Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. Մարգարյանը՝ Gallup-ի հարցումների մասին. «Այդ տվյալներին երբևիցե չեմ հավատացել և չեմ հավատում»

Նոյեմբեր 02,2012 16:58

Gallup International Association-ի հայկական գրասենյակի կողմից անցկացված հարցումների համաձայն` «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա ո՞ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեիք» հարցի պատասխանների արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, ոչ մեկին, Րաֆֆի Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վարդան Օսկանյան, Վահան Հովհաննիսյան, Արթուր Բաղդասարյան և այլն:

Ներկայացված արդյունքները որքանո՞վ են արտացոլում հայ հասարակության շրջանում ներկայումս՝ նախագահական ընտրություններին ընդառաջ տիրող տրամադրությունները, Aravot.am-ը փորձեց պարզել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցում: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշված հարցի կապակցությամբ այսպիսի կարծիք հայտնեց. «Սրանք թվեր են, որ ստացվել են ինչ-որ մեթոդաբանության շրջանակներում, որքան ես գիտեմ՝ բաց հարցի դեպքում, երբ ընտրողն է անուններ թվարկում: Այս թվերն արտացոլում են ողջ հասարակությունն իր վախերով, հիասթափություններով և ամեն ինչով: Այնպես որ, չէի ասի, թե ապագա նախագահական ընտրությունների միանշանակ պատկերն է, թեկնածուների իրական հնարավորություններն է արտացոլում, քանի որ քաղաքական գործընթացները ստատիկ չեն ու այսպիսի անկայուն և անորոշ իրավիճակում կարող է պատկերը արմատապես փոխվել անգամ մեկ գիշերում: Այդ արդյունքները ուղղակի կընդունեմ ի գիտություն»:

Մեր այն հստակեցմանը, թե, արդյոք, իրատեսակա՞ն են այն տվյալները, թե հիմնական մրցակիցներ են լինելու Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, Ս. Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Տեղյակ եմ, որ կան սպասումներ, որ ԲՀԿ-ն կպոկվի Հանրապետականից: Բայց որ կան սպասումներ, որ ԲՀԿ-ի առաջնորդին տեսնենք երկրի նախագահի պաշտոնում, ես այդպիսի դիտարկումներ չունեմ»:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էլ  նշեց, որ Gallup-ի տվյալներին երբևիցե չի հավատացել և չի հավատում ու պետք է Նոստրադամուս լինել, որ նման տվյալներ հրապարակել: Այնուհետև մանրամասնեց. «Դրանք կտրված են ՀՀ-ում տիրող իրավիճակից, ընդամենը շահեկան մոտեցումներ են ցուցաբերում: Հիմա դեռ շուտ է խոսել այդ մասին,  տեղեր բաժանել: Կարծում եմ՝ նոյեմբերի վերջին ավելի հստակ կերևա»:

Պարոն Մարգարյանը հարց է բարձրացնում, թե արդյոք  Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարել են իրենց թեկնածության առաջադրման մասին, որ խոսվի այդ մասին:

Իսկ թե որո՞նք են այդ շահեկան մոտեցումները, արդյոք պարոն Մարգարյանը նկատի ուներ իշխանությանը հաճոյանալու հանգամա՞նքը, մեր հստակեցմանն ի պատասխան՝ պարոն Մարգարյանն ասաց. «Հաճոյանալու խնդիր չէ: Ավելի խորը հետապնդող նպատակներ եմ տեսնում: Այսօր հայաստանյան ռեժիմը կատարում է դրսի պատվերները, ազատ չեն, ինքնուրույն չեն գործում և դրա հետ միասին պատվերների շրջանակում կարող ենք լսել Եվրախորհրդի, նրա կառույցների կամ Gallup-ի գնահատականները: Այնինչ պետք է  վերցնել հասարակ քաղաքացու խոսքը: Փորձեք 1000 հոգու շրջանում հարցում անել, կտեսնեք, որ եթե ոչ բոլորը, ապա 990 -ը կասի, որ դեմ է Սերժ Սարգսյանին: Օբյեկտիվ բարոմետրը՝ ժողովրդին, թողել եք և վերցնում եք շինծու արհեստական գնահատականները,  ինչը ինձ համար ընդունելի չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930