Արդեն մեկ ժամ է բանկոմատները կրկին սկսել են աշխատել: Նշենք, որ այսօր ժամը 11-12-ի սահմաններում Հայաստանի տարածքի բոլոր բանկոմատները խափանվել էին, եւ քաղաքացիները չէին կարողանում սպասարկվել, գումարներ հանել: Մոտ 5 ժամ տեւած խնդիրը բանկոմատից օգտվող հազարավոր մարդկանց անհարմարություններ պատճառեց:
Բանկոմատները սպասարկում է Արմենիան Քարդ (ArCa) ընկերությունը: ArCa-ի հետ առնչվող բանկերի աշխատակիցներն ու տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հաշվապահները փաստում են, որ վերջին 2-3 ամսում, հատկապես` ամսվա առաջին երկու օրերին, երբ փոխանցվում են մարդկանց աշխատավարձերը, համակարգը «կախվում» է: Բանկը ելք է անում գումարները, եւ երբ դրանք պետք է նստեն քաղաքացու հաշվին, այդ ընթացքում էլ տեղի է ունենում խնդիրը: Բանկոմատը մարդկանց քարտերը դուրս է շպրտում` հայտնելով, որ գործարք չի կարող անել:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, Արմենիան Քարդ ընկերությունից պատասխանեցին. «Ս.թ. նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ: Ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ: Քարտապաններից Արմենիան Քարդ ընկերությունը ներողություն է խնդրում հնարավոր անհարմարությունների համար»:
«Առավոտի» հետ զրույցում, բանկի որոշ մասնագետներ վստահեցրին, որ խնդիրը ArCa-ի սպասարկման մեջ է, եւ որ այդ համակարգն արդեն իրեն սպառել է, քանի որ նման իրավիճակները սկսել են հաճախակիանալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև