«Մենք որեւէ մեկի ընտրապայքարի մեջ մտնելը չենք թերագնահատում»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը պատասխանում էր Aravot.am-ի այն հարցին, թե, իր կարծիքով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2013թ. նախագահական ընտրություններում ընտրապայքարի մեջ մտնելը կարո՞ղ է հանրապետությունում իրավիճակ փոխել, այնպես, ինչպես 2008-ին էր:
Պարոն Աբրահամյանը հիշեցրեց, որ Հանրապետականն ունի իր թեկնածուն եւ այն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ու հավելեց, որ իրենք չեն սպասելու, թե ով երբ է առաջադրվելու. «Գործընթացը սկսված է, մենք պատրաստվում ենք նախագահական ընտրությունների: Մեր գործունեությունը չենք պայմանավորում այլոց գործողություններով: Դեկտեմբերի 15-ի համագումարում ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին»:
Այլ քաղաքական ուժերի հետ հետագա համագործակցությունների համատեքստում ԱԺ նախագահն ասաց, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, որը չի լինի ՀՀԿ-ի հեղինակության հաշվին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ արդեն ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության համատեքստում, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե ով ում հետ կհամագործակցի եւ որեւէ համագործակցության մեջ ինքը վտանգներ չի տեսնում: Բայց իրենց խնդիրը համարում է այն, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը սատարեն ՀՀԿ-ի թեկնածուին:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցերի համատեքստում անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործի քաղաքական ենթատեքստին, ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ՀՀԿ խմբակցությունը այդ առիթով բարձրաձայնել է իր տեսակետը՝ ի դեմս Հայկ Բաբուխանյանի հայտարարության: Նա մեկ անգամ եւս վերահաստատեց իր անձնական կարծիքը, որ այդ հարցում որեւէ քաղաքական ասպեկտ չկա եւ որեւէ մեկը, այդ թվում՝ նաեւ Վարդան Օսկանյանը, եթե արդար է, պետք է քննչական գործողություններով ապացուցի իր անմեղությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ