Գյումրու կենտրոնում` « Ասլամազյան քույրերի» տուն –թանգարանի անմիջական հարևանությամբ, դեռ մեկ ու կես տարի առաջ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ախուրյանի Ճանշին»- ի ղեկավար Կոլյա Հարությունյանի հետ համատեղ սկսել էր կառուցել 5 հարկանի սպասարկման օբյեկտ: Քաղաքապետը շինարարություն էր ծավալել հենց այն վայրում, որտեղ 23 տարի առաջ եղել էր Գյումրու ամենամեծ` 5 հարկանի հանրախանութը, որը, սակայն, երկրաշարժին հողերին էր հավասարվել:
Ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետը այդ տարածքը գնել էր «Տավրոս» կոշիկի գործարանի սեփականատեր, շիրակցի գործարարների միության նախագահ Կարապետ Մովսիսյանից` Նաբիից: Վարդան Ղուկասյանը պատրաստվել է հասարակական նշանակության սպասարկման օբյեկտ կառուցել, 1-2 հարկերը որպես խանութ ծառայեցնել, իսկ բարձր հարկերը` հյուրանոց:
Լուսանկարից երևում է, որ վերջինս բավականին մեծ ծախսեր է արել , անգամ փորձել է պահպանել «Կումայրի արգելոց- թանգարան»-ի ոճը: Սակայն օրերս հայտնի դարձավ, որ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրահանգել է դադարեցնել այդ շենքի շինարարությունը` պատճառաբանելով, որ այն ապօրինի է:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից հարցրեց` թե ինչո՞ւ է Սամվել Բալասանյանը դադարեցրել այդ կառույցի շինարարությունը: «Մենք տեղեկացրել ենք, որ ստուգումներ ենք կատարելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև շինարարության, Ձեր նշած հասցեի շինարարության մասին կոնկրետ տեղեկությունների դեռ չենք տիրապետում, եթե ստուգենք ու համոզվենք, որ ընթանում է օրենքի խախտմամբ, ապա, բնականաբար, այն կարգելվի», -այսպես պարզաբանեց մամլո քարտուղարը:
Միչդեռ Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից ճշտեց, որ շինարարությունը սկսած պահից ապօրինի է, քանի որ թե Շիրակի մարզպետարանը, թե քաղաքաշինության նախարարությունը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու թույլտվություն չեն տվել, նախագծային փաստաթղթերի համաձայնեցում չի եղել:
Ի դեպ , մարզպետարանից նաև նշեցին, որ որքան էլ գյումրեցիները համոզված խոսեն, թե այդ կառույցը պատկանում է Վարդան Ղուկասյանին ու «Ախուրյանի Ճանշին»-ի ղեկավարին, փաստաթղթերում քաղաքապետ Ղուկասյանը որպես համասեփականատեր որևէ տեղ չի երևում: Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքապետ Ղուկասյանը, բացարձակապես հաշվի չառնելով քաղաքաշինության նախարարության ու Շիրակի մարզպետարանի եզրահանգումները, սկսել է շինարարությունը, և այն ժամանակ կառույցի ապօրինի լինելու մասին ոչ մեկը չի բարձրաձայնել, իսկ այժմ հին քաղաքապետի մոտ դարձյալ վատամարդ է դառնում նորը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ