Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի քանի արտահայտություններ էր արել՝ կապված դատապարտյալների բողոքների հետ, ինչը քաղաքացիների շրջանում դժգոհություն էր առաջացրել ու վերջիններս որոշել էին արդարադատության նախարարության շենքի առջեւ իրենց բողոքն արտահայտել. «Նախարարը անթույլատրելի բաներ է ասել, որը հարիր չէ ոչ միայն արդարադատության նախարարին, այլեւ մարդուն, նա ասել էր՝ թե ինչպես աղջիկներն են ականջները ծակում, այնպես էլ դատապարտյալները կարող են կարել իրենց բերանները… Նախարարը երեւի կարծում է, թե բոլորն իր պես են մտածում, բայց մենք այս ակցիայով ուզում ենք ցույց տալ, որ հասարակությունը դեմ է այդ վերաբերմունքին եւ նա չի կարող այդպես արտահայտվել: Նախարարը ունի կոնկրետ գործառույթներ, եւ պետք է կատարի դրանք, այլ ոչ թե անպատասխանատու արտահայտություններ անել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Լալա Ասլիկյանը:
Բողոքավորների խոսքով՝ քանի որ նախարարը համարում է, որ բերան կարելը սովորական է, ականջ ծակելը եւս, իրենք առաջարկում են արդարադատության նախարարին լինել «սովորական տղամարդ», կարել բերանն ու կոպերը, ինչն իրականացնելու համար իրենց հետ թել ու ասեղ էին բերել:
Մեկ այլ բողոքավորի՝ Աննա Շահնազարյանի խոսքով էլ Հրայր Թովմասյանը ամենակարեւոր դիրքն է գրավում արդարություն հաստատելու հարցում, հետեւաբար նման անպատասխանատու մտքեր արտահայտելը անթույլատրելի է:
Կարդացեք նաև
Մի քանի հոգով բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները արդարադատության նախարարին նամակ հանձնեցին, որտեղ մասնավորապես նշվում էր. «Պարոն նախարար, մենք հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կար ու ձեւի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով: Ինչն էլ չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը»:
Ցուցարարներին հանդիպեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը՝ առաջարկելով նրանց բարձրանալ նախարարի մոտ, բայց վերջիններս մերժեցին, պահանջելով, որ նախարարն իջնի, ու այդպես էլ եղավ:
Հրայր Թովմասյանը բողոքավորներին միացավ անեկդոտ պատմելով. «Մեկը մյուսին ասում է՝ լսել ես, որ Երեւանում ֆուտբոլիստ Իշտոյանը սպորտ լոտոյով 10 հազար ռուբլի է շահել, մյուսն ասում է՝ լսի չէ, դա ոչ թե Երեւանում է եղել , այլ՝ Մոսկվայում, ոչ թե ֆուտբոլիստ Իշտոյանը, այլ՝ շախմատիստ Պետրոսյանը, ոչ թե սպորտ լոտոյով է շահել, այլ՝ կարտով, ու կրվել է, բայց ոչ թե 10 հազար, այլ՝ 5 հազար ռուբլի: Պատասխանելով ձեր հարցին, ասեմ, երբ մեկը ինչ որ բան է լսում, երբ այդ մասն իր ընկալմամբ փոխանցում է մյուսին ու երրորդն էլ սկսում է քոմենթներ անել, ստացվում է այն՝ ինչ կա: Իսկ երբ մի մասը չարացած է, ուզում է երեւույթները տեսնել այնպես, ինչպես իրեն է ցանկալի, սա լավ չէ: Ես խոսել եմ մեկ անձի մասին եւ ասել, որ այդ տիպի մարդկանց մոտ ինքնավնասման հակում կա: Ամբողջ աշխարհում նման երեւույթներ կան, եւ բոլոր տեղերում, ցանկացած քրեակատարողական հիմնարկներում կան հատուկ առանձին սենյակներ, որտեղ նրանց հագցնում են մեկանգամյա օգտագործման հագուստներ ու այդ սենյակներում սուր անկյուն չկա: Ցավոք մեր քրեակատարողական հիմնարկներն այդ հնարավորությունները չունեն:
Թող ոչ մեկն այս երկրում չմտածի, որ ինքը դատապարտյալների մասին ավելի շատ է մտածում, քան՝ ես: Այո մարդիկ սխալ են գործել, խեղված ճակատագրեր կան, բայց այս երկրում ինձանից շատ նրանց մասին ոչ ոք չի մտածում: Ոչ մի բանական մարդ չի կարող ասել, որ ինքնավնասումը նորմալ է, այս երեւույթները կան, անցանկալի են, բայց դրանք գնալով կրճատվելու են»,- ասաց Թովմասյանը:
Ըստ նրա, ակցիայի կազմակերպիչներին հավանաբար ինչ որ մարդիկ են ուղարկել ու ինքը հասկանում է, որ որոշ մարդիկ ուզում են պրոցեսներ լարել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ