Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՏԱԾԵԼՈՒ ՊՐՈՑԵՍԸ

Նոյեմբեր 02,2012 15:16

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ իններորդ

ՄՏԱԾԵԼՈՒ ՊՐՈՑԵՍԸ

Եվ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «խանգարում ես», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն եմ խանգարում», եւ Վահանը խորամանկ ժպտալով ասաց՝ «չես թողում պարոն Ներսիսյանը կենաց ասի», եւ Ներսիսյանը նայեց Վահանին ու ժպտալով ասաց՝ «դուք էլ փորձեք կենտրոնանալ» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «տիար Շեկունցին էլ կենտրոնանալն առանձնապես չէր խանգարի», եւ ես ժպտալով ասացի՝ «լսում եմ, պարոն Ներսիսյան», եւ Ներսիսյանը ժպտալով ինձ ասաց՝ «հոգաչափ շնորհակալ եմ» եւ գավազանին հենվելով ու ոտքի կանգնելով ավելացրեց՝ «այս կենացը կփորձենք հոտնկայս խմել, պարոնայք», եւ բոլորս ոտքի կանգնեցինք, եւ Ներսիսյանը Ֆերեշեթին նայելով ավելացրեց՝ «հոտնկայս եւ լռելյայն» եւ մի քիչ մտածեց, նայեց Վահանին, հետո նայեց առաստաղին, այնուհետեւ հայացքն իջեցրեց ու չափազանց մեղմ ձայնով ասաց՝ «լուսահոգի տիար Ռաֆայել Իշխանյանի կենդանի կենացը» ու էդ ասելով՝ մինչեւ վերջ խմեց, այնուհետեւ գավազանին հենվելով նստեց ու Ֆերեշեթին նայելով ասաց՝ «խնդրում եմ այս կենացը լռելյայն խմել», եւ մենք լռելյայն խմեցինք, եւ Ներսիսյանն ասաց՝ «խնդրում եմ նստել», եւ մենք նստեցինք, եւ Ֆերեշեթը ժպտալով ասաց՝ «մի անգամ Իշխանյանի քննության ժամանակ…», եւ Ներսիսյանը Ֆերեշեթի վրա գոռաց՝ «պապանձվե՛ք» եւ մի քիչ մտածեց ու ձայնը ցածրացնելով ավելացրեց՝ «սա ձեզ համար հուշերի եւ տպավորությունների երեկույթ չէ, քաղաքացի վունդերկինդ», եւ Վահանը ժպտալով Վարդանին ասաց՝ «պարոն Ներսիսյանը ճիշտ ա ասում», եւ Ներսիսյանը ժպտալով Վահանին ասաց՝ «ոչ մի ավելորդ խոսք» եւ ժպտալով ավելացրեց՝ «նույնիսկ ձեր այդ պարոնն է ավելորդ», եւ Վահանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պարոն»,  եւ Վարդանը ժպտալով Վահանին ասաց՝ «վերջերս ինքը նեղվում ա, որ իրան պարոն Ներսիսյան են ասում», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «մեկ շնչին  ընկնող պարոնների թվաքանակով մենք վաղուց արդեն Ամերիկայից անցել ենք», եւ Վահանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «հո ընկեր Ներսիսյան չեմ ասի», եւ Ֆերեշեթը փռթկացնելով Վահանին ասաց՝ «որ ընկեր ասես, ավելի կջղայնանա», եւ Վահանը մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «բա ի՞նչ ասեմ», եւ Ֆերեշեթը փռթկացնելով  Վահանին ասաց՝ «էդ հարցը որ իրան մի քանի ամիս առաջ տվեցի, ինքն ասեց՝ էֆենդի ասա» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «դրա համար էլ վերջերս իրան Էֆենդի եմ ասում», եւ Ներսիսյանը ժպտալով Վահանին ասաց՝ «դուք էլ կարող եք փորձել», եւ Վահանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դժվար թե ստացվի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Վահանին ասաց՝  «կարող եք պարզապես Լեւոն ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «չէ՞ որ վաղուց իմ ուսանողը չեք», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «մենք միշտ ձեր ուսանողն ենք», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ի վերջո, այդ կոչականներն ամենեւին էլ էական նշանակություն չունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ այդ անկոչ կոչականները» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինչ վերաբերում է տիար Ռափայել Իշխանյանին, այդ անձնվեր անձնավորության մասին միայն ձեր խոնարհ ծառան կարծիք հայտնելու իրավունք ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լուսահոգին եւ ձեր խոնարհ ծառան ոչ մի կերպ չէին կարողանում իրենց անպաշտպան հոգիները զետեղել Երեւանի համալսարանի հույժ խորհրդային համակարգում» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «փաստորեն, մեր  երիտասարդության լավագույն տարիներն այդ համակարգը խժռեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «խորհրդային  քամիները քշեցին ու հօդս ցնդեցրին մեր լավագույն տարիները» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց ինձ ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «անվերջանալի անձրեւ տեղաց անպաշտպան սիրտն ու հոգին թրջող», եւ Ֆերեշեթը Ներսիսյանին հարցրեց՝ «էդ ո՞ւմ տողերն են», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «եթե իրավ ինտելեկտուալ եք, պարտավոր եք ինքներդ պատասխանել ձեր իսկ հարցին», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու քթի տակ մրմնջաց՝ «անվերջանալի անձրեւ տեղաց անպաշտպան սիրտն ու հոգին թրջող» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ ծանոթ տողեր են», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե մի քանի գավաթ պակաս ըմպած լինեիք, երեւի հիշեիք՝ ում տողերն են» եւ ինձ ու Վահանին նայելով ու փռթկացնելով ավելացրեց՝ «հիմա կասի՝ ընդամենը չորս բաժակ եմ խմել», եւ Ֆերեշեթը քթի տակ մրմնջաց՝ «շատ ծանոթ տողեր են», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորը ծանոթն ու անծանոթը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորը բովանդակությունն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եթե ուզում եք իմանալ, բովանդակությունն էլ առանձնապես կարեւոր չի», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորն այն է, որ հանկարծ չգիտես որտեղից ինչ-որ  տողեր են հայտնվում եւ գալիս ու լռվում են ուղեղիդ մեջ» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «եւ ոչ մի կերպ ուղեղիցդ դուրս չեն գալիս», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու գլուխը տմբտմբացնելով ասաց՝ «ըտենց շատ ա պատահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց հետաքրքիր տողեր են», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ պարզ չէ՝ տողե՞ր են, թե՝ ընդամենը մի տող» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող է կատարյալ անհեթեթություն լինի, բայց տեւականորեն մխրճվի ուղեղիդ մեջ եւ ոչ մի կերպ այնտեղից դուրս չգա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «ձեզ հետ արդյոք չի՞ պատահել, քաղաքացի Շեկունց», եւ մինչ կմտածեի, Ֆերեշեթը փռթկացրեց, եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «ինչո՞ւ եք հռհռում, երիտասարդ», եւ Ֆերեշեթը փռթկացնելով Ներսիսյանին ասաց՝ «որ Արմենին Շեկունց ես ասում, ծիծաղս գալիս ա», եւ Ներսիսյանը թարս նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «եթե ձեր ծիծաղը գալիս է, կարող եք լիաթոք ծիծաղել եւ ոչ թե՝ անհեթեթ բացատրություններ տալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որոշ դեպքերում ծիծաղի զսպումն առավել վտանգավոր է, քան նույնիսկ՝ ամենաանտեղի ծիծաղը» եւ մի քիչ էլ մտածեց  ու ժպտալով ինձ ասաց՝ «ես ձեր պատասխանին եմ սպասում, քաղաքացի Շեկունց», եւ Ֆերեշեթը փռթկացրեց, եւ Ներսիսյանը թարս նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «խնդրում եմ լռություն պահպանել» եւ մի քիչ մտածեց ու ինձ նայելով հարցրեց՝ «միգուցե հարցս կրկնե՞մ» եւ առանց պատասխանիս սպասելու հարցրեց՝ «ձեզ հետ արդյոք պատահե՞լ է, որ որեւէ անհեթեթ տեքստ սողոսկի ձեր ուղեղն ու ձեր ողջ մտավոր տարածքն իրենով անի», եւ  Ֆերեշեթը ժպտալով ասաց՝ «իմ հետ շատ ա պատահել», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ձեզ հետ մշտապես է դա պատահում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուք մշտապես այդ վիճակի մեջ եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «դուք հիմա՝ հենց այս պահին էլ եք այդ վիճակում», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ հետ էլ ա պատահել» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «պատահել ա՝ ինչ-որ անկապ երգ մտել ա գլուխս ու օրերով դուրս չի էկել», եւ Ներսիսյանը ժպտալով ինձ ասաց՝ «ես հիմա ճիշտ այդ վիճակում եմ», եւ Ֆերեշեթն ասաց՝ «ես մի հատ գիրք ունեմ, էդ գրքի մեջ էդ երեւույթը շատ հետաքրքիր ձեւով բացատրված ա», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «այդ ի՞նչ գիրք է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե, իհարկե, գաղտնիք չէ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հոգեբանական գիրք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գիտական ուսումնասիրություն ա», եւ Ներսիսյանը բարկացած հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ այդ ապուշության հեղինակն ով է», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «կարծեմ ամերիկացի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «կամ էլ՝ անգլիացի», եւ Ներսիսյանը բարկացած հարցրեց՝ «կարելի՞ է այդ հեղինակի անունն ո ազգանունն իմանալ», եւ Ֆերեշեթը բավական երկար մտածեց ու կմկմալով ասաց՝ «անունն ու ազգանունը չեմ հիշում, բայց էդ գրքից որոշ գլուխներ կարդացել եմ», եւ Ներսիսյանը բարկացած հարցրեց՝ «բնագրո՞վ եք կարդացել», եւ Ֆերեշեթը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ռուսերեն թարգմանությունն եմ կարդացել», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ընդամենը թարգմանությունն եք կարդացել եւ ընդամենը՝ որոշ գլուխներ» եւ մի քիչ էլ մտածեց ու բարկացած ավելացրեց՝ «եւ այդ ապուշի անունն ու ազգանունն էլ չեք հիշում», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «բայց ինչի՞ ա ապուշ», եւ Ներսիսյանն առանց Ֆերեշեթին նայելու՝ ինձ ասաց՝ «տիար Շեկունց, որոշ գլուխներ հետեւողականորեն խանգարում են, որպեսզի մենք մեր զրույցը  շարունակենք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միգուցե մեր զրույցը ժամանակավորապես դադարեցնենք ու հետաձգենք» եւ մի քիչ էլ մտածեց ու բարկացած ավելացրեց՝ «որոշ ապուշներ ինչ-որ հոգեբանական ապուշություններ են բստրում, առավել ապուշները թարգմանում են դրանք, իսկ ամենաապուշներն ընթերցում են այդ ապուշությունները» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ասվածն ամենեւին ձեզ չի վերաբերում, հարգարժան պարոն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուք այդ ապուշության ընդամենը մի քանի գլուխներն եք ըմբոշխնել», եւ Ֆերեշեթը նեղսրտած ասաց՝ «բայց ինչի՞ ա ապուշություն», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վաղուց ժամանակն է, որպեսզի գիտնականներն իրենց անկարողությունը հրապարակավ խոստովանեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «խոսքս հատկապես հումանիտար գիտությունների ներկայացուցիչներին է վերաբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հոգեբաններին՝ առանձնապես», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «հոգեբանների մեղքը ո՞րն ա», եւ Ներսիսյանը խղճահարությամբ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «այս երկնքի ներքո անմեղներ ընդհանրապես գոյություն չունեն, հարգարժան տիար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ժամանակն է, որ այդ մասին եւս մտածեք» եւ մի քիչ էլ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «բայց ցանկալի է, որ այդ մասին սթափ վիճակում մտածեք», եւ Ֆերեշեթը քթի տակ փնթփնթալով ասաց՝ «ես սթափ վիճակում եմ», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու հեգնանքով ասաց՝ «եթե ձեր սթափ վիճակը սա է, ուրեմն փորձեք այս վիճակում մտածել», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ մտածեմ», եւ Ներսիսյանը ծիծաղը զսպելով Ֆերեշեթին ասաց՝ «նախ պիտի փորձեք մտածել, հետո  նոր միայն կորոշեք՝ ինչ մտածեք» եւ մի քիչ մտածեց  ու ավելացրեց՝ «մտածելու պրոցեսն սկսելուց առաջ պիտի պատրաստ  լինեք պրոցեսին»,  եւ Ֆերեշեթը փռթկացնելով հարցրեց՝ «հետո՞», եւ Ներսիսյանը Ֆերեշեթին հարցրեց՝ «պատրա՞ստ եք պրոցեսին», եւ Ֆերեշեթը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ուրեմն՝ սկսեք», եւ Ֆերեշեթը փռթկացնելով հարցրեց՝ «ի՞նչ սկսեմ», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «սկսեք մտածել», եւ Ֆերեշեթը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ մասին», եւ Ներսիսյանը մի  քիչ մտածեց ու ասաց՝ «ցանկացած երեւույթի շուրջ կարող եք մտածել» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «չէ՞ որ դուք մտավորական եք» եւ մի քիչ էլ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «ոչ բարով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց մտածելուց առաջ միշտ պիտի հիշեք», եւ Ֆերեշեթը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ պիտի հիշեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պիտի հիշեք, որ այս թշվառ մարդկությունը մեղավորներից է բաղկացած» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առանց բացառությունների» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հոգեբաններն էլ ներառյալ», եւ Ֆերեշեթը փռթկացնելով հարցրեց՝ «բայց ինչի՞ ես հոգեբանների վրա սեւեռվել, Էֆենդի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ այդ ոչուփուչները թյուրիմացաբար կարծում են թե՝ իրենց ուսումնասիրության առարկան մարդն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրենք իրենց Աստված են կարծում ու մշտապես մյուսներիս վերեւից են նայում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ Բարձրյալն ամենից ավելի հոգեբաններին ու հոգեբույժներին է պատժի ենթարկում», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա պատժի ենթարկում», եւ Ներսիսյանն արհամարհական Ֆերեշեթին նայելով ասաց՝ «դա հասկանալու համար պետք է հոգեբաններին ու մանավանդ հոգեբույժներին ուշադիր նայեք», եւ Ֆերեշեթը  մի քիչ մտածեց ու կմկմալով հարցրեց՝ «այսինքն, ո՞նց ուշադիր», եւ Ներսիսյանը մի քիչ  մտածեց ու քմծիծաղով Ֆերեշեթին ասաց՝ «պիտի առնվազն սթափ վիճակում նայեք հոգեբաններին եւ հատկապես հոգեբույժներին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե սթափ վիճակում  նայեք, անմիջապես կհասկանաք» եւ մի քիչ էլ մտածեց ու ձեռքը հուսահատ թափահարելով ասաց՝ «չնայած… եթե առ այսօր չեք հասկացել, երեւի հետագայում էլ չեք հասկանա», եւ Ֆերեշեթը նեղսրտած հարցրեց՝ «ի՞նչը չեմ հասկացել, Էֆենդի», եւ Ներսիսյանը խղճահարությամբ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «չեք հասկացել, որ  հոգեբաններն ու մանավանդ հոգեբույժներն ամենեւին էլ անմեղներ ու սրբեր չեն», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «բայց ո՞վ ասեց, որ չեմ հասկացել», եւ Ներսիսյանն առանց Ֆերեշեթին նայելու ասաց՝ «նրանք ոչ թե անմեղ են, այլ՝ անմեղսունակ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930