ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ ՌԴ-ն այսօր քաղաքական իմաստով անվերապահ պահանջ է դնում, որպեսզի Հայաստանի մաս կազմի Եվրասիական միությանը: Այսօր այդ մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Երկրորդ պահանջը, ըստ բանախոսի, որ ՌԴ-ն դնում է Հայաստանի առջեւ, որ ըստ էության, ՌԴ-ին հանձնվի Հհ գործադիր իշխանության կարեւորագույն լծակների տնօրինումը: «Սրանով ՌԴ-ն, ըստ էության, պահանջում է որպեսզի իր վերահսկողություն տակ լինեն ՀՀ-ի հարաբերությունները ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ»,- ասում է Դավիթ Շահնազարյանը՝ համարելով, որ ՀՀ իշխանությունները Մոսկվային հստակ ուղերձ ուղարկեցին այն մասին, որ պատրաստ են ընդունելու քաղաքական պահանջները, բայց ոչ գործադիրի լծակների հանձնումը, քանի որ դրա հետեւանքով Սերժ Սարգսյանը կդառնար ընդամենն «արարողակարգային նախագահ»: Շահնազարյանը նկատի ունի ՀԱՊԿ-ի լրացուցիչ արձանագրության քվեարկությունը ՀՀ խորհրդարանում: Դրա արդյունքները, ի դեպ, բանախոսը համարում է «ամոթալի» ՀՀ քաղաքացիների համար. «Առանց որեւէ հիմնավորման, Հայաստանի խորհրդարանը, ՀՀ-ն համաձայնվեց էապես սահմանափակել իր ռազմական համագործակցության սահմանները բոլոր այն երկրների հետ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն»: Մինչդեռ, հետեւեց Մոսկվայի պատասխանը, որ դա բավարար չէ եւ դա, բանախոսի վկայությամբ Միխայիլ Լեոնտեւի մեկնաբանություններն էին: «Դրանք վարկաբեկիչ էին Հայաստանի համար եւ մարտահրավեր է ՀՀ պետականության արժանապատվությանը: Եթե մեր իշխանություններն այդ գիտակցությունն ունենային, այդ սուբյեկտի մուտքը ՀՀ կարգելեին: Եթ Հունգարիայի հետ հարաբերություններն են դադարեցվել, հայտնի պատճառով, այդ քայլը պետք է արվեր»,- ասում է Դ. Շահնազարյանը:
«Իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ, թե ՞ինչ պայմանավորվածությունների կհասնեն ՀՀ իշխանությունները Մոսկվայի հետ»,- եզրակացրեց բանախոսը՝ համոզմունք հայտնելով, թե Մոսկվան սխալվում է մի հարցում, որ չի կարողանում հասկանալ, որ ՀՀ-ի օլիգարխիկ համակարգ ունեցող իշխանությունը կարող է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ շատ սահմանափակ հարաբերություններ ունենալ:
«Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգն իր ամբողջությամբ ի վիճակի չէ ձեւավորել Հայաստանի քաղաքական համակարգ եւ ես լուրջ հույսեր ունեմ, որ այս իրավիճակում Հայաստանի քաղաքական օրակարգը կձեւավորվի քաղաքացիական հասարակության կողմից»,- եզրակացրեց բանախոսը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ