Սոցապ նախկին նախարար, հրապարակախոս Կարինե Հակոբյանի գնահատմամբ՝ քանի դեռ երկրում առկա է կոռուպցիայի նման մակարդակ, աշխատավարձերն էլ բարձրացվելու են լավագույն դեպքում 2500 դրամով: Իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ մեր երկրում երբեք չի եղել կոռուպցիայի դեմ այնպիսի գործնական պայքար, ինչպես այսօր: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից:
Կարինե Հակոբյան- Մեր բյուջեի աննշան մասն է ընդհանրապես հատկացված աշխատավարձին: Աշխատավարձը հստակ ծախս է, որտեղ չեն կարող գումարները փոշիանալ: Եվ ինչպես եւ մյուս բոլոր հստակ ծախսերի դեպքում, աշխատավարձին էլ մեր բյուջեում ամենաքիչ հատկացումներն են արված: Ինչու են գումարները տարիներ շարունակ, բյուջեից բյուջե անորոշ ծախսերին ուղղորդում: Այդ հարցը պետք է բարձրացնել:
Հովհաննես Մարգարյան- Ներեցեք, Ձեր՝ փոխնախարար աշխատած տարիներին (2002-2005 թթ. Ա. Ս.) նվազագույն աշխատավարձը ինչքա՞ն էր:
Կարդացեք նաև
Կ. Հ.- Անհամեմատ ավելի քիչ էր, քան հիմա, բայց գներն էլ ավելի քիչ էին: Սակայն խնդիրն այն է, որ տարիների ընթացքում պետք է լուծենք այդ խնդիրները, որոնք գնալով խորանում են: Իսկ այսօր Ազգային ժողովում փոքր խնդիրներին ավելի շատ են ուշադրություն դարձնում: Իմ տպավորությունն այն է, որ կառավարությունը քննարկման համար հասարակությանը մշտապես մի թեմա է գցում՝ խնդիր ունենալով ուշադրությունը շեղել: Եվ ես անընդհատ լսում եմ այս օրերին՝ նվազագույն աշխատավարձ, նվազագույն աշխատավարձ՝ թողնելով այն հիմնական հարցը, թե ուր է գնում բյուջեի երկու երրորդը: Իսկ բյուջեն ծախսվում է աննպատակային եւ անխնայողաբար: Եվ ուսումնասիրելով՝ ես հասկացա, որ դա այն բյուջեն է, որ պետք է ուղարկել ոչ թե Ազգային ժողով, այլ դատախազություն: Որովհետեւ այնտեղ այնքան հստակ են երեւում փոշիացվող գումարները, որ բոլորովին պետք չէ ֆինանսիստ լինել՝ դա հասկանալու համար: Երբ տարիներ շարունակ նաեւ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից հետո հայտարարվում է՝ այս նախարարն այսքան յուրացում է կատարել, այս մարզպետը՝ այսքան չարաշահում, եւ մենք չենք տեսնում նախարարի մակարդակով որեւէ դատավարություն, դա արդեն ցույց է տալիս պետության վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ:
Հ. Մ.- Երբ խոսում ենք ՎՊ բացահայտումների մասին, ես ուզում եմ նշել, որ ըստ այդ բացահայտումների՝ մարդիկ կան, որ 10 տարի է՝ մահացած են, բայց նրանց անուններով թոշակ են ստացել, այսինքն՝ մտել են աղքատի գրպանը: Բայց ես չեմ հիշում, որ 10 տարի առաջ որեւէ պաշտոնյայի անուն շոշափվեր: Մինչդեռ հիմա քանի հոգի է ձերբակալվել, ինչքան քրեական գործեր են հարուցվել: Եկեք արդար լինենք:
Կ. Հ.- Այդ կիսատ գործընթացների նպատակը հասարակությունը շատ լավ հասկանում է, ամեն ինչ թափանցիկ է:
Հ. Մ.- Այսօր կենսաթոշակայինի տնօրենը ձերբակալված է: Սա կիսատ գործընթա՞ց է: Թող այն ժամանակ լիներ այդպիսի մոտեցում: Այսինքն՝ սոցապնախարարությունն այն ժամանակ հրեշտակ չի եղել, ես չեմ ասում բոլորի մասին, ուղղակի ուզում եմ երեւույթը արձանագրել: Հիմա՝ հարց. 10 տարի առաջ մենք ավանդների փոխհատուցում իրականացրե՞լ ենք: Արդեն իսկ 10 միլիարդ դրամ այդ ուղղությամբ տվել ենք: Դա նույնպես սոցիալապես խոցելի խմբերին է ուղղված:
Կ. Հ.- Դուք լավություն չեք արել: Դուք մարդկանց սեփական գումարի մի աննշան մասն եք վերադարձրել:
Հ. Մ.- Դուք մի խոսեք մարդկանց անունից, այդ մարդիկ տասնյակ հազարավոր նամակներ են հղել, 53 հազար մարդ ստացել է փոխհատուցումը:
Կ. Հ.- Որովհետեւ այդ մարդիկ արդեն այնքան խեղճացած վիճակում են, որ իրենց եթե անգամ մեկ բաժակ ջուր են տալիս, շնորհակալություն են հայտնում:
Հ. Մ.- Ասում եք՝ ուր են միջոցները, հիմա 74 միլիարդ գումար ուղղվել է աղետի գոտու բնակարանաշինությանը, 10 միլիարդ՝ ավանդներին, չուղղեի՞նք: Այս ամենը պետք է փաթեթի մեջ դիտարկել: Թեկուզ քիչ, բայց սոցիալապես խոցելի խավին տրվում է որպես գազի գնի թանկացման փոխհատուցում, անվճար ծննդօգնություն, որը շատ անհրաժեշտ է: Դե ասեք, Ձեր աշխատած տարիներին ծնունդը 89 հազարից իջել-հասել էր 34-35 հազարի, մինչդեռ հիմա հասել է 52-54 հազարի. դա լրջագույն դեմոգրաֆիկ խնդիր է: Եվ գալիք տարվա բյուջեով երրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը 430 հազարից 1 միլիոնի ենք հասցնում: Առաջիկայում միանվագ գումարներ են ստանալու նաեւ նորաստեղծ ընտանիքները: Ես այս ամենը նշում եմ, որ հասկանալի դառնա՝ սոցիալական ծրագրերը մի ամբողջ փաթեթ են: Դուք, իհարկե, ճիշտ եք, 2500 դրամը քիչ է, ՀՀ-ում չկա մեկը, որ ասի՝ դա բավարար է, բայց ես վստահեցնում եմ, որ այդ ամենը տնտեսապես հաշված է, եւ եթե հնարավորություն լիներ, կարվեր ավելին: Ոչ ոք չի ուզում, որ նվազագույն աշխատավարձը լինի աղքատավարձ: Ուղղակի ցանկության եւ հնարավորության համընկնման հարց է:
Կ. Հ.- Հնարավորությունը ո՞րն է, պետական պաշտոնյաների այդ շքեղ առանձնատնե՞րը, որոնք ամեն օր ավելանում են, ի՞նչ գումարներով են դրանք կառուցվում: Դուք ուզում եք, որ պաշտոնյան մի 5 առանձնատուն ունենա, եւ աշխատավարձերը բարձրանա՞ն, դա հնարավոր չէ: Դուք ի՞նչ եք հասկանում՝ ուզել, ցանկանալ ասելով: Դուք ուզում եք առանց ձեզանից մի բան պակասեցնելու, առանց ձեզ նեղություն տալու, առանց կոռուպցիան վերացնելու ինչ-որ խնդիրնե՞ր լուծել: Դուք ասում եք՝ մենք ուզում ենք, որ ժողովուրդը լավ ապրի, բայց մենք չենք կարող հրաժարվել մեր եկամուտներից:
Հ. Մ.- Ես հպարտությամբ եմ ասում, որ մեր կոռուպցիայի դեմ պայքարի մասին անգամ երկրի սահմաններից դուրս է խոսվում: Օտարերկրյա փորձագետները ողջունում են մեր մոտեցումն ու այն, թե ինչքան բարեփոխումներ են իրականացվում: Մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի այսքան գործնական քայլեր դեռ չեն եղել:
Կ. Հ.- Գործնակա՞ն: Ես կասեի՝ ցուցադրական:
Հ. Մ.- Ի՞նչն է ցուցադրական, թող էն ժամանակ փոխմարզպետ կամ փոխքաղաքապետ ձերբակալվեր:
Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:
Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ