԱԿ-ում ինչ-որ ներքին խմորումներ, զարգացումներ կա՞ն:

– Չէ, ես ասացի՝ լռություն է փոթորկից առաջ, չասացի՝ խոստանում եմ փոթորիկ:

– Ինչ-որ բան գիտե՞ք, զարգացումնե՞ր են տեղի ունենում, որից հանրությունն անտեղյակ է:

– Կապրենք՝ կտեսնենք: Այդքան երկար ժամանակ չի մնացել: Ընդամենը մի երկու ամիս հետո ամեն ինչ հստակ կլինի՝ եւ ժողովուրդը կիմանա, եւ մենք տեղյակ կլինենք:

– ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստի մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչում, բայց խոսվում է, որ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե բանակցություններ են լինելու ընդդիմադիրների հետ՝ ուժերը կոնսոլիդացնելու համար, ասել է նաեւ, որ երբ ժամանակը գա, ինքն առաջին նախագահին էլ կհանդիպի: Քանի որ արդեն տեւական ժամանակ է՝ ՀԱԿ-ը ձգտում է ԲՀԿ-ի ավելի ընդդիմադիր կեցվածքին, այս հայտարարությունները ոգեւորո՞ւմ են Ձեզ:

– Ես առանձնապես ոգեւորվելու բան չունեմ: ՀԱԿ-ի ցանկացած անդամի ավելի շատ մտահոգում է մեր երկրում տիրող իրավիճակը, որ ամեն օր ահագնացող արտագաղթ է, որ երկիրը դատարկվում է: Դրանք են խնդիրները, արտաքին մարտահրավերները, որ մեր երկրի դեմ են, մտահոգում են: Էդտեղ ոգեւորվելու բան չկա: Իհարկե, լավ կլինի, որ միավորվեն բոլոր ընդդիմադիր ուժերը, այլընտրանք լինի, ընտրություն տեղի ունենա, ոչ թե նախանձով նայենք հարեւան երկրին:

Հայ մարդն իրեն պետք է տեսնի երկրի զարգացման պրոցեսներին մասնակից, ընտրության իրավունք ունենա, չլքի իր հայրենիքը: Թե չէ՝ ոգեւորվելու ի՞նչ կա: Ամեն քայլափոխի բախվում ես անարդարությունների: Ինձ եւ իմ ընկերներին մեկուկես տարի բանտերում պահեցին ապօրինի, հիմա էլ երիտասարդներին են ապօրինի պահում: Խնդիրն այն է, որ հասնենք նրան, որ հայ մարդը իր երկրում լիարժեք ապրելու իրավունք ունենա:

Ոգեւորվելու բան չկա, պիտի մտահոգվենք: Ինչ կա այդտեղ ոգեւորվելու, որ որեւիցե մեկը ոգեւորվի: Այն չինովնիկները, որոնք իրենց ամեն ինչ թույլ են տալիս, օրը ցերեկով կարող են մարդուն ծեծել-սպանել ու անպատիժ մնալ, մարդու ունեցվածքը ձեռքից խլել եւ անպատիժ մնալ՝ սրանք պետք է վերացվեն: Ամեն մեկս մեր գործունեությամբ պետք է փորձենք վերականգնել, թե չէ՝ նման ինտրիգներով ի՞նչ անենք, փորձենք պղտոր ջրում ամեն մեկս մեր համար ձո՞ւկ բռնել:

– Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում նախագահի վերջին քայլերը, որ տարբեր ոլորտների ներկայացուցիչներին հավաքում է, կոպիտ որակումներ է տալիս, բարկանում է, հանձնարարություններ է տալիս: Դուք դրանք իրակա՞ն քայլեր եք համարում:

– Մեր կարգի պետություններում, եթե նախագահը ցանկանա, որ երկիրը դառնա ժողովրդավարական, երկրում արդարադատություն լինի, վերանա կոռուպցիան, դա կարվի շատ արագ: Ինչպես Վրաստանում: Իսկ մնացածը՝ եզրահանգումները, թողնում ենք ձեզ. ասածն ուրիշ բան է, արածն՝ ուրիշ: Նման խոստումներ շատ ենք լսել, անգամ այն ժամանակ, երբ բանտում էինք, ասում էին, որ չհասկացվածության պատը պետք է քանդել, մենք էլ մտածում էինք, որ իրենք ուզում են ինչ-որ քայլեր անել: Բայց պարզվեց, որ դրանք խոսքեր են, որ ժամանակ առ ժամանակ հնչում են:

– Օրերս Սմբատ Այվազյանը մեր թերթին տված հարցազրույցում կրկին հայտարարեց, որ ընտրությունները ոչինչ չեն փոխելու, պետք է բոլորը հասկանան իրավիճակի լրջությունը եւ նստեն կլոր սեղանի շուրջ՝ իրավիճակը շտկելու մասին բանակցեն:

– Շատ լավ բան ա ասում, շատ ճիշտ բան ա ասում, որ պետք է նստեն, բանակցեն ու ժողովրդին տան ընտրելու իրավունք: Թե չէ՝ զոռբայությամբ իշխանություն պահելը ո՞րն է: Երկրի ճակատագրով մտահոգ պետք է նստեն՝ գան ընդհանուր հայտարարի, ու որեւիցե մեկը չմտածի, որ ինքն այսօր իշխանություն է եւ պետք է որոշի ամեն ինչ, վաղը մյուս ուժը գա՝ նա որոշի: Այս ամենին պիտի վերջ դրվի, չէ՞, որ վերջ դրվի «մարտի 1»-երին, ու մտածենք երկրի զարգացման մասին: Թե չէ՝ 20 տարի է՝ պայքարում ենք, էլ ե՞րբ պիտի ապրի այս ժողովուրդը: Պիտի հասկանան եւ գիտակցեն, բայց կգիտակցե՞ն արդյոք:

– Ձեր հարցն ո՞ւմ էր ուղղված. միայն իշխանությա՞նը, թե՞ նաեւ ընդդիմությանը:

– Բնականաբար՝ իշխանությանը: Ընդդիմությունը ի՞նչ: Ընդդիմությունն ուզում է, շատ բան է ուզում, բայց եթե իշխանությունը չի ուզում՝ չի լինի: Իշխանությունը պիտի ուզենա, որ ինչ-որ բան փոխվի: Իհարկե, եթե համաժողովրդական ընդվզում լինի, ընդդիմության ցանկությունն իրականություն կդառնա, բայց մենք տեսնում ենք, որ դա 2007-ին եղավ ու հիմա մարեց:

– Դուք չգնահատեցիք ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, եւ մնացած բոլոր թեկնածուները երկրորդ տեղի համար են պայքարելու:

– Դե լավ, հիմա դուք Գալուստ Սահակյանի կամ Շարմազանովի ասածներին… բա ի՞նչ պիտի ասեն իրենք, ուրիշ բան կարո՞ղ են ասել: Եթե ուրիշ բան պիտի ասեն՝ կզրկվեն կերակրատաշտից: Նրանք ինքնուրույն կարծիք, տեսակետ հայտնելու բան ունե՞ն, որ մենք էլ գնահատենք դա: Եվ ոչ միայն իրենք, իշխանության մեջ գտնվող ցանկացած մարդ էդպես է, եթե էդպես չի մտածում, հայտնվում է լուսանցքում: Կարող է նրանք ուրիշ ձեւ են մտածում, բայց պետք է այդպես արտահայտվեն:

Զրույցը՝

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930