Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական փարավոնների բուրգը կամ եզրագծից այս կողմ

Նոյեմբեր 03,2012 11:50

Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, առաջինն է նախագահի, այսպես ասած, հիմնական թեկնածուներից, որ հստակ հայտարարում է իր առաջադրման մտադրության կամ որոշման մասին: Մնացյալ թեկնածուները շարունակում են լռել: Սա, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ Հովհաննիսյանը, թերևս, միակն է այդ ամենահիմնականներից, որ նախագահի ընտրությանը «բախտ» չի որոնում, այսինքն` չունի էական ձեռքբերումներ կամ քաղաքական էֆեկտներ ստանալու շանս: Հենց դա է, թերևս, ստիպում նրան հանդես գալ առաջինը, խաղալ բաց խաղաքարտերով` այն դեպքում, երբ մյուս թեկնածուները առայժմ լռում են:

Բանն այն է, որ Հայաստանի քաղաքականությունն իրականում, մեղմ ասած, ստվերային երևույթ է, հետևաբար այստեղ բոլորը, ովքեր ինչ-որ բան են հետապնդում, ինչ-որ ակնկալիքներ են ունենում, մինչև վերջ հնարավորինս փորձում են փակ խաղալ, շուտ չբացվել: Այդ իմաստով, Րաֆֆի Հովհաննիսյանն իրականում ոչ այնքան քաղաքական հայտ ներկայացրեց, այլ երևի թե նախանշեց քաղաքականությունից հեռանալու իր ուղին, իր այդպես էլ չեկած դարաշրջանի ավարտը: Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական հորիզոնում բավական լուրջ պոտենցիալով գործիչներից մեկն էր, ընդհուպ մինչև վերջերս, չնայած իր գործած բազմաթիվ սխալներին և թույլ տված վրիպումներին: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը իր իսկ ձեռքով քանդեց նաև վերջին այն պատվարը, որի վրա կարող էր ամբարել քաղաքական գործընթացների քիչ թե շատ կենսունակ կապիտալ: Խոսքը «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի մասին է: Րաֆֆի Հովհաննիսյանը քանդեց այդ դաշինքը` այդպիսով նաև քանդելով այն բևեռը, որի ուրվագծերը նշմարվում էին իր շուրջը:

Խոսքն այն մասին է, որ «Ժառանգության» առաջնորդը կարող էր դառնալ, այսպես ասած, արևմտամետ ուժերի բևեռի առանցքը, վայելել այդ բևեռի աջակցությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը գործնական հնարավորություն ուներ «Ազատ դեմոկրատներից» բացի, դառնալ «Հանրապետություն» կուսակցության, նաև մի շարք այլ գործիչների, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսից հեռացած անհատներին միավորող առանցքը, ձևավորելով որոշակի մի դաշտ, որը ըստ էության աննախադեպ էր Հայաստանի նախագահական ընտրությունների տեսանկյունից: Հայաստանում երբեք չի եղել ընդգծված արևմտամետ բլոկ, որը կարևոր հակակշիռ է Հայաստանի քաղաքական դաշտի գլոբալ ռուսաֆիկացվածությանը: Սակայն այդ դաշինքը չձևավորվեց, Րաֆֆի Հովհաննիսյանը քանդեց այն, ինչի պատճառներն այնքան էլ հասկանալի չեն, իսկ այն, ինչ ներկայացվում է որպես պատճառ, ավելի շատ մանկականություն է հիշեցնում և մեղմ ասած` համոզիչ չէ, եթե չասենք, որ ուղղակի զավեշտալի է:

Միգուցե ամեն ինչ քանդվել էր ավելի շուտ, քան տեղի ունեցավ, այսպես ասած, հրապարակային ապամոնտաժումը, սակայն այստեղ ևս Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանատվությունն առանցքային է այն իմաստով, որ նա փաստացի չփորձեց փոխզիջման գնալ որոշ իրողությունների հետ և ոչ թե առանցքի, այլ գագաթի, կենտրոնի հավակնություններ ներկայացրեց, այսինքն` ի սկզբանե որդեգրելով իր դրոշի տակ հավաքվողներին հպատակեցնելու, ոչ թե հավասարների միավորում ձևավորելու քաղաքականություն: Պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ամենն անում է իհարկե, այսպես ասած, բարձրաշխարհիկ նրբագեղությամբ, իհարկե քաղաքական մշակույթի իմաստով: Բայց, ի վերջո, ծայրահեղությունը ծայրահեղություն է, անգամ նրբագեղության տեսքով:

Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշտում ակնհայտորեն եզրագծին մոտեցավ ևս մի խաղացող` Րաֆֆի Հովհաննիսյանը: Դրան շատ մոտ է Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե ոչ արդեն նույնպես ընդհուպ մոտեցած: Հայաստանի 20-ամյա քաղաքական դասի համար սա անխուսափելի գործընթաց է, որը աստիճանաբար ներառելու է նաև նորանոր գործիչների, բոլորին: Դա քաղաքական դասի սնանկության անխուսափելի հետևանքն է, ճակատագիրը: Ժամանակը շատ դաժան է այդ իմաստով: Հայաստանը, հասարակությունը ունեն խնդիրներ, 21 տարվա ընթացքում դրանք կուտակվել են և գեներացվել, ավելի հեռացել լուծումներից, քան մոտեցել դրանց: Քաղաքական դասը, նրա ներկայացուցիչները չեն կարողացել փոխել իրադարձությունների զարգացումը, հետևաբար` անկախ կոնկրետ արատների համար նրանց անձնական մասնակցության և պատասխանատվության աստիճանից, անկախ նրանց ազնվության աստիճանից, ժամանակի մեջ նրանք հայտնվում են սնանկ վիճակում` եղել են խնդիրներ, և բոլորը դրանց առաջ եղել են անկարող:

Րաֆֆի Հովհաննիսյանին ու Տեր-Պետրոսյանին առաջիկա ամիսներին և մեկ-երկու տարվա ընթացքում կմիանան նոր անուններ մեր «հին» ծանոթներից: Խնդիրն այստեղ այն է, որ չկա նոր քաղաքական դասի էքսպանսիա` բառի բուն և պատկերավոր իմաստով: Այսինքն` չկան նոր գործիչներ, որոնք համարձակ, ինքնավստահ հայտ կներկայացնեն քաղաքականությամբ զբաղվելու համար` առանց, այսպես ասած, նահապետական տանիքներ որոնելու: Այստեղ է, որ ժամանակը կանգ է առնում: Կան վառ անհատականություններ, որոնց մի մասը պրակտիկ քաղաքականության մեջ է, սակայն չկա տարածք վերցնելու համարձակությունը կամ նախաձեռնողականությունը: Հետևանքն այն է, որ ֆիզիկական խցանման մեջ առաջանում է բովանդակային դատարկություն, ինչը թացն ու չորը, իսկ այս դեպքում հինն ու նորը խառնում է իրար, երկարացնելով վաղուց արդեն իրենց դարն ապրած գործիչների կյանքը և Հայաստանը վերածելով քաղաքական փարավոնների բուրգի: Ըստ երևույթին, երբ երկիրը թանգարան է բաց երկնքի տակ, ուրեմն թանգարան է բոլոր` այդ թվում քաղաքական իմաստով:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930