Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը «երեսով է տալիս» Բագրատյանին. «Երբ դուք վարչապետ էիք…»

Նոյեմբեր 02,2012 14:04

«Ե՞րբ ենք մենք այս ոլորտներին դադարելու նայել՝ որպես մնացորդային ոլորտներ», այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ գիտության ոլորտի ֆինանսավորման մասին այսպիսի հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին: Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ «Այդ փողը՝ 11.6 մլրդ-ը, որ տալիս եք գիտությանը, կազմում է ՀՆԱ-ի 0.246 տոկոսը: Անընդհատ ասում եք՝ գիտելիքահեն տնտեսություն, բայց մի բան չէր, էլի պակաս եք տալիս»:

Նա նշեց, որ առաջիկայում կառավարությունը ստիպված է լինելու եւս մի նախաձեռնություն մերժելու, որտեղ գրված կլինի, որ գիտությանը տրվում է բյուջեի առնվազն 1 տոկոսը. «Հիմա տվեք, որ ստանաք: Տվեք, որ տուրիստական ընկերությունների փոխարեն գիտնականների խմբեր լինեն: Ռեկլամ լինի հեռուստացույցով, որ այս գիտնականների խումբը այս հարցը կարող է լուծել: Սարքեք գիտելիքահեն տնտեսությունը: 5 տարի առաջ երկրի նախագահը թվեր է ասել: Գոնե պահպանեք 5 տարի առաջվա վիճակը: Աշխարհի այս ստանդարտը կա՝ 10-12 %-ը ՀՆԱ-ի առողջապահությանն է ուղղվում, 6-8 տոկոս՝ կրթությանը, լավագույն երկրները՝ մինչեւ 4, իսկ միջին երկրները՝ 2.5 % գիտությանը: Այսինքն՝ ՀՆԱ-ի 20-21%-ը գնում է սրան: Մեր մոտ հակառակ ուղղությունն է: Դուք ասացիք, որ չենք կարող պաշտպանությունը կրճատել, բայց դա միայն 1/4-ով է բացատրում իրավիճակը: Հիմա ո՞նց եք անելու, ո՞նց կարելի է այս ոլորտների տեսակարար կշիռն իջեցնել: Գիտությանը, պարզվում է, 90-ականների սկզբին ավելի շատ է տրվել: Գիտությունը եւ կրթությունը արտադրություն են: Կրթության համակարգը գյուղատնտեսությունից ավելի շատ ՀՆԱ է արտադրում՝ 1 մլրդ դոլարից ավելի: Մենք սա պետք է հասկանանք, որ տնտեսությունն աճեցնելու ճյուղ է: Անգամ առկա «պիրոգի» սահմաններում, չնայած այդ «պիրոգի» չափսերն ինձ համար վիճելի են, ես գտնում եմ, որ եկամտային մասով կարելի էր էականորեն ավելացնել, բայց անգամ այդ պիրոգի սահմաններում այս ոլորտին քիչ է հատկացվում: Այստեղ է արտադրվում ամենաշատ ավելացված արժեքը: Այստեղ դրած փողը թեթեւացնելու է վիճակը արդեն 2014-ին: Իսկ 2014-ին ասելու եք է՛լ ավելի փող չկա: Հիմա մենք ունե՞նք հնարավորություն բյուջեի որոշակի վերաբաշխում կատարելու»:

Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ դահլիճում բոլոր նստածներն էլ կիսում են այդ կարծիքը, որ գիտությանը պետք է ավելի հատկացումներ արվեն, այստեղ առարկություններ լինել չեն կարող. «Ձեր ասած 1 տոկոսի հետ կապված կարծիքը բյուջեից հատկացնելու՝ չեմ կիսում: Ընդհանրապես բյուջեով ինչ-որ տոկոսներ նախատեսելն ընդունելի պրակտիկա չէ, պարո՛ն Բագրատյան: Որովհետեւ եթե այդպես է, մի հատ օրենք ընդունենք՝ կրթությանը՝ այսքան տոկոս… էլ բյուջե չքննարկենք, ավտոմատ լինի: Այն ծախսերը, որոնք մենք ամրագրել ենք տոկոսներով ու օրենքով՝ միշտ ունեցել ենք պրոբլեմներ, որովհետեւ դա զրկում է քննարկելու, ճիշտ որոշումներ ընդունելու հնարավորությունից: Կիսում եմ կարծիքը՝ գիտության ֆինանսավորման ավելացման, բայց՝ ծրագրեր լինելու դեպքում: Ոչ թե, ասենք, աննպատակ»:

Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքով մենք կենսաթոշակների մեջ պետք է նախատեսեինք գիտական աստիճանների համար հավելավճար: Հրանտ Բագրատյանը հարցրեց. «Նման խոստում է տրվել՝ օրենքով: Սա նախատեսվո՞ւմ է իրականացնել, թե՞ չէ»: Պարզվեց՝ չի նախատեսվում: Փոխնախարարի խոսքերով՝ «Ուզում ենք հնարավորություն տալ մարդիկ լավ աշխատեն, թոշակի հլը ձեռքներս չի հասնում, էլի: Թող հնարավորություն ունենանք մի քիչ աշխատավարձերը բարձրացնենք, նոր թոշակներին անցնենք»:

Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց նաեւ, թե սոցիալական փաթեթի մեջ տարեց գիտնականները կա՞ն: Փոխնախարարը նշեց, որ անկախ գիտաշխատողների տարիքից, 2013-ին սոցփաթեթ նրանց չի հատկացվելու:

ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը Հրանտ Բագրատյանին «երեսով տվեց». «Բայց երբ դուք վարչապետ էիք, դուք էլ էիք այդպես պատասխանում, պարո՛ն Բագրատյան»: Հրանտ Բագրատյանն ու տիկին Նաղդալյանը պայմանավորվեցին այդ մասին քննարկել առանձնազրույցում, որովհետեւ Գագիկ Մինասյանը թույլ չտվեց շարունակել երկխոսությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930