Լրահոս
Օրվա լրահոսը

Նիգերիայի «նախագահի թեկնածուի» որդիները «քցել» էին հային

Նոյեմբեր 02,2012 14:31

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Սարգսյանի նախագահությամբ (մեղադրողներ Հմայակ Հակոբյանի, Արսեն Արսենյանի մասնակցությամբ), ավարտել է Ֆորտունատ Իկեմսինաչի Նվաիգվեի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Երեկ վերջինի վերաքննիչ բողոքի քննությունն էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում:

Այս տարվա սեպտեմբերի 24-ին Արտաշատում լսվել էր Նիգերիայի Հանրապետության քաղաքացու գործը:

Ֆորտունատ Նվաիգվեին հունիսի 8-ին ձերբակալվել է:

Ըստ գործի նյութերի, հունիսի 11-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հուլիսի 24-ին Արարատի մարզի դատախազի տեղակալ Հ. Հակոբյանի որոշմամբ փոխվել է Ֆորտունատ Նվաիգվեի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մասիսի քննչական բաժանմունքում (քննիչ՝ Պ. Եղիազարյան) հունիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 44107212 քրեական գործը՝ Ֆորտունատ Իկեմսինաչի Նվաիգվեի եւ ոմն Ռոզիի կողմից Անդրանիկ Դանոյանից խարդախությամբ նրա առանձնապես խոշոր չափերով՝ 3. 609. 822 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ:

Մեղադրական եզրակացության համաձայն, Ֆորտունատ Իկեմսինաչի Նվաիգվեն մեղադրվում է այն բանի համար, որ 2012 թվականի ապրիլին Մարիամ Տրաորեի եւ մի սեւամորթ տղամարդու հետ, երբ քայլելիս են եղել Մասիսի ավտոճանապարհով, դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, ծանոթացել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Անդրանիկ Դանոյանի հետ: Ըստ գործի նյութերի. «Դանոյանը զարմանալով, որ սեւամորթներից մեկը խոսում է հայերեն, նրանց հրավիրել է իր հողատարածքում գտնվող վագոն-տնակ, սուրճ հյուրասիրել ու զրուցել հայերեն խոսող Ֆորտունատ Նվաիգվեի հետ, որն էլ ներկայացել է Պատրիկ անունով, հայտնել, որ ինքը ֆուտբոլիստ է, ծանոթացրել է սեւամորթ կնոջը Ռոզի անվամբ, հայտնել, որ նա իր քույրն է, իսկ մյուս տղամարդուն ներկայացրել է որպես ընկեր: Ֆորտունատ Իկեմսինաչի Նվաիգվեն ցանկություն է հայտնել Մասիս քաղաքում եղած ժամանակ կրկին հյուրընկալվել Դանոյանին»:

Մյուս 2 սեւամորթները Ա. Դանոյանի հետ շփվել են Ֆորտունատ Նվաիգվեի միջոցով: Ի դեպ, Ֆորտունատը հայտնել էր, թե իրենք բնակվում են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում, որ իր քույրը եկել է Ֆրանսիայից՝ բիզնես-ծրագրերի նպատակով, եւ իրենք ցանկանում են հողեր ու անասնագոմեր գնել ու զբաղվել անասնապահությամբ, ինչպես նաեւ Մասիսում բնակարան գնել: Միամիտ Դանոյանն առաջարկել էր գնել Մարմարաշեն գյուղում գտնվող իրեն պատկանող հողատարածքները, խոստացել էր սեւամորթներին օգնել նրանց բիզնեսի մեջ:

Ֆ. Նվաիգվեն եւ Մ. Տրաորեն հայտնել էին, թե իրենց հայրը Նիգերիայի Հանրապետությունում սպանվել է, քանի որ եղել է նախագահի թեկնածու, իսկ նրա ընկերները, որպես դրամական օգնություն, իրենց մորը տվել են 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ նշված գումարից առաջիկա մեկ ամսում մայրը պետք է ուղարկի իրենց, որ կարողանան բիզնեսը սկսել, խոստացել են օգնել Ա. Դանոյանին՝ հողերը գնել, ինչպես նաեւ նրան գումար տալ, սակայն խնդրել են իրենց ծրագրերի մասին որեւէ անձի չհայտնել՝ ապահովության համար: Ա. Դանոյանը վերջիններիս իր մեքենայով տեղափոխել է Երեւան, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, հասկացել է, որ, իրոք, նրանք այնտեղ են բնակվում:

Ֆորտունատ Նվաիգվեն իր հեռախոսվ զանգել է Ա. Դանոյանին, խնդրել պարտքով տալ 3000 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի կարողանան հյուրանոցի վարձը վճարել, որն օրական կազմել է 300 ԱՄՆ դոլար: Ա. Դանոյանն ապրիլի 11-ին Ֆորտունատին տվել է 1.000 ԱՄՆ դոլար գումար: Ա. Դանոյանը Ֆորտունատի ձեռքին տեսել է սեւ գույնի ճամպրուկ, որը Մ. Տրաորեն առաջարկել է պահել Ա. Դանոյանի տանը՝ որպես ապահով վայր, որին Ա. Դանոյանը համաձայնել է ու նրանց հետ իր մեքենայով եղել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում գտնվող իր տանը: Ա. Դանոյանը ճամպրուկը պահել է իր տանը կից մառանում:

Իսկ ինչ էր պահվել մառանում:

Մարմարաշեն գյուղում գտնվող Ա. Դանոյանի տան մառանում Ա. Դանոյանը Ֆ. Նվաիգվեին է տվել 8000 ԱՄՆ դոլար՝ 100 ԱՄՆ դոլարանոցներով: Մ. Տրաորեն իր ձեռքի տոպրակից հանել է բամբակը, փայլաթիթեղը, բժշկական ձեռնոցները, դիմակները, որից հետո տետրում գրի է առել դոլարների համարները, ապա ճամպրուկից դուրս բերված սուր հոտ ունեցող հեղուկը քսելով բոլոր դոլարների վրա՝ դրանք դասավորել է ճամպրուկից դուրս բերված, թղթադրամի չափով կտրատված սեւ թղթերի արանքներում, որի ընթացքում տարբեր պատրվակներով Ա. Դանոյանին մառանից ուղարկել են քար, մետաղյա թիթեղ եւ ջուր բերելու, որից հետո սեւ թղթի կապոցը փաթաթել են փայլաթիթեղի մեջ ու Ա. Դանոյանին հայտնել, որ դրանք պետք է 2 օր մնան նման վիճակում, որից հետո հեռացել են: Երկու օր անց Ֆ. Նվաիգվեն եւ Մ. Տրաորեն չեն հայտնվել, իսկ երրորդ օրը Ա. Դանոյանը կասկածելով՝ բացել է փաթեթն ու տեսել, որ դրանց մեջ իր տված 8000 ԱՄՆ դոլարը բացակայում է, նոր միայն հասկացել է, որ խաբվել է ու սկսել է փնտրել սեւամորթներին:

2012թ. հուլիսի 13-ին Մարիամ Տրաորեն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2012 թվականի օգոստոսի 6-ին քրեական գործից մեղադրյալ Մարիամ Տրաորեի նկատմամբ անջատվել է մաս՝ նրա գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

Ֆորտունատ Նվաիգվեի դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով:

Դատարանը Ֆորտունատին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամանակով՝ առանց գույքի բռնագրավման: Նրա ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Նա երեկ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, որից 3-ը պայմանական չի կիրառվի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930