Լոռու մարզի բնակչության մեծ մասը տեղյակ չէ իր իրավունքներից: Այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանը:
Խոսելով իրավագիտակցության մակարդակի մասին` փաստաբանը նշում է, որ այն բավականին ցածր է. «Մեծամասնությունը որեւէ տեղեկություն չունի իր իրավունքների մասին, եւ չգիտի, թե փաստաբանն ինչ է ըստ էության»:
Նա հավելում է, որ բնակչության շրջանում միտում կա փաստաբանին դիմել այն ժամանակ, երբ հարցի լուծման այլընտրանքային ուղիները այլեւս սպառել են իրենց.
Կարդացեք նաև
«Ժողովուրդը սկզբից մտածում է այլեւայլ ճանապարհներով իր հարցը լուծել, այդ թվում եւ կոռուպցիոն: Երբ չի ստացվում, նոր դիմում են փաստաբանի: Սակայն մեղադրել չի կարելի, քանի որ մարդը գիտի` կարող է այդպես էլ հարց լուծել, այդ իսկ պատճառով էլ սկզբից այլընտրանքն է փորձում»:
Նրա գործընկեր, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հովսեփ Հովսեփյանն էլ նկատում է, որ իրավագիտակցության ցածր մակարդակը առավելապես ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ անձը ներգրավվում է քրեական գործում որպես կասկածյալ կամ մեղադրյալ.
«Վստահելով քննիչին եւ ունենալով ցածր իրավագիտակցություն`մեծ մասամբ նախաքննության ընթացքում հրաժարվում են պաշպան ունենալուց, դա հանգեցնում է նրանց իրավունքների ոտնահարման նախաքննական մարմնի կողմից: Հետագայում, երբ անձը գիտակցում է, որ, այնուամենայնիվ, իրեն պաշտպան է պետք, այդ հարցերը արդեն բարձրացվում են դատաքննության ընթացքում»:
Նա նկատում է, որ այլ ոլորտներում եւս խախտվում են մարդկանց իրավունքները:
«Բնակիչները չունեն անգամ անհրաժեշտ կամային որակներ` պաշտպանելու իրենց իրավունքները ոչ միայն նախաքննական մարմիններում, այլեւ սոցիալական ու այլ ոլորտներում: Այդ առումով մեր դպրոցը, թերեւս, անելիք ունի»,-ասում է փաստաբանը:
Գրասենյակի մեկ այլ փաստաբան՝ Արսեն Սերոբյանն էլ, խոսելով իրավագիտակցության ցածր մակարդակի պատճառների մասին, նկատում է, որ մարդկանց առաջ ծառացած սոցիալական խնդիրները հնարավորություն չեն տալիս ընդլայնելու մտահորիզոնն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
«Մարդիկ մտածելու ժամանակ էլ չունեն, քանի որ ուղեղները ծանրաբեռնված են միայն ընտանիքը, երեխաներին կերակրելու հարցերով: Երբ այդ խնդիրը կվերանա, կսկսեն այլ պահանջմունքների բավարարման մասին էլ մտածել»,-եզրափակում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ