Լրահոս
Օրվա լրահոսը

Դիցմայրի գյուղը կառավարության աջակցության կարիքն ունի

Նոյեմբեր 02,2012 22:54

Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղական համայնքի կազմում գտնվող Դիցմայրի բնակավայրը  բավականին խնդիրներ ունի: Մոտ 100 բնակիչ ունեցող գյուղի բնակիչներն ամեն օր ստիպված են լինում պայքարել միանգամից մի քանի խնդիրների դեմ: Այստեղ լուրջ է խմելու եւ ոռոգման ջրի հարցը: 1970-ականներին կառուցված ոռոգման ջրի ներքին ցանցը շարքից դուրս է եկել, հնամաշ խողովակներն արդեն չեն դիմանում ջրի ճնշմանը, իսկ տարիներ շարունակ համայնքին ծառայող խմելու ջրի աղբյուրները երաշտի պատճառով ցամաքել են եւ գյուղում խմելու ջրի հարցը հրատապ է դարձել:

Տարհանման խնդիր է արդեն առաջացել գյուղում, բնակիչներն անելանելի իրավիճակում են հայտնվել եւ չեն ցանկանում ապրել նման պայմաններում:  Գյուղը ծովի մակերեւույթից 900 մ բարձրության վրա է գտնվում եւ բարձր ճնշման պատճառով հնարավոր չէ, որ  գոնե հայջրմուղկոյուղու կողմից ջուր մատակարարվի այդ տարածք:

Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը նշեց, որ խնդիր են դրել իրենց առջեւ գոնե եկող տարվանից նոր հորատանցում անեն`  գյուղում նոր աղբյուր գտնելու ակնկալիքով:  Խմելու ջրի հարցը լուծելու դեպքում արդեն ոռոգման ջրի խնդիրն այլեւս մտահոգիչ չի լինի, խմելու ջրով հնարավոր կլինի ոռոգել տնամերձ այգիները, որոնք այդքան էլ մեծ տարածքներ չեն զբաղեցնում:

Թերեւս գյուղի խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Ներկա դրությամբ լուրջ է նաեւ գյուղ տանող ճանապարհի հարցը: Գյուղից դեպի ընդհանուր ճանապարհ տանող կես կմ ճանապարհահատվածն անմխիթար վիճակում է գտնվում, գյուղ արդեն 4 ամիս է ավտոբուս չի գնում, գիծը սպասարկող ընկերությունը հրաժարվել է  տրանսպորտ աշխատեցնել քարուքանդ  ճանապարհով, առավելեւս, երբ բնակչության թիվը մեծ չէ եւ ձեռնտու չէ նրանց:

«Մարդիկ տնամերձ այգիները մշակում էին, բանջարեղեն աճեցնում եւ  բերքը բերում քաղաքում իրացնում, բայց տրանսպորտի խնդրի պատճառով բերքի իրացման հարցը դժվարացել է: Այժմ գյուղացիները չգիտեն ստացված բերքն ինչպես հասցնեն Կապան, անելանելի վիճակ է ստեղծվել: Նախկինում շաբաթվա ընթացքում 3 անգամ ավտոբուս էր գնում Դիցմայրի գյուղ:  Գիծը միայն սպասարկում էր մինչեւ Սյունիք գյուղը, բայց տվյալ ընկերության տիրոջ հետ պայմանավորվածություն  էինք ձեռքբերել  եւ այն սպասարկում էր նաեւ Դիցմայրի գյուղը:  Բայց բնակչության թիվը քիչ էր, ծախսը դուրս չէր գալիս, տվյալ ընկերությունից պատճառաբանեցին, որ ճանապարհն ասֆալատապատ չէ, մեքենան  փչանում է գյուղ տանող ճանապարհին եւ այլն, ուստի դադարեցին դեպի գյուղ գիծը սպասարկել:  Խնդրի լուծման միակ տարբերակը ճանապարհի ասֆալտապատումն է, որի համար բավակականին մեծ գումարներ են անհրաժեշտ` մոտ 20-30 մլն դրամ, բայց համայնքային բյուջեով հնարավորություն չունենք ասֆալտապատելու: Մտադիր ենք դիմել կառավարությանը` մեզ աջակցելու համար»,- ասաց Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

Դիցմայրիում հիմնականում ծերեր են ապրում, երիտասարդներ գյուղում չեն մնացել, երեխա չլինելու պատճառով փակվել է նաեւ գյուղի դպրոցը: Դիցմայրին Կապանի տարածաշրջանի միակ գյուղը չէ, որը վաղ թե ուշ դատարկման խնդրի առջեւ կկանգնի, եթե պետության կողմից համապատասխան մոտեցում չցուցաբերվի եւ գյուղի պայմանները բարելավելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930