«Նման ծրագիր չունեմ»,- «Հայելի» մամուլի ակումբում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրի, ասաց ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին էլ ասաց. «Արամ Սարգսյանին ես համարում եմ իսկապես լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության ներկայացուցիչ, բայց առայժմ նա էլ դեռեւս չի հայտարարել, որ մասնակցելու է: Հայտարարել է, որ լրջորեն մտածում է այդ մասին, վերլուծում է հնարավորությունները: Երբ կառաջադրվի, որոշում կընդունի, այդ ժամանակ արդեն պարզ կլինի»:
Շահնազարյանը կողմ է նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի՝ կլոր սեղանի առաջարկին եւ համանման բոլոր առաջարկներին դրական է վերաբերվում, բայց գտնում է, որ այդ ամենում շատ ակտիվ ձեւով պետք է ներգրավված լինի քաղաքացիական հասարակությունը: Այդ հասարակությանը համախմբելու փորձեր իր կողմից չկան. «Ակտիվությունը պետք է լինի հենց քաղաքացիական հասարակության կողմից, քաղաքացիական հասարակությունը պետք է ընդունի ժամանակի այս մարտահրավերը»:
Ինչ մնում է «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ տեղի ունեցածին, Շահնազարյանն ասաց, որ ինքն ի սկզբանե այն կարծիքին է եղել, որ այդ միությունը չի կարող երկար կյանք ունենալ, քանի որ քաղաքական կողմնորոշումների տարբերությունն էական է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ