Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն ինֆլյացիայի են ենթարկվել»

Նոյեմբեր 02,2012 14:23

Մարքսիստը նրանց փրկության ճանապարհ է առաջարկում

«Իրենց ընդդիմադիր հռչակած պառլամենտական ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», նաեւ ԲՀԿ-ն պետք է միաբանվեն՝ հանուն ՀՀ չորրորդ հանրապետության: Սա ազգի բարոյական եւ քաղաքական կազմալուծման ծայրահեղ վիճակ է: Այսօր խոսքը կորցրել է իր ուժը հասարակության մեջ, որի արդյունքում ինֆլյացիայի են ենթարկվել, արժեզրկվել են նաեւ այդ կուսակցությունները: Ոչ նրանք արժեք ունեն, ոչ էլ նրանց խոսքը, որը կարող է ազդել հասարակության վրա»,- «Առավոտին» իր դիտարկումները ներկայացրեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը որակելով այլեւս «հնաոճ եւ անցած»: Մարքսիստն առաջարկում է կիրառել ամերիկյան ընտրությունների մոդելը. բոլոր ընդդիմադիր ուժերը դնում են իրենց նախագահական թեկնածուներին, բայց միաժամանակ են քարոզարշավ իրականացնում՝ կազմելով վերկուսակցական, ընդդիմադիր, հեղափոխական ճամբար, որպեսզի ժողովուրդը կարողանա «բնական ընտրություն» կատարել՝ լսելով բոլոր հավակնորդների ճառերը: «Առանձին-առանձին քաղաքական սուբյեկտները ինչքան էլ ուզում են ծուղրուղու կանչել՝ չեն կարողանալու կրիտիկական զանգված ապահովել»,- ասում է մարքսիստը՝ հավելելով, որ «դեմոկրատիայի այս նոր մշակույթը» հնարավորություն կտա նաեւ, որպեսզի երկրում լիարժեք ապահովվի հեղափոխական իրավիճակը. «Հայաստանում այսօր մասամբ հեղափոխական իրավիճակ է՝ կառավարման համակարգի քաղաքական ճգնաժամ է, վտանգված է ժողովրդական լայն զանգվածների կենսաբանական անվտանգությունը: Երրորդ՝ անհրաժեշտ պայմանը՝ ժողովրդական լայն զանգվածների քաղաքական ակտիվությունը, բացակայում է: Ուստի իրենց ընդդիմադիր համարող քաղաքական բոլոր ուժերը պետք է միաբանվեն՝ դեն նետելով անձնական ամբիցիաները, ոչ թե շարունակեն՝ «կեցցե կատուն, որ յուր փորի համար մուկ է որսում» սկզբունքը»:

Իր առաջարկի կոորդինատորի դերում նա տեսնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ իբրեւ կարգախոս առաջարկում է Ալ. Մակեդոնացու հայտնի թեզը. «Հաճախ մեր գժտությունների եւ անմիաբանության արդյունքում պատիվը բաժին է հասնում սրիկաներին»:

Դավիթ Հակոբյանն ասում է, որ ինքը հաճախ է քայլում Երեւանի փողոցներով, եւ ահա թե ի՞նչ են ասել այս մարդիկ Հակոբյանին. «Եթե ընդդիմադիրները չմիաբանվեն, գնան եսապաշտության ու արծաթապաշտության սկզբունքով, ուրեմն ազգը այդ կուսակցություններին եւ նրանց պարագլուխներին նզովյալ կանի՝ հուր եւ հավիտյան: Ապագա սերունդներն էլ նրանց չեն ների, որ շուռ չեն տվել պատմության ընթացքը, նրանց մասունքներն անգամ կպղծեն: Այսօր դրված է հայկական քաղաքակրթության լինել-չլինելու հարցը. այստեղ անմիաբանությունը հավասարազոր է դավաճանության»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930