Ո՞վ կլինի նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսից նախագահի թեկնածուն, կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանին առայժմ ոչինչ հայտնի չէ: Այս մասին, այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պատասխանելով լրագրողի հարցին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Եւ չնայած ՀԱԿ-ում առայժմ վերջնական որոշված չէ, թե ո՞վ կլինի նախագահի իրենց թեկնածուն, բայց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ համար շատ ընդունելի եւ անառարկելի թեկնածու էր, եւ թեկնածու էլ է: Ի՞նչ կորոշի նա, չեմ կարող ասել: Առաջիկայում հնարավոր է հանդիպում լինի, արդեն ստիպված ենք բացահայտել: Հայ ազգային կոնգրեսում հարցն այնքան դելիկատ է, որ էդպես չէ, որ ես թույլ տամ ինձ մեկին հարցնել` ի՞նչ կարծիք ունես կամ ի՞նչ ես մտածում: Միեւնույն ժամանակ ասեմ այն, ինչ նախկինում էլ ասել եմ` ՀԱԿ-ը բոլոր դեպքերում ունի մարդկանց թիմ եւ անուններ ենք տվել, որ կարող են լինել թեկնածուներ: Այս պահին ճիշտն այն է, որ մենք սպասենք Տեր-Պետրոսյանն ինչ կորոշի»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հրանտ Բագրատյանն ինքը կա այդ թեկնածուների թիմում, պարոն Բագրատյանն ասաց. «Չեմ կարող իմ մասին խոսել, անհամեստ կլինի, սիրուն չի»:
Հարցին էլ, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վերաբերյալ Կոնգրեսում ինչ տրամադրություններ են, պարոն Բագրատյանն ասաց, որ ինքն անձամբ այդ թեմայով քննարկումների չի մասնակցել, եւ չեն էլ հրավիրել, պարզապես պարոն Բագրատյանը մշտապես ՀԱԿ-ում հետաքրքրվել է` թե ի՞նչ լուրջ բան կա «Բարգավաճի» հետ, իրեն հանգստացրել են. «Տենց առանձնապես բան չկա, մարտավարության հարցեր են: Բայց մարտավարություն-մարտավարություն, ես տեսնում եմ, որ շատ մարդիկ հենց սկսում են խոսել, անպայման սկսում են «Բարգավաճից», ես չեմ բացառում, որ տակը բան էլ չկա: Եթե տակը բան էլ չկա, վաղը մյուս օր հերթական անգամ մի հիմար կացության առաջ կկանգնենք: Ինչքանո՞վ է դա լուրջ , ինձ ոչինչ հայտնի չէ»:
Կարդացեք նաև
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքերով` Կոնգրեսում կարեւորագույն որոշումները քննարկվում են, որեւեէ որոշում «Բարգավաճի» կամ այլ կուսակցության մասով չեն քննարկել. «Մի հանգամանք էլ կա, այդտեղ որոշ մարդիկ շտապում են: Նրանք, ովքեր հայտարարում են` այս ուժը` սենց, այն ուժը`նենց: Եթե տեսնում եք, «Բարգավաճն» ավելի զգույշ է արտահայտվում, եւ ճիշտ է անում: Հիմա, մենք սովոր ենք, որ քննարկում լինի, դրան պատասխանվել է, թե քննարկում եղել է օգոստոսին եւ իբր լիազորել ենք, որ խոսեն էդ մասին, ինչ-որ սենց բաներ…Ես չեմ սիրում դա, իմ ընկերներին էլ զգուշացնում եմ, ես չեմ սիրում, որ կառչում են բառից: Կարծում եմ` ջուրը մտնելուց առաջ`բոբիկանալ պետք չէ, կգա ժամանակը` կտեսնենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ