Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է ռուսական երգի փառատոնը. ԿԳ նախարարի երգերից չի հնչել

Նոյեմբեր 02,2012 15:43

Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» խորագրով ռուսական երգի փառատոնի մարզային փուլը, որտեղից պետք է ընտրվեն լավագույնները եւ մասնակցեն հանրապետական փուլին: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց փառատոնի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը, կատարողի գնահատման չափանիշ կդիտվի նաեւ ռուսերեն բառերի ճիշտ արտասանությունը, երգի հեղինակների, երգի ստեղծման պատմության մասին կատարողի իրազեկվածությունը: Եզրափակիչ փուլը տեղի կունենա Երեւանում` դեկտեմբերի 17-ին` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, իսկ գալահամերգը դեկտեմբերի 20-ին` «Արամ Խաչատրյանում»:

Փառատոնի մասնակիցներին այսօր ողջունել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Գարիկ Ղազարյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, որը նաեւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահն է: Հիշեցնենք. որ փառատոնն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, ՌԴ «Русский мир» հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ ԿԳ նախարարության եւ այլ գերատեսչությունների աջակցությամբ: Աստղիկ Ավետիսյանից տեղեկացանք, որ երեխաները պետք է ռուսական շուրջ 300 երգից 4-5 ժանրով երգեր ընտրեն, կարող են ներկայացնել նաեւ հայկական երգեր՝ ռուսերենով: Հետաքրքրվեցինք՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի երգերից կատարվե՞լ են: «Գեղարքունիքում՝ ոչ»,- պատասխանեց փառատոնի հանրային կապերի պատասխանատուն:

Իսկ ինչո՞ւ հենց ռուսական, եւ ոչ թե, օրինակ, ֆրանսիական երգի փառատոն: Տիկին Ավետիսյանի խոսքով, փառատոնն անցկացվում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ու բարեկամության ֆոնի վրա, եւ կարեւոր շեշտադրում ունի՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես. «Ոչ միայն ռուսերենը, այլեւ մյուս օտար լեզուները կարեւորելով՝ չպետք է նսեմացնել հայոց լեզուն, որովհետեւ այն մեզ համար առաջին եւ գլխավոր տեղում է: Մյուս կողմից էլ՝ մեր երիտասարդները եւ պատանիները պետք է լավ տիրապետեն օտար լեզուների, որպեսզի կարողանան իրենց դրսեւորել գլոբալ աշխարհում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930