2013 թվականի բյուջեում չկան ճիշտ միջոցներ երկրի ֆինանսական համակարգն ադեկվատ պահելու համար: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր եւ նախկին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա կարծիքով` բյուջեի տրամաբանությունն ու գաղափարախոսությունն ամբողջությամբ սխալ է:
«Նախ կառավարությունն ասում է, որ բյուջեն սոցիալական է, սա վարչապետի խոսքերն են, ստիպված ես ասել` ոչ սոցիալական բյուջե չի լինում, բյուջեն ֆինանսավորում է հանրային կարիքները, դրանք բոլորն էլ սոցիալական են: Բյուջեում ակնհայտորեն չեն ձեւավորված միջոցներ, որպեսզի մենք կարողանանք աճ ստանալ: Առեւերեւույթ կա 110 միլիարդ դրամի աճ, բայց եթե չեզոքացնում ենք գնաճը, որն ավտոմատ բերում է աճի, չեզոքացնում ենք «Եկամտահարկի մասին օրենքի» փոփոխությունը, եւ չեզոքացնում ենք նոր հարկային վարչարարությունը եւ օրենքի փոփոխությունները, որը 60 միլիարդ է բերելու, տակը բան չի մնում»:
Ըստ պարոն Բագրատյանի, բյուջեի նախագծով ոչ միայն քայլ չի արված ստվերը կրճատելու համար, այլ բեռը փոքր ու միջինի վրա էլ ավելի է մեծանալու: Նախկին վարչապետի համար առնվազն տարօրինակ է, որ ԱԺ-ում բյուջեի քննարկումը սկսվում է ծախսերից, մինչդեռ այն պետք եկամուտներից սկսվի:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Մի կողմից կառավարությունը ճգնում է, որ մի 100 միլիոն դրամ գտնի, ասենք, բժշկության համար, բայց, պարոն Բագրատյանի խոսքերով ասած` անհասկանալի է այն ցոփությունը, որը կա ֆինանսական ոլորտում, Կենտրոնական բանկում. «Չենք կարողանում հասկանալ, ինչո՞ւ է տնտեսական քաղաքականության արդյունքում, ազգային վիճակագրությամբ, ոլորտներից մեկում աշխատավարձերը մշտապես 6 անգամ ավելի են, քան մյուս ոլորտներում: Դա նշանակում է հարկման տարբեր մեխանիզմներ են, այսինքն ֆինանսական ոլորտը, հատկապես բանկային, ադեկտվատ չեն հարկվում: Հետո մենք հասկանում ենք, որ չնայած ինֆլիացիայի կիսմանը, բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնն են, ճիշտ է, բյուջեում ցույց են տալիս, որ կես տոկոս փոխվել է, ԿԲ-ն իրա թղթի մեջ գրել է, բայց երբ նայում ենք, թե որքան են չբաժանվող մնացորդ վերցնում քարտերի եւ այլնի համար, տեսնում ենք տենց բան չկա: Կան էլիտ ոլորտներ, կան տեղեր, որ ձեռք տալ չի կարելի, հատկապես խոշորները, ստվերը հիմնականում այստեղ է, որը կապված է պետության հետ, կա ոլորտ` փոքր ու միջին բիզնես, որ կարելի է անընդհատ ճնշել»:
Պարոն Բագրատյանը բյուջեի մասին առայժմ շատ բան չի կարող ասել, եւ ինչպես ինքը վստահեցրեց, նոյեմբերին նախագծի քննարկման պիկն է լինելու, իսկ պատգամավորն այսօրվանից, կամ վաղվանից մի քանի տասնյակ էջանոց, կետ առ կետ դիտողություններ է գրելու եւ ներկայացնելու ԱԺ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ