Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունն ընդդեմ ժողովրդավարության

Նոյեմբեր 02,2012 14:22

Տարօրինակ է, բայց ամեն ինչ սկսվեց մի պարզ եւ անսպասելի դիպվածից, որն ինձ ստիպեց մտածել ժողովրդավարության եւ նրա հետեւանքների մասին: Եղավ այնպես, որ վերջերս ես մեկնեցի Փարիզ՝ իմ ֆրանսուհի թոռնիկիս տեսնելու (ի դեպ, ինքը իմ հինգերորդ թոռնիկն է եւ միակ ֆրանսուհի թոռնիկս):

Եվ պարզվեց, որ ո՛չ օդակայանում, ո՛չ էլ ինքնաթիռում ծխել չի կարելի: Եվ որովհետեւ վաղուց Հայաստանից դուրս չէի եկել՝ բացի Ջավախք ու Ղարաբաղ մեկնելուց, ես վիրավորվեցի եւ, կարծես թե, նման էի մի մարդու, ով կիսավայրենի է ու համառորեն ուզում է անել մի բան, որ ուրիշները հոգու խորքում ուզում են անել, սակայն ցույց չեն տալիս: Իսկ ես ուզում էի շարունակել օրս՝ ինչպես ապրել էի անցած օրերս:

Ինչեւէ, ես նվաստացած էի օրենքներից, որ հաստատել էին ժողովրդավարները: Եվ մտածում էի, թե ինչպես կարող է միասեռականները ունենան իրավունք եւ ոչ միայն իրավունք, այլ նաեւ որդեգրել ուրիշի երեխային, պատկերացրեք այդ երեխայի վիճակը, իսկ ինչո՞ւ իրավունք չունի ծխողը: Չգիտեմ:

Անշուշտ, ես հարգում եմ չծխողի իրավունքը, բայց ինչու ինքը չի հարգում ծխողի իմ իրավունքը: Ու իմ ճամփորդության ընթացքում ստացվեց այնպես, որ հենց մտա ժողովրդավար կոչված օրենքների սահմանը՝ ես ակամա վերածվեցի օրինազանցի:

Եվ ինչպես հիշատակեցի՝ ծխել-չծխելու մասին այս առօրեական դիպվածը ինձ հրահրեց մտածել ժողովրդավարության մասին ընդհանրապես, դեպի ուր մենք, այսինքն՝ իմ երկիրը գլխապտույտ արագությամբ, խոսքի արմունկներով հրմշտելով իրար՝ գնում են նրանց գիրկը…

Այնինչ ժողովրդավարությունը (դեմոկրատիան), եթե հիշում եք, կործանեց Հունաստանը, ժողովրդավարությունը կործանեց Հռոմեական կայսրությունը, պրոլետարիատի իշխանությունը կործանեց նաեւ Խորհրդային Միությունը, ինչպես նաեւ այսօր խորապես ծերանում է ժողովրդավար Եվրոպան…

Ուրեմն ի՞նչ. ես չեմ ուզում սխալ հասկացվել, ես ժողովրդավարության կողմնակիցն եմ, բայց ոչ քառատրոփ վազքով… Հիշեք Դանիել Դեֆոյի հայտնի հերոսին, ով մարդու իրավունք ու խղճի ազատություն էր քարոզում՝ լինելով օտարների երկրում, բայց ինքը նրանց լեզուն չսովորեց, այլ Ուրբաթին իր լեզուն սովորեցրեց:

Իսկ մեր պատմիչները դեռեւս հազար հինգ հարյուր տարի առաջ գրում էին մարդու եւ խղճի ազատության մասին, սակայն որի մասին մենք մոռացել ենք, քանզի դադարել ենք բնագրեր կարդալ:

Եվ վերջապես՝ ժողովրդավարության ամենաբարձր օրինակը ցույց տվեց Աստված ինքը, երբ իր միածին Որդուն հանձնեց ժողովրդի ձեռքը, ասաց՝ ընտրեք, դուք ընտրեք, երբ Աստված սիրում էր եւ ժողովրդին, եւ առավել եւս՝ իր Որդուն: Բայց ո՞ւմ ընտրեց ժողովուրդը՝ մարդասպանին ու սատանային:

Այսինքն թե՝ ժողովրդավարությունից պետք է զգուշությամբ օգտվել, քանզի յուրաքանչյուր գաղափարախոսություն դառնում է իշխանության գործիք, այդ թվում նաեւ՝ ժողովրդավարությունը: Եվ վաղը մենք ընտրության գնալուց առաջ պիտի մտածենք՝ ում ենք վստահելու իշխանության այդ ահեղ գործիքը:

Ինքնաթիռում, ուր ծխել չէր կարելի, եւ ես՝ միայնակ, այսպես մտածում էի:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930