Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի հետ երբեք տհաճ խոսակցություն չեմ ունեցել. Հովիկ Աբրահամյան

Նոյեմբեր 03,2012 11:10

«Հրապարակ»-ի հարցազրույցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

– Պրն. Աբրահամյան, Ձեր երկարատև կենսագրության և փորձի «պայմաններում» Դուք առաջին անգամ եք արտերկիր կատարած այցից հետո ասուլիս հրավիրում, չե՞ք ասի ինչու:

– Որոշել եմ ասուհետև այդպես աշխատել:

– Չէ. տպավորությունն այնպիսին էր, որ ասուլիսի հիմնական նպատակը լրագրողներին, նրանց միջոցով լայն հանրությանը, գուցեև հայրենի իշխանություններին բացատրելն էր, թե ինչպես է պատահել, որ Դուք «պատահաբար» թռել եք Քոչարյանի հետ Պրահա-Երևան չվերթով:

– Կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանն իմ թշնամին է: Կամ ես եմ իր թշնամին:

– Դուք «կոնկուրենտներ» եք համարվում` ԲՀԿ-ի առումով: Ի դեպ, որքանո՞վ եք ռեալ համարում, որ երեքուկես ժամ տևած թռիչքի ժամանակ միմյանց կողք նստած ՀՀ երկու` նախկին և ներկա առանցքային պաշտոնյաներ միմյանց հետ քաղաքական անցուդարձից մի բառ չփոխանակեն:

– Նախ կցանկանայի, որ Դուք իմանայիք, որ դա եղել է գիշերվա կեսին…

– Քնե՜լ եք:

– Քնել էլ ենք, խոսել էլ ենք, բայց որևէ քաղաքական հարց չենք քննարկել, իրոք, ինքն էլ ցանկություն չի ունեցել, ես էլ չեմ ունեցել, չի եղել թեմա:

– Պարոն Աբրահամյան, հիշո՞ւմ եք, ժամանակ առաջ ասել էիք` Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունեք և երեք տարի իրեն չեք հանդիպել:

– Չէ, երեք տարի չէ, երևի մի անգամ Ղարաբաղում, գնացել էի, եթե հիշում եք` պատվիրակության ղեկավար էի` Անկախության տոնի հետ կապված, ինքն էլ էր այնտեղ, բայց որևէ ըտենց խնդիր, քննարկում չի եղել:

– Ի դեպ, ես տեղյակ եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ահավոր դուր չի եկել Ձեր` երեք տարվա մասին արձանագրումը. իր մտերիմներից մեկի մոտ նա բավականին կոշտ ասել է. «Չես հանդիպել` չես հանդիպել, գլո՞ւխդ ինչի ես գովում»:

– Չեմ հանդիպել, ասել եմ` չեմ հանդիպել, ես ստելու ի՞նչ ունեմ:

– Ւնչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Ռ. Քոչարյանի հետ` ինքնաթիռում այդ «նիստից» հետո: Այսօր, երբ քննարկվում է ԲՀԿ-ի` սեփական թեկնածուով գնալու, ԲՀԿ- ի` վարչապետի պաշտոնն ունենալու խնդիրը, բավականին տեսարժան է նույն ինքնաթիռում, նույն ժամին ձեր համատեղ ներկայությունը:

– Շատ պատահական է եղել: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին. մեր միջև որևէ տհաճ խոսակցություն երբեք չի եղել իր` նախագահականից դուրս գալուց հետո:

– Ոչ կոռեկտ հարց. ի՞նչ էր անում Քոչարյանը Պրահայում, որ համ էլ համընկավ Ձեր թռիչքի հետ: Մանավանդ բյուջեի քննարկումների Ձեր բացակայության ֆոնին:

– Ասեմ, ինքը վերադառնում էր Բրյուսելից` Բրյուսել-Պրահա-Երևան թռիչքն էր. ինքն էդպես ասեց, ասաց` «վերադառնում եմ Բրյուսելից»:

– Լրի՜վ պատահակա՞ն էր ձեր հանդիպումը:

– Պատահական էր, իրոք, ինքն ինչ-որ տեղ խորհրդատու է աշխատում` խորհրդի անդամ է Ռուսաստանում, բանակցություններ են եղել Բրյուսելում, դրա համար էր գնացել: Ինքն էլ ինձ հարցրեց` ինչպե՞ս անցավ Չեխիա իմ այցը, ես էլ ասացի` շատ լավ:

– Պարոն Աբրահամյան, Դուք իրենից ի՞նչ տպավորություն ստացաք` ինքը կվերադառնա՞:

– Ո՞վ:

– Ռոբերտ Քոչարյանը. ի՞նչ տպավորություն ստացաք այդ երեքուկես ժամվա ընթացքում: Ձեր անձնական կարծիքն եմ հարցնում` կվերադառնա՞:

– Ո՞ւր:

– Քաղաքականություն:

– Չեմ կարծում: Նման քննարկումներ չեն եղել, եթե ինքը ցանկություն ունենար, կբարձրաձայներ:

– Ասուլիսի ընթացքում Դուք չբացառեցիք, որ կլինեք նաև այս ընտրություններում ՀՀԿ շտաբի պետը, որովհետև փորձ ունեք: Նաև չբացառեցիք, որ Ձեզ այլընտրանք էլ կա: Ի դեպ, մեր տեղեկություններով, մայիսյան խորհրդարանական ընտրությունների վերջին տասն օրերի ընթացքում Դուք մեկուսացված եք եղել նախընտրական գործընթացներից, ավելին` զարմացել եք բուն ընտրությունների օրը ՀՀԿ-ի շտաբ ստացվող թվերից, որովհետև գործընթացին չեք տիրապետել:

– Ձեր ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Ես շտաբը ղեկավարել եմ, եթե ինչ-որ բան է եղել, ես այդ հարցը համաձայնեցրել եմ երկրի նախագահի հետ:

– Կարծում ենք`երկրի նախագահին տեղեկացրել եք նաև, որ թռել եք Ռոբերտ Քոչարյանի հետ կողք-կողքի և քաղաքական հարցեր իր հետ չեք քննարկել: Ի դեպ, եթե ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը չպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Դուք հրաժարակա՞ն եք տալու:

– Ո՜չ: Ո´չ: Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի ստորագրությունն իմ հրաժարականի հետ:

– Դուք ասել եք, որ Ծառուկյանն 99 տոկոսով սատարելու է Սերժ Սարգսյանին:

– Հա´, ասել եմ: Բայց ասե՞լ եմ նաև, որ եթե չսատարի, հրաժարական կտամ, չեմ ասել:

– Իսկ եթե պարտադրվի՞:

– Բա´-ցա´ռ-վա´ծ է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930