Այսօր 2013-ի բյուջեի նախագծով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված գումարների մասին պատգամավորների հետ քննարկման էր եկել նախարարը՝ Հրաչյա Ռոստոմյանը: Սակայն նա անհարմար վիճակի մեջ էր ընկել: Մի քանի թերթանոց զեկուցումը ձեռքին նա սկսեց զեկուցել, սակայն այսպես ասած՝ առանց «հանդիսատեսի»: Պատգամավորներից ներկա էր միայն Խոսրով Հարությունյանը, որը թե ինչքան առնչություն ուներ երիտասարդության կամ սպորտի հետ՝ հարց է, որովհետեւ այդ հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը զրուցում էր Գագիկ Մինասյանի հետ: Այնպես որ, կարելի է ասել՝ նախարարը մնացել էր մենակ՝ ինքն իր հետ: Այնուամենայնիվ, նա ընթերցեց իր բոլոր թերթիկները եւ շտապեց արագ դուրս գալ:
Aravot.am-ի հարցին՝ ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված սպորտի նկատմամբ պատգամավորների այսպիսի անտարբերությունը՝ նախարարը պատասխանեց. «Իրենց հարցրեք, ես ի՞նչ իմանամ»: Նշենք, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է Կարինե Պողոսյանը, իսկ անդամներն են ՀՀԿ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը, Արթուր Գեւորգյանը, Կարինե Աճեմյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը: Նրանցից ոչ ոք քննարկմանը ներկա չէր: Հեղինե Բիշարյանի բացակայությունը, ինչպես ճշտեցինք, հարգելի էր, նա վատառողջ էր:
Հանձնաժողովի անդամները ներկա չէին նաեւ ՀՀ հեռուստատեսության եվ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հատկացումների «քննարկման» ժամանակ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ