Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սխալ թեզեր

Նոյեմբեր 03,2012 12:56

Ես համաձայն եմ, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական հետապնդումները՝ թեեւ ոչ այն ծավալով, ինչպես առաջ էր: Համաձայն եմ, որ մեր իշխանավորների ճնշող մեծամասնությունը կոռումպացված է, իրենց ոլորտում կոմպետենտ չէ, իսկ նրանց վարքը լկտի է եւ ամբարտավան: Համաձայն եմ նաեւ, որ շարունակվող արտագաղթը, 20 տարում գումարվելով, հասցրել է մեր ժողովրդագրական վիճակը վտանգավոր եզրագծի: Բայց այդ մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է փորձել ճշգրիտ ներկայացնել իրավիճակը եւ խուսափել սխալ, թեկուզեւ քարոզչության տեսանկյունից գրավիչ պնդումներից: Ահա, իմ կարծիքով, դրանցից մի քանիսը:

1.  Մենք հիմա ապրում ենք բռնապետության պայմաններում: Բավական է թռուցիկ հայացք գցել մեր խորհրդարանի, եթերի, լրատվամիջոցների, փողոցային ակցիաների վրա՝ համոզվելու համար, որ դա այդպես չէ: Բռնապետության ժամանակ ոչ մեկին չի թույլատրվում հրապարակավ, պաշտոնապես ընդունված եւ գրանցված խողովակներով արձանագրել այդ փաստը: Հեռու չգնալու համար բերեմ հարեւանների օրինակը. դուք հաճա՞խ եք կարդում, ասենք, ադրբեջանական որեւէ կայքում այնտեղի քաղաքական գործչի հայտարարությունը, թե Ադրբեջանում հաստատվել է բռնապետական ռեժիմ, ինչը մեզ մոտ հնչում է օրը մի քանի անգամ: Լսե՞լ եք դուք արդյոք ադրբեջանական Միլի-մեջլիսի ամբիոնից ելույթներ, որոնք գոնե մի քիչ նման լինեն մեր ընդդիմադիրների ելույթներին: Իհարկե, կարելի է առարկել, որ Հայաստանում այդ ելույթներն ու հրապարակումները իշխանության համար առանձնապես վտանգավոր չեն: Դա միանգամայն ճիշտ առարկություն է, բայց ո՞վ է դրանում մեղավոր: Մի՞թե միայն իշխանությունները:

2. Ժողովուրդը ցանկանում է ապրել արդար, օրինական, ժողովրդավարական երկրում: Եթե ցանկանար՝ կապրեր, հեղեղի պես կոչնչացներ այդ ճանապարհին բոլոր խոչընդոտները: Իրականում մարդիկ ուզում են լավ ապրեն՝ անհոգ, բարեկեցիկ, ուզում են արդարություն միայն իրենց համար, իսկ ուրիշների նկատմամբ անարդարությունը նրանց չի հուզում: Ուզում են, մի խոսքով, այս համակարգի մեջ գտնեն իրենց համար ցանկալի տեղը, եւ երբ չեն գտնում, դժգոհում են, փնթփնթում՝ ոչ ավելին:

3. Ընդդիմադիր կուսակցություններն այլընտրանք են առաջարկում  այն լուծումներին, որոնք որդեգրել է իշխանությունը: Եթե առաջարկեին, վաղուց արդեն իշխանափոխություն կլիներ: Պարզագույն օրինակ. 20 տարի ընդդիմությունն ասում է՝ եթե կրճատվի ստվերը, մարդկանց աշխատավարձը կբարձրանա: Բայց դա լուծում չէ՝ այդքանը, ներեցեք արտահայտությանս, տատս էլ գիտի: Բայց այս 20 տարում իրար հաջորդող կառավարություններն այդպես էլ ստվերը չկրճատեցին: Ով որ երեկ դա չէր կարողանում անել, այսօր կշտամբում է ներկայիս կառավարությանը, թե ինչու ստվերը չեք կրճատում: Այստեղից հետեւություն. ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է պետք է անել: Ուստիեւ սահմանափակվում է քաղաքական կամքի մասին ոչինչ չպարտադրող բառերով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930