Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «ՀԱԿ-ը որպես ինքնուրույն քաղաքական գործոն գոյություն չունի»

Նոյեմբեր 02,2012 14:45

«Ես մանրամասն այդ մասին մամուլում խոսել եմ եւ առայժմ ավելացնելու բան չունեմ»,- «Հայելի» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասելով «ԲՀԿ-ն եւ նրա արբանյակները»՝ արբանյակների շարքում ՀԱԿ-ին է՞լ նկատի ունեիք, ասաց ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը:

Մեր մյուս հարցին՝ վերջին քաղխորհրդի նիստից հետո խորհրդավոր լռությունը շարունակելով ինչի՞ է ցանկանում հասնել ԲՀԿ-ն, պարոն Շահնազարյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն չի լուրջ քաղաքական որոշումներ կայացնողը: Ավելին այդ որոշումները Հայաստանում չեն կայացվում: Կայացվում են հյուսիսում, ուղղակի փոխանցվում են ԲՀԿ-ին: Ինչ վերաբերվում է ձեր ասած նիստը, կարծեմ երեք ժամ տեւած եւ այնուհետեւ լռությունը, ինչո՞ւ ոչ: Չի բացառվում, որ փորձ են անում տպավորություն ստեղծել, որ իրենք իրենց քաղխորհրդով են նման լուրջ որոշումներ կայացնում»:

Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ ՌԴ-ի կողմից որոշումը դեռեւս կայացված չէ. «Թե ՀՀ իշխանությունները, թե ընդհանրապես ողջ քաղաքական համակարգը, թերագնահատում է Հայաստանի կարեւորությունը ՌԴ-ի համար, հատկապես այս ժամանակահատվածում: Եթե տեսնում եք՝ ինչ-որ մրցակցություն է ստեղծվել քաղաքական դաշտում, թե ո՞վ է ավելի շատ պատրաստ զիջել մեր անկախությունից, պետականությունից՝ ի շահ ՌԴ-ի, որպեսզի ինչ-որ բարեհաճ վերաբերմունքի արժանանա Կրեմլի կողմից»:

Արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը Շահնազարյանը համարում է, որ «վաղուց պատմություն է դարձել» ու ինքը նման պահանջ, նույնիսկ կոչ չի տեսնում:

ՀԱԿ-ի մասին բանախոսն ասաց միայն, որ «ՀԱԿ-ն այսօր ինքնուրույն քաղաքական գործոն չէ, որպես ինքնուրույն քաղաքական գործոն ինքը գոյություն չունի»:

Հարցին՝ հնարավոր համարում ե՞ք, որ Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է առաջադրվել, ասաց. «ՀԱԿ-ի մասին էլ ավելացնելու ոչինչ չունեմ: Մյուս հարցերով, խնդրում եմ, իրենց դիմեք»: Այնուամենայնիվ հավելեց նաեւ, որ չի կարծում թե որեւէ լուրջ ազդեցություն կունենա, որեւէ այլ թեկնածուի առաջադրումն այս գործընթացներում, եթե, իհարկե, իրավիճակն էապես չփոխվի: «ԲՀԿ-ն առաջ էր քաշել մի կարգախոս՝ «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան: Ես ամիսներ առաջ առաջարկեցի այլ կարգախոս, որը, ըստ էության, մերժվեց գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից՝ «կոնսենսուս մինուս օլիգարխիա»: Այսինքն, եթե հիմա այդ օլիգարխիկ-օլիգարխիկ պայքարում, եթե այս կարճ ժամանակահատվածում տեղի չի ունենում հրաշք եւ չի ձեւավորվում լիբերալ-դեմոկրատական ընդդիմություն, ցավոք, որեւէ էական նշանակություն չեն ունենա մյուս թեկնածուները: Շատ թեկնածուներ կառաջադրվեն, որպես այս երկու բեւեռներից որեւէ մեկի կցորդներ»:

Այս ամենում, բանախոսը էական է համարում նաեւ մնացած կարճ ժամանակահատվածի գործոնը եւ քաղաքական դաշտի այլասերվածությունը:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դերը հայաստանյան քաղաքական դաշտում Շահնազարյանը չի տեսնում, չի ընդունում նաեւ նրան «արեւմտամետ» համարելը. «Եթե այդ գործիչը գտնվում է մի կուսակցությունում, որն այստեղ ներկայացնում է ՌԴ-ն՝ հետեւություններ կարող եք ինքներդ անել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930