Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. Խարիզմատիկ եկեղեցու հետեւորդներն ի վերջո հոգեկան խնդիրներ են ունենում

Նոյեմբեր 02,2012 17:15

«Հայաստանում կա 350-350.000 ոչ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որոնք կազմում են մեր բնակչության 15 տոկոսը: Միայն քայքայիչ աղանդների  հետեւորդների թիվը 120.000 է: Նման փոքր պետության համար այդպիսի  թվերը ձեռնտու են արտասահմանին: Իսկ կրոնական կառույցներին ճնշելու փորձերի դեպքում ասում են, թե մարդու իրավունքներն ենք խախտում: Օրենքը գրանցում է կրոնական կառուցներին, սակայն թույլ չի տալիս ուսումնասիրել նրանց ներքին խոհանոցը: Մենք ընդունում ենք օրենք, հետո նոր մտածում` ինչպես այն օգտագործել»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Նա հայտնեց, որ Հայաստանում գրանցված է 67 կրոնական կառույց, որոնցից միայն 10-ն են Առաքելական եկեղեցունը: Չգրանցվածները շուրջ 200-ն են. «Կրոնական կառույցները գերազանցում են կուսակցությունների թիվը: Իսկ խարիզմատիկ եկեղեցու ներկայացուցիչները ներգրավված են բոլոր ոլորտներում` պետական համակարգերում, շոու-բիզնեսում, ուսումնական հաստատություններում, բժկության մեջ եւ այլն»:

Մասնագետի խոսքով. «Խարիզմատիկ եկեղեցու` Հայաստանում գործող կառույցների հետեւորդներն ի վերջո հոգեկան խնդիրներ են ունենում: Ալլա Գյուլնազարյանը բնակարաններ ունի Սարյան  եւ Նալբանդյան փողոցներում, բայց կինն այժմ գտնվում է հոգեբուժարանում, իսկ բնակարաններն օգտագործում են «Կյանքի խոսքի» ղեկավարները: Կնոջ բարեկամները ուզում են սահմանափակել նրա իրավունքները, որպեսզի բնակարանները չհանձնի «Կյանքի խոսքին»: Իսկ «Նոր Սերնդից» մի երիտասարդ նույնպես հոգեբուժարանում է եւ առանց հոգեմետ դեղերի չի կարողանում ապրել: Հիշենք 2003թ.-ին տեղի ունեցած ոսկերչի սպանության դեպքը. նրան սպանեցին եւ հրկիզեցին սատանիստական արարողության ժամանակ, իսկ մեղավորնեը դարձան ցմահ ազատազրկման դատապարտվածներից առաջինները: Նմանատիպ դեպքերը արձանագրվում են որպես կենցաղային սպանություններ, բայց իրականում տեղի են ունենում կրոնական հողի վրա»:

Ալեքսանդր Ամարյանը փաստեց, որ մենք չունենք խնդրով զբաղվող համապատասխան մասնագետներ. «Աստվածաբանության ֆակուլտետը չի պատրաստում աղանդագետների: Ճիշտ է, մեր աստվածաբանները տիրապետում են իրենց մասնագիտությանը, բայց լավ փորձագետ դառնալու համար պետք է լավ աղանդագետ լինել: Ֆրանսիայում գործում է կրոնական ոստիկանություն, իսկ Գերմանիայում` ՆԳՆ-ին կից կառույցներ, որոնք զբաղվում են կրոնական հարցերով: Ինչո՞ւ մենք չունենք նման կառույցներ: Ինչո՞ւ է ԱԺ-ն սառեցնում օրենքի նախագծերը եւ քննարկում չի կազմակերպում կրոնական հարցերով»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930