Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, ե՞րբ կբացվի փակ շուկան

Նոյեմբեր 03,2012 10:22

 Երեւանի կենտրոնում շարունակում է կիսավեր մնալ Փակ շուկան` հանրության առաջ էլ շարունակելով լինել փակ եւ խորհրդավոր:
Եվ որովհետեւ իսկապես շատ է ուշանում շուկայի վերգետնյա վերականգնման գործընթացի սկիզբը, տարօրինակ չպիտի թվա, որ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում այս համատեքստում կրկին ահազանգեր են հնչում, այն է` շուկայի հետնամասում նախատեսվում է ինչ-որ 6 հարկանի շենքի կառուցում: Միով բանիվ, հարկայնության տարբեր աստիճաններ են շրջանառվում՝ 3-ից մինչեւ 6:
Բնականաբար նման հարցեր չէին առաջանա, եթե, ինչպես կարգն է, սեփականատերը լիազոր մարմնին պահպանական պարտավորագիր ներկայացրած լիներ: Այս դեպքում հուշարձանի սեփականատեր անձը չէր համարձակվի ինքնակամ գործողությունների գնալ: Ընդհանրապես ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների բոլոր սեփականատերերը պիտի ունենան համապատասխան պարտավորագրեր` հստակ պահպանելով հուշարձանի հետ կապված իրենց պարտավորությունները:
Նկատի ունենանք, որ մեր սեփականատերերի մի զգալի մասը ճաշակից, բարեխղճությունից եւ օրինապահությունից կաղում է, իսկ այդօրինակ հուշարձանների թիվը մեզանում 5800-ի է հասնում։
Վերադառնանք Փակ շուկային. դեռեւս ամռանը նրա հետ կապված մի շարք մասնագիտական եւ հանրային քննարկումներ եղան, եւ կարծես թե ընդհանուր հայտարարի եկան հուշարձանների գծով մասնագետները, ճարտարապետական շրջանակներն ու սեփականատերը:
Ավելին՝ Երեւանի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության կողմից Փակ շուկայի քանդման պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որի նախագահը դարձավ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Այս հանձնաժողովը նախորդ շրջանում լինելով տեղում եւ ուսումնասիրելով շուկայի տարածքը՝ եկավ եզրահանգման, որ կանգուն հատվածը թեպետ վտանգավոր վիճակում է, բայց հնարավոր է պահել, իսկ մնացած մասը վերականգնել եւ նախկին տեսքին բերել:
Այս առումով համապատասխան հանձնաժողովը սեփականատիրոջ հետ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերել` այն մտայնությամբ, թե բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ սեփականատիրոջից պահանջվի ամրացնել վտանգ ներկայացնող հատվածները` միաժամանակ վերստեղծելով քանդվածը:
Ի դեպ, մասնագետները նաեւ գնացել-հասել էին Փակ շուկայի զարդանախշերի պահոցը, տեսել ու համոզվել, որ դրանց վտանգ չի սպառնում:
Նկատենք, որ Փակ շուկայի սեփականատեր, գործարար պատգամավոր Ս.Ալեքսանյանը եւս բազմիցս հանրությանը վստահեցրել է, թե Երեւանի Փակ շուկայի արտաքին տեսքը չի փոխվելու: Իր իսկ խոսքով` «ուղղակի ուզում ենք սիրունացնել, ամրացնել»:
Օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Փակ շուկայի վերակառուցման շրջանակում ուժեղացման, բետոնացման եւ ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքներն էին ընթանում մինչեւ 0 նիշը` ստորգետնյա հատվածի համար հաստատված նախագծի եւ շինթույլտվության համաձայն:
Առջեւում վերգետնյա հատվածի իրականացման փուլն է, ինչ խոսք, համապատասխան քննարկումներից եւ նախագծի հաստատումից հետո: Ինչ վերաբերում է այս օրերին հնչող ահազանգերին, ապա Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի գծով պատասխանատուն վստահեցնում է, թե հետնամասում բացառվում է վեց հարկանի շենքի կառուցումը, իսկ նախատեսվող եռահարկ գրասենյակային հատվածը չի անցնելու շուկայի երբեմնի բարձրությունից:
Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչ Կ.Այվազյանը նախօրեին կրկին հաստատեց, որ հուշարձանի էսքիզային նախագիծը քննարկվել է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում, եւ հավանության արժանացել: Ինչ խոսք, եղել են մասնագիտական որոշակի դիտողություններ, որոնք պիտի լրամշակվեին:
Նկատենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Փակ շուկայի վերակառուցման վերգետնյա նախագիծը կներկայացվի Երեւանի քաղաքաշինական խորհրդի համապատասխան հանձնաժողովների քննարկմանը, ապա` Երեւանի քաղաքապետի հաստատմանը:

Շուշան ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930