Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արաքս Մանսուրյանը ավստրալիացի «դուստր» էլ ունի

Նոյեմբեր 02,2012 14:34

Տարիներ առաջ ճանաչված գրողներից Ժորա Հարությունյանը հոդվածներից մեկում գրել էր. «Այդ երբվանի՞ց արտասահմանը սկսեց հայ արտադրել…»: Այս միտքը արդիական է հատկապես վերջին շրջանում, երբ ազդագրերին հանդիպում ենք նախկին հայաստանցի արվեստագետների անունների, որոնց կողքին նշվում է նրանց բնակատեղին՝ Կանադա, Ֆրանսիա, ԱՄՆ… Հիմա էլ կարդում ենք. Արաքս Մանսուրյան՝ Ավստրալիա: Չսեւեռվեցինք Ավստրալիայի վրա, տվյալ պարագայում առկա է բեմական շքեղ արտաքինով, ձայնի շոյող տեմբրով, արտակարգ երաժշտականությամբ, ժառանգական համարվող ազնվականությամբ մեր Արաքսը:

Երգչուհու՝ օրերս կայացած ասուլիսի հրավեր «Առավոտը» չստացավ, սակայն նախօրեին հանդիպեցինք մեր Արաքսին, որի բեմական գործունեության մասին շատ բան գիտենք: Մինչ 1994թ. Ազգային օպերային թատրոնում Մանսուրյանը հանդես է եկել Վերդիի հայտնի օպերաներում՝ Աիդայի («Աիդա»), Էլիզաբեթ Վալուայի («Դոն Կառլոս») դերերգերով, Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա), «Պիկովայա դամա» (Լիզա), Լեոնկավալոյի «Պայացներ» (Նեդդա), Ջորդանոյի «Անդրե Շենյե» (Մագդալենա) օպերաներում, կերտել է Շուշանին՝ Տիգրանյանի «Դավիթ-Բեկում» եւ այլն: Իսկ Ավստրալիայում խաղացանկը հարստացրել է Լիույի (Պուչինիի «Տուրանդոտ»), Դեզդեմոնայի (Վերդիի «Օթելլո»), Լեոնորայի (Վերդիի «Ճակատագրի ուժը»), Ամելիա Գրիմալդիի (Վերդիի «Սիմոն Բոկանեգրա»), Էլիզաբեթի (Վագների «Տանհոյզեր») եւ այլ դերերգերով: Օպերային երգչուհու վոկալի եւ դերասանական վարպետության մասին ժամանակին հիացմունքով են արտահայտվել ռուսաստանյան, ամերիկյան, շվեդական, ֆրանսիական, գերմանական, հոլանդական եւ այլ երկրների արվեստի քննադատները:

Մեզ հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցը հիշեց նաեւ, որ 1990-ականներին Արաքսը հատուկ է հրավիրվել Մոսկվա՝ տեղի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կատարելու Խաչատրյանի «Երեք կոնցերտային արիաները»: Պրոֆեսորը հիշեց երգչուհու մասնակցությամբ մեծակտավ մի շարք գործերի կատարումները, այդ թվում՝ ռեքվիեմները, Բեհթովենի 9-րդ սիմֆոնիան եւ այլն: Նա հավելեց նաեւ, որ Արաքսը եղել ու մնում է իր եղբոր՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների անգերազանցելի մեկնաբանողը:

Նախօրեին նաեւ ներկա գտնվեցինք Արաքս Մանսուրյանի, սոպրանո Լիսա Բելլի (Ավստրալիա), Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձին: Համերգը, որ բարեգործական է, կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այսօր: Հասույթն էլ կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

Զրույցի հրավիրեցինք Լիսա Բելլին՝ նրանից մեր երգչուհու մասին խոսք լսելու ակնկալիքով, ենթադրելով, որ նրանց, բացի ստեղծագործականից, կապող այլ հանգամանք էլ կա, ինչը մեզ առանց մանրամասնելու հուշել էր Թոփչյանը: «Վոկալ կրթություն ստացել եմ Ավստրալիայում, կատարելագործվել Իտալիայում, Նյու Յորքի Ջուլիարդ համալսարանում: Սիդնեյի օպերային թատրոնում 2000-ին ունեցա բեմել, որին հաջորդեցին ելույթներս Մելբուռնի, Վելինգտոնի համալսարաններում, համերգներիս մեկն էլ ձայնագրվեց Ավստրալիայի ABC-ի կողմից: Մեկը մյուսի հետեւից գլխավոր դերերգերի հրավերներ էի ստանում, բայց ինձ թվում էր՝ ինչ-որ բան չի հերիքում: Տասը տարի առաջ լսելով Արաքս ջանի (այդպես է նրան դիմում) Տոսկան, հասկացա, թե ինչն էր պակասում. առաջինը՝ վոկալ տեխնիկան, երկրորդը՝ երկի էմոցիոնալ մեկնաբանությունը եւ խնդրեցի պարապել ինձ հետ: Այսպես տասը տարի համակրելի հայուհին, առանց չափազանցնելու, ինձ մայրություն է անում»,- ասաց Լիսա Բելլը: Հետո փոքր-ինչ դադար տալուց հետո արտասվեց: Հետաքրքրությանը՝ թե ինչ պատահեց, մեր զրուցակիցն ասաց. «Գուցե ներխուժել եմ Մանսուրյան ընտանիք, բայց Արաքս ջանի շնորհիվ էր, որ երկու անգամ փրկվեց իմ կյանքը… Ես գոնե այս պահին առողջ եմ… Կայացած շատ խելացի երգիչներ կապերը չեն խզում իրենց պրոֆեսորների հետ: Տոսկանինին էլ ասել է, որ անհրաժեշտ է ունենալ եւս մեկ ականջ, որին անվերապահորեն կվստահես. դա իմ Արաքս ջանն է…»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ Արաքս ջանը, փաստորեն, ձեզ մայրություն է անում, իսկ ծանո՞թ եք Ձեր քրոջ հետ, Լիսան պատասխանեց. «Շուշանը (երգչուհի Շուշան Պետրոսյանը) փետրվարին Ավստրալիայում էր, ծանոթացա նրա հետ: Մինչ այդ էլ շփվում էինք, բայց սկայպով: Իսկապես Արաքս ջանի պես ոչ միայն հիանալի արվեստագետ է, այլեւ լավ մարդ»: Հետո էլ հավելեց. «Լավ է, որ ունեմ հայուհի մայր, քույր: Գուցե նրանց համար էլ, հատկապես Արաքս ջանի, դժվար է անընդհատ իմ կողքին լինել, բայց ինչպես տեսնում եք, հաղթահարել եմ ծանրագույն հիվանդությունը… »: Ասաց նաեւ, որ հայերեն է սովորում, համերգին էլ Կոմիտաս է երգելու:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930