Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը եղել են նույն ինքնաթիռում

Նոյեմբեր 02,2012 16:26

«Այո, մենք վերադարձել ենք նույն ինքնաթիռով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ Չեխիայից վերադառնալիս, Ձեզ հետ նույն ինքնաթիռում է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Լրագրողները փորձեցին խորհրդարանի ղեկավարից ճշտել՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցի ժամանակ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ քննարկումներ են եղել: «Մեր զրույցը չի վերաբերել քաղաքական իրավիճակին: Պարոն Քոչարյանին ես պատմել եմ Չեխիայի Հանրապետություն կատարած այցի մասին, այն ամենը, ինչ նոր ձեզ պատմեցի»,- ասաց խորհրդարանի ղեկավարը:

Լրագրողները փորձեցին ճշտել նաեւ՝ Քոչարյան-Աբրահամյան ինքնաթիռային հանդիպումը նախապես պայմանավորվա՞ծ է եղել, թե՞ պատահականություն: Հովիկ Աբրահամյանը հեգնեց. «Դա լավ ձեւաչափ չէ՝ պայմանավորվել ինքնաթիռում հանդիպել»: Ապա հստակեցրեց, որ իրենց հանդիպումը նախապես պայմանավորված եւ պլանավորված չի եղել, որ պատվիրակության անդամները ինքնաթիռում են եղել, երբ ներս է մտել Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ Հովիկ Աբրահամյանի, հանրապետական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ քաղաքավարությունից եւ հարգանքից դրդված՝ իր տեղը զիջել է Ռոբերտ Քոչարյանին: Արդյունքում՝ Քոչարյանն ու Աբրահամյանը ինքնաթիռում նստել են կողք-կողքի:

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ՀՀԿ հետագա հարաբերությունների համատեքստում վերահաստատեց նախապես արտահայտած իր այն ցանկությունը, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բանախոսը հստակեցրեց, որ այդ հարցի շուրջ երկու կուսակցությունների միջեւ պաշտոնական բանակցություններ չեն ընթանում:

ԱԺ նախագահը եւս չբացառեց, որ նախագահական ընտրությունների շեմին նոր կոալիցիոն հուշագիր ստորագրվի, որի մասնակիցը լինի նաեւ ԲՀԿ-ն: Հիշեցնենք, որ վերջերս նման կարծիք էր արտահայտել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երկու պաշտոնյաներն էլ ելնում են այն իրողությունից, որ քաղաքականության մեջ երբեք եւ ոչինչ չի կարելի բացառել: «Թե ինչ ձեւով կամ ձեւաչափով ինչ-որ բան կլինի, իմ նպատակն է, որ ունենանք համերաշխ ընտրություններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողներից մեկի հարցին էլ ի պատասխան հստակեցրեց, որ ՀՀԿ-ում չի քննարկվել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ով է լինելու Սերժ Սարգսյանի շտաբի պետը: Համաձայնեց այն դիտարկմանը, որ այդ մասով ինքը բավականին մեծ փորձ ունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930