Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն՝ Հասմիկ Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ

Նոյեմբեր 02,2012 15:18

Այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեն ներկայացնելիս մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վերջում ցանկացավ անդրադառնալ բարձրացված այն աղմուկին՝ մշակութային հուշարձանները մարզերից Երեւան բերելու կապակցությամբ: Ըստ նրա՝ ԱԺ-ում էլ է այդ հարցը բարձրացվել, իրականում պետք է գնալ պատմության թանգարանի բակը եւ տեսնել, թե ինչ բեկորների մասին է խոսքը: Մշակույթի նախարարը նշեց, որ նրանք մաքրել են, սրբել են, որ այդ բեկորները ուղղակի ձորի մեջ ընկած էին՝ 600 մետր խորության մեջ, որ դրանց ուշադրություն չէին դարձնում , որ դրանք այնքան «ոչ ադեկվատ» տեղերում էին եւ այլն:

Սա բարկացրեց անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանին. « Հարցը ե՛ս եմ բարձրացրել: Որեւէ մեկի հետ չեք քննարկել, որ իրենց սրբությունը, իրենց խաչքարը, կարող եք բերել Երեւան ու 4 տարի պահել: Եթե քննարկեիք, կարող է այս դժգոհությունը չառաջանար, տիկի՛ն նախարար: Սուրբ Գրիգոր բարձրախաչ եկեղեցու արեւի ժամացույցը գտնվում է 600 մետր ձորում, այո: Բազմաթիվ տուրիստներ այսօր գնում են, որ գնան իջնեն այդ ձորը եւ տեսնեն այդ խաչքարերը, արեւի ժամացույցը եւ մակետը, որը դուք արդեն բերել եք Երեւան: Հիմա եթե այդ տուրիստները պիտի գնային Դսեղ, էլ չեն գնա Դսեղ: Կգան Երեւան՝ պատմության թանգարանում կտեսնեն: Արդյոք սա խոսո՞ւմ է մարզերի համաչափ զարգացման, Երեւանի բեռնաթափման մասին, երբ որ ամեն ինչ դուք ժողովում եք, հավաքում եք Երեւանում: Երբ նշում եք, որ դրանք բեկորներ են, հողի մեջ թաղված…բան, մենք բերեցինք մաքրեցինք, այսինքն՝ ես հասկանում եմ դրանից, որ չկա երաշխիք, որ դրանք հետ եք տանելու»:

Հասմիկ Պողոսյանին ժամանակի սղության պատճառով հնարավորություն չտվեցին արձագանքելու, բայց նա, մինչ կզբաղեցներ իր տեղը, Էդմոն Մարուքյանին նետեց. «Պետք չէ անիմաստ տեղը ուղղակի բորբոքել: Ես համաձայն չեմ, ո՛չ: Չի կարելի ասել, թե կառավարության որոշումը չի կատարվել: Կառավարության որոշումը կատարվել է, ամեն ինչ օրենքի շրջանակներում է եղել»:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը պատասխանեց, որ «Սա արդեն դարձել է մի բնականոն իրավիճակ, երբ ցանկացած շարժում մենք անում ենք հուշարձանի տեղափոխման վերաբերյալ՝ սկսում են տարբեր բաներ հնչել՝ սա իմն ա, իմն ա, կամ մյուսն ա, մյուսն ա: Ես չեմ ուզում, որ այդ տրամադրությունները զարգանան: Այդ ամենը մնալու է իր տեղում, նույն վիճակում եւ դրանք քայքայվելու են, որովհետեւ ձորում մենք իրեն չենք կարող վերականգնել»:

Ըստ նախարարի, արժեւորվում է ցուցանմուշը, երբ մարզից բերվում է մայրաքաղաք. «Մենք ասում ենք, չէ՞, այս խաչքարերը եղել են Լուվրում: Դա հպարտությամբ ենք ասում, դա նշանակում է, որ որակական չափանիշներ ինքը ունի»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ կիսո՞ւմ եք Էդմոն Մարուքյանի տեսակետը՝ տուրիզմի հետ կապված, փաստորեն 4 տարի Դսեղը գրավիչ չի՞ լինելու՝ տուրիզմի առումով՝ նա պատասխանեց. «Գիտեք, Դսեղ գնացողը չի գնում հատկապես այդ մի խաչքարը նայելու, ինքը ինչ-որ մի քանի բան…նաեւ՝ դա: Կարծում եմ՝ տախտակ պետք է ամրացնել, որ այստեղ գտնվող հուշաքարը գտնվում է Երեւանում: Ի՞նչ է նշանակում, մենք պետք է ասենք՝ մեր մարզից մի՞ տարեք: Սա մայր թանգարանն է»:

Նախարարը նաեւ նշեց, որ որտեղ եղել են այդ հուշարձանները, վերադարձվելու են այնտեղ: Մենք հիշեցրինք, որ նախարարն ասում էր՝ «ոչ ադեկվատ» տեղերում են դրանք: Նախարարը պատասխանեց. «Ադեկվատ չեն, որովհետեւ շատ տարօրինակ տեղերում են գլորված, գցած, մարդ մոտիկ էլ չէր գալիս որոշ տեղերում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930