Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Եղել է պահ, որ այս դահլիճում քննարկվել է ուրիշ հարց՝ Հայաստանին գիտություն պետք չէ»

Նոյեմբեր 02,2012 22:22

Այսօր ԱԺ-ում գիտության ոլորտի հատկացումների մասին 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ուղղակի չդիմանալով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի քննադատություններին, տեղից հակահարված փորձեց տալ՝ ասելով՝ «Երբ որ դուք վարչապետ էիք, դուք էլ էիք այդպես պատասխանում»:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նաղդալյանից հետաքրքրվեցինք՝ արդեն քանի տարի է՝ գիտությունը մեր երկրում հայտարարված է գերակա ոլորտ, ի՞նչ է անում ՀՀԿ-ն գերակա ոլորտի համար, արդյո՞ք համաձայն չեք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, որ զավեշտալի եւ նոնսենս է, որ գիտաշխատողների աշխատավարձը մեր երկրում այսքան ցածր է: Տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Չեմ ուզում տենց` զավեշտալի..եւ այլն ասել: Հասկանում եմ ձեր հնարքը ինչումն է կայանում: Առաջինը, որ  պետք է եւ կարեւոր է անել՝ դա սկզբունքները տեղադրելն է: Եղել է ժամանակ մեր երկրում, երբ որ այդ սկզբունքը չի եղել, գերակա ոլորտ չի եղել»:

Մեր դիտարկմանը, որ, ասենք, հայտարարել եք գերակա, բայց ի՞նչ է արվում գիտության համար, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Եղել է պահ, որ այս դահլիճում, ես պատգամավոր եմ եղել, քննարկվել է ուրիշ հարց՝ Հայաստանին գիտություն պետք չի, որովհետեւ Հայաստանը շատ փոքր է, եւ ինքը չունի հնարավորություն գիտություն զարգացնելու համար: Պետք է փակել գիտական ինստիտուտները, որոնք սովետական համակարգից մեզ ժառանգություն են մնացել: Ես ականատեսն եմ, այստեղ էլի մարդիկ կան, որ այս դահլիճում այդ մասին խոսել են: Մեր կառավարությունը այդ ժամանակ նույնպես դեմ է եղել, այսինքն՝ կառավարողները միշտ աշխատում են եւ աշխատելու են, որպեսզի այդ կապանքը… (նկատի ունի Հրանտ Բագրատյանի առաջարկը՝ բյուջեի 1%-ը գիտությանը տալու) դա կապանք է, չէ՞, երբ օրենքով ինչ-որ բան ես սահմանում: Օրենքն ի՞նչ է՝ պարտադրանքի մի ինստիտուտ է, որ դու իրեն պարտադրում ես՝ սա այսքան տոկոս պետք է լինի, այսքան, այնքան: Կառավարությունն ուզում է կապանքից  հեռու լինել, որպեսզի ազատություն ունենա՝ մանեւրի համար: Հիմա կասեք՝ մանեւրը ինչի՞ համար է պետք, արդյո՞ք դա պրոպետական է, պետության համար է: Ես էլ ձեզ կասեմ, որ ձեզ հետ համաձայն եմ, որ անթույլատրելի կլինի դա»:

Ինչ վերաբերում է առաջընթացին, ըստ Հերմինե Նաղդալյանի, մենք հին ժամանակներից անցել ենք ու հիմա այլեւս չենք դնում այսօր այն հարցը քննարկելու, որ Հայաստանին գիտություն պետք չէ. «Մենք շատ վաղուց հասկացել ենք, ցույց ենք տվել, որ մենք գիտելիքահենք ենք պատկերացնում Հայաստանը եւ գիտությունն առաջնահերթություն ենք ուզում: Պավել Սաֆարյանն այսօր առարկայորեն ցույց տվեց՝ 1 մլրդ դրամ որեւէ ոլորտ չի ավելացել՝ հետճգնաժամային ժամանակում:Երկիրը, ունենալով լրջագույն խնդիրներ՝ հետճգնաժամային ժամանակում, այնուամենայնիվ, առաջահերթությունները պահում է: Առաջնահերթությունների մեջ տեսնում է սոցալականը, գիտությունը, առողջապահությունը»:

Մեր դիտարկմանը, որ գիտնականները ուսուցիչներից 2 անգամ ցածր են վարձատրվում՝ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Բայց ինչ-որ մի տարբերություն բյուջեն դրել է: Ես էլ եմ առաջարկ ներկայացնելու: Չեմ ներկայացրել, բայց  ներկայացնելու եմ, որ քննարկումներն ավելանան: Գիտության հետ  կապված խնդիրները պիտի առավելապես առաջահերթ լինեն:  Իհարկե, ես կուզենամ, որ գիտության ծախսերն ավելանան, հետապնդելու եմ այդ նպատակը եւ փորձելու եմ առաջակություններ անել, նաեւ փորձելու եմ դրա համար աղբյուր ցույց տալ»:

Մեր դիտարկմանը, որ խոսքն ընդամենը 350-400 մլն դրամի մասին է, որը մեծ գումար չէ, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Առավել եւս, որ դա այդպես է, ես կարծում եմ, որ դահլիճում կան բավական շատ պատգամավորներ, որոնք միանալու են եւ այդ նպատակը հետապնդելու են, այնպես որ,պետք չի ամեն ինչ զավեշտի վերածել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930