Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարող էր կանխել 3 տարի առաջ 33 տարեկան հասակում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը, սակայն դրա համար ոչինչ չարեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:
Նրա խոսքով, Ալիկ Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Գեւորգ Մհերյանի սպանությանը ասել է, թե երբ կային կասկածներ Գեւորգ Մհերյանի սպանության մեջ կասկածվող Գրիգոր Իգիթյանի հետ կապված, երկու ժամ հետո նրան բերման են ենթարկել: Հիշեցնենք, որ Գրիգոր Իգիթյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման խարդախության հոդվածով, սակայն նրա անունը, որպես կասկածյալ պարբերաբար շահարկվում էր նաեւ Գեւորգ Մհերյանի սպանության գործով: «Եթե կային կասկածներ ու դու կասկածում էիր, բա հնարավո՞ր չէր այդ քո կասկածների մասին, ի սկզբանե Գեւորգին տեղյակ պահեիր, որ այս մարդը կարող է այս քայլին գնալ: Ավելին` Գրիգոր Իգիթյանը մինչեւ սպանությունը խարդախության հոդվածով արդեն պետք է կալանավորված լիներ, որովհետեւ դեկտեմբերի 26-ին նրա վճիռը կայացված էր եւ դատարանի դահլիճից պետք է ձերբակալված լիներ, բայց չէին ձերբակալել: Սա ես ինչպե՞ս հասկանամ»,- ավելացրել է Գեւորգ Մհերյանը:
Հարցին, թե ցանկանում է ասել, որ Ալիկ Սարգսյանը կարող էր կանխել Գեւորգ Մհերյանի սպանությունը, բայց չարեց Պետրոս Մհերյանը արձագանքել է. «Միանշանակ: Եթե 2 ժամ հետո բերում է մեկին եւ ասում, որ մենք կասկածում էինք, ուրեմն ինքը տեղյակ էր որոշ բաների մասին, չէ՞»:
Հիշեցնենք, որ 34-ամյա փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ:
Կարդացեք նաև
Այս տարվա հոկտեմբերի 9-ի երեկոյան, շմոլ գազից թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներ Կարինեն, Արմենը, Ելենան եւ Մեսրոպը: Պետրոս Մհերյանը պնդում է, որ տեղի ունեցածը մահափորձ է: «Միանշանակ այդպես է, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Եթե իմ տանը չկա շմոլ գազի արտահոսք, բայց երկու օր շարունակ ժամը 4-ին գազի թունավորումից ուշաթափվում ենք, սա ի՞նչ է»,- ասել է նա:
Սույն գործով պաշտոնական մակարդակով հայտնի է միայն այն, որ փաստի առնչությամբ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով. 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ), եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազենի կրում):
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը