Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Անուշ» օպերայից ու Բիենալեից մինչեւ Վարդան Ղուկասյան

Նոյեմբեր 02,2012 14:30

Այս մասին էր երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետի ու ԱՄՆ դեսպանի միջեւ ծավալված զրույցը

Երեկ Գյումրի այցելած  ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը  նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ծանոթանալուն ու բիզնես ծրագրերից խոսք գցելուն պես՝ մի ուշագրավ հայտարարություն արեց Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքային իշխանության մասին: Դեսպանը դիվանագետին հատուկ կեցվածքով կոնկրետ անուններ չնշելով՝ հասկացրեց, որ սա այն քաղաքը չէր, որտեղ միջազգային կազմակերպությունները ռիսկ անեին ներդրումներ կատարել: «Նախկինում, եթե անկեղծ խոսեմ, բազմաթիվ միջազգային կառույցներ դժկամությամբ էին համագործակցում Գյումրու հետ: Որքան թափանցիկ ու բաց միջավայր կարողանաք Գյումրիում ձեւավորել,  այնքան դա կնպաստի, որ միջազգային գործընկերները նորից հետաքրքրություն հանդես բերեն եւ աշխատեն Գյումրու հետ: Ինչպես նշեցի, վերջին տարիներին հետաքրքրությունը նվազել էր»,- բառացիորեն ասաց դեսպանը: Ի պատասխան դիվանագետի ակնարկի՝ Սամվել Բալասանյանը անմիջապես խոստացավ, որ իր թիմը բաց ու թափանցիկ է աշխատելու, իր կատարած գործերի հաշվետվությունները քաղաքապետարանի շենքի ճակատին է խփելու: Սամվել Բալասանյանը խոսեց իր ծրագրերի մասին՝ եւս զերծ չմնալով նախորդ իշխանություններին քննադատելուց: Գյումրու նորընտիր քաղաքապետին զարմացրել էր, թե ինչպես կարելի է «Կումայրի» արգելոց-թանգարանի կարգավիճակը վերացնել ու բացառիկ պատմություն ունեցող շենքերը առուվաճառքի առարկա դարձնել: «Գյումրին մշակութային քաղաք է, ես նպաստելու եմ, որ այստեղ զարգանա տուրիզմը, ամենակարեւոր ուղղությունը հենց սա է, Գյումրին այն եզակի քաղաքներից է, որն ունի  Կումայրի արգելոց-թանգարան: Մեր քաղաքը նաեւ օդանավակայան ունի. սա եւս կնպաստի տուրիզմի զարգացմանը. ես գիտեմ, որ Իտալիայի բյուջեի 25 տոկոսը կազմում է տուրիզմը, նմանապես՝ Ֆրանսիայի բյուջեի 22 տոկոսն է կազմում տուրիզմը: Ես արդեն դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ մեր քաղաքը մտցնեն պատմաճարտարապետական քաղաքների ցանկում»,- ասաց Սամվել Բալասանյանը: Նա, մի լավ նախանձելով Վրաստանին, հույս հայտնեց, որ իրեն կհաջողվի ապակենտրոնացնել Երեւանը ու որոշ նախարարություններ Բաղրամյան փողոցից ի վերջո տեղափոխել կտա Գյումրի: Քաղաքապետը աչք է դրել մշակույթի եւ սպորտի նախարարություններին: Ըստ նրա՝ հանրապետության սպորտն ու մշակույթը սկսվում է Գյումրուց, հետեւաբար եւ ճիշտ կլինի այդ նախարարությունները մոտեցնել ակունքներին: «Օրինակ՝ Վրաստանում Ազգային ժողովը տեղափոխեցին Քութայիս, Սահմանադրական դատարանը տեղափոխեցին՝ Բաթում, ինչո՞ւ Հայաստանում նույնը չանել»,- ասաց Գյումրու քաղաքապետը: Խոսելով այս ամենի մասին՝ նորընտիր քաղաքապետը անցավ բուն թեմային. դեսպանին ասաց, որ լավ կլինի ամերիկյան կապիտալը տեսնել Գյումրիում, իսկ ներդրողներին ոգեւորելու համար պարոն Բալասանյանը  մի շարք գայթակղիչ պայմաններ թվարկեց: «Գյումրին մայրաքաղաքից գտնվում է 120 կլիոմետր հեռավորության վրա, այն աղետ տեսած ու ռիսկային քաղաք է, եւ պետք է որոշ հարկատեսակների արտոնություններ տրվեն, օրինակ՝ հողահարկի, որպեսզի հրապուրիչ դառնա ներդրողների համար: Օրինակ՝ ես պատրաստ եմ հողատարածքներ տրամադրել բիզնեսմեններին մեկ հեկտարը՝ 1 դրամով, որպեսզի տանք արտոնություններ ու կարողանանք աշխատատեղեր ստեղծել Գյումրիում, իսկ սա ամենամեծ պրոբլեմն է Հայաստանում»,- ասաց քաղաքապետը: Ի պատասխան ոգեւորված Սամվել Բալասանյանի՝ պարոն Հեֆերն ասաց, որ ինքը շատ է զրուցել ամերիկյան գործարարների հետ, որոնք, սակայն, ոչ թե կարեւորում են հարկային արտոնությունները, այլ թե՝ ում հետ գործ ունեն, հուսալի՞ է արդյոք գործընկերը: «Դուք եւ ձեր թիմը ինչքան թափանցիկ աշխատեք ու բաց միջավայր ստեղծեք, կարծում եմ՝ այդքան շատ հնարավորություն կունենաք աշխատելու այլ երկրների հետ»,- նորից կրկնեց պարոն Հեֆերնը: Նա նորընտիր քաղաքապետին ցույց տվեց, որ քաջածանոթ է Գյումրիին, հիանում է Բիենալեով, իր կնոջ հետ հատուկ գալիս է մշակութային միջոցառումներ դիտելու, օրինակ՝ եկել էր վայելելու «Անուշ» օպերան: Օպերայի մասին լսելիս Սամվել Բալասանյանն էլ իր հերթին սկսեց ներկայացնել քաղաքի պատմություն ունեցող շենքերը, օրինակ՝ Գորկու այգում գտնվող թատրոնի շենքը, որտեղ 100 տարի առաջ բեմադրվել էր «Անուշ»-ը, Սեւ Ղուլը, «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանը: Քաղաքապետը ճարտարապետական կառույցները հատ-հատ թվարկեց՝ յուրաքանչյուրի վերակառուցման համար ակնկալելով ներդրողներ: Զրույցը առաջին անգամվա համար բավականին արդյունավետ ստացվեց. Դեսպանը տեղեկացրեց, թե թատրոնի շենքով հետաքրքրված է  ամերիկյան ճարտարապետական ընկերություններից մեկը, ով պատրաստ է ներդրումներ կատարել ու հայերի հետ համատեղ վերանորոգել այն:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930