Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ավանդական մրցաշարը, որի եզրափակչում գլխավոր մրցանակը վիճարկեցին Պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունների թիմերը:
Պայքարն ընթացավ պաշտպանության նախարարության թիմի բացահայտ առավելությամբ, որը հինգ անպատասխան գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղթող թիմին հանձնեց գլխավոր գավաթը, ոսկե մեդալներ, պատվոգրեր, մարզահագուստ եւ 600 հազար դրամական մրցանակ: Պարգեւատրվեցին նաեւ կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ երրորդ տեղը գրաված ՀՀ ոստիկանության հավաքականները, որոնք ստացան նաեւ, համապատասխանաբար, 400 եւ 200 հազարական դրամ խրախուսական մրցանակ:
Կազմակերպիչները սահմանել էին նաեւ հատուկ մրցանակներ, այդ թվում ՝ միցաշարը լավագույն ձեւով լուսաբանած լրագրողի համար, որին արժանացավ «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am-ի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը: