Հայտարարում է անվանի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոման Բալայանը
Օրեր առաջ Հայաստան էին ժամանել կինոաշխարհի հայտնի ներկայացուցիչներ Իրակլի Կվիրկաձեն, Անդրեյ Սմիրնովը, Սերգեյ Սոլովյովը եւ Ռոման Բալայանը: Վերջիններիս այցի նպատակը ԵԹԿՊԻ եւ «Հայ արտ սինեմայի» հայտարարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» ընդունելության քննություններն անցկացնելն էր:
Թատերական ինստիտուտում քննական հանձնաժողովը, որի կազմի մեջ էր նաեւ ռեկտոր Արմեն Մազմանյանը, արդյունքում 40 դիմորդներից ընտրեց այն 7-ին, ովքեր մասնակցելու են ուսումնական ծրագրին:
Կարդացեք նաև
Քննության ընդհանուր տպավորությունների եւ դասընթացների հետագա ընթացքի մասին զրուցեցինք կինոռեժիսոր Ռոման Բալայանի հետ, ով էլ ղեկավարելու է կուրսը:
-Ինչպե՞ս ընտրվեցին այն 7 ուսանողները, ովքեր մասնակցելու են ուսումնական ծրագրին:
– Քննության ժամանակ մենք տեսանք անհատականությունների. նրանք դեռեւս հմուտ չեն, բայց դա չէր կարեւորը, այլ այն, որ ընդունակություն ունեն, տաղանդ, որը դեռ բացահայտված չէ:
-Ինչպե՞ս է ընթանալու դասապրոցեսը, ովքե՞ր են ժամանելու Հայաստան՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
-Գլխավորն իմ առաջարկության մեջ այն է, որ նրանցից յուրաքանչյուրի համար գնվի անձնական տեսախցիկ, նոթբուք եւ նույնիսկ կրիչներ. առավոտից երեկո նրանք դրանցով կլինեն: Ես տալիս եմ նրանց հնարավորություն. եթե դու գրող ես, եւ ես տվել եմ գրիչ, ուրեմն պետք է գնաս, աշխատես, մոնտաժ անես, ցույց տաս, նաեւ սխալվես:
Երկրորդ կարեւոր բանը՝ վարպետության դասերն են. օրինակ՝ Սոլովյովը եւ Կվիրկաձեն, ովքեր արդեն քսան տարուց ավելի մանկավարժական փորձ ունեն, կգան եւ վարպետության դասեր կանցկացնեն: Կվիրկաձեն գալու է դեկտեմբերին եւ իր հետ բերելու է իր ուսանողների աշխատանքները, որպեսզի համեմատության հնարավորություն լինի, ուսանողներն ավելի նախանձախնդիր դառնան:
Դեկտեմբերի սկզբին էլ կժամանի նաեւ Պավել Ֆիննը, նա վարպետության շքեղ դաս կանցկացնի: Իսկ առաջին վարպետության դասը կանցկացնի Արտավազդ Փելեշյանը: Հետո լավագույն մանկավարժներից մեկը կգա՝ «Կինոն՝ դժոխքի եւ դրախտի միջեւ» գրքի հեղինակը՝ Ալեքսանդր Միտտը, որի գիրքը կարդալուց հետո կարող ես նաեւ չսովորել. ժանրային ռեժիսուրայի առումով հենց իր տեսակետներն եմ գնահատում: Փետրվարին կժամանի Սոլովյովը, իսկ ապրիլին՝ Միխալկովը: Կապ եմ հաստատել Ալմադովարի, Կուստուրիցայի, Կիմ Կի Դուկի եւ այլ հայտնի անունների հետ:
Ուզում եմ հայտնաբերել երեխաներ, որոնք համաշխարհային չափանիշի կհամապատասխանեն: Ես անհանգստանում եմ, որ աշխարհում քիչ են անվանի հայերը: Կարծում եմ՝ մեր ընտրած երիտասարդներից գոնե 3-ը հաստատ կդառնան աշխարհահռչակ, մնացածը՝ հմուտ ռեժիսորներ: Դա բավարար է: Համաշխարհային կինոյի հայտնի անունները կգան հենց այն բանի համար, որ ուսանողները տեսնեն ռեժիսուրայի բարձունքը: Օրինակ, Կուստուրիցան կգա եւ կասի. «կինոն էսպես պիտի լինի», հետո Ալմադովարը կգա, ու կասի՝ «չէ, էսպես պիտի լինի» եւ անցնելով սրա միջով՝ երեխաները կձեւավորեն իրենց աշխարհայացքը:
-Ձեր ստեղծագործական կյանքը համընկել է քաղաքական վայրիվերումների հետ: Իսկ հիմա այլ ժամանակներ են՝ ֆիլմարտադրությունը, գրականությունը լայն շրջանակներ են ընդգրկում, մասսայական են: Այս համատեքստում ինչպե՞ս են դրսեւորվելու ապագա ռեժիսորները:
-1987թ.-ից հետո մենք ազատություն ստացանք ու չգիտեինք՝ ինչ անել դրա հետ: Մենք մեծացել էինք ոչ ազատության մեջ՝ ձեռքներս գրպաններումս: Իմ սերնդի ստեղծագործ մարդիկ շփոթվեցին՝ ինչի՞ մասին նկարեն՝ ուղղակի սիրային պատմությա՞ն, ինչն անիմաստ էր…Ես հինգ ֆիլմ նկարեցի դրանից հետո, կարող էի եւ չանել…Այդ տարիներին (մինչեւ 1987թ.) առանց գումարի էլ պատրաստ էի գործել: Հիմա, բարեբախտաբար, լավ ժամանակներ են, ինֆորմացիան՝ առատ: Մերոնք պետք է օգտվեն դրանից:
-Եվ դառնա՞ն մասսայական մշակույթի մի մաս:
– Պետք է այդ աշխարհ մտնեն իրենց օրիգինալությամբ:
Ուզում եմ կրթել մարդկանց, որոնք միշտ պահանջված են լինելու այնպիսի փառատոներին, ինչպիսին Կանն է, թե չէ՝ ուղղակի ֆիլմ հիմա էլ են նկարում. ես ուզում եմ կրթել հայ կուստուրիցաներ, ալմադովարներ…
Այսօր էլ հայի եւ հայկականի մասին խոսվում է: Օրինակ, չգիտեմ՝ որքանով է մեր հանրությունը տեղյակ, որ Իրինա Գայուկի կողմից ստեղծվել է «Ուկրաինայի հայերի կյանքի մասին» նկարազարդ, հաստափոր հանրագիտարան: Եթե այդ գրքի հեղինակը ազգությամբ հայ լիներ, ես մեծ ուշադրություն չէի դարձնի, սակայն, երբ այսպիսի աշխատության հեղինակն օտարազգի է, արժանի է, որ խիստ կարեւորություն տրվի, խրախուսվի պետական եւ նախագահական շքանշաններով:
Զրույցը՝
ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ