Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս մորը զինդատախազության քննիչն անվանե՞լ է «պոռնիկ»

Նոյեմբեր 02,2012 13:39

Երեկ ՊՆ քննչական վարչությունում տեղի է ունեցել հերթական միջադեպը խաղաղ պայմաններում զոհված մի քանի զինվորների մայրերի և ՀՀ ՊՆ քննչական վարչության պաշտոնյաների միջև: Epress.am-ի փոխանցմամբ՝ իրավիճակն այնքան է լարվել, որ ՀՀ զինվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը քաշքշել է նրանց, վիրավորել, իսկ նրանցից Իրինա Ղազարյանին՝ զոհված Արթուր Ղազարյանի մորը, անվանել է «պոռնիկ»:

Aravot.am-ը զրուցեց 2007 թվականին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի հետ: Նա մանրամասնորեն ներկայացրեց կատարվածը. «Կառավարության շենքի մոտից գնացինք ՊՆ քննչական վարչություն, որպեսզի տեղեկություններ ստանանք մեր երխաների գործերի մասին: Ծնողներից կային, որոնց գործով քննիչները փոխվել էին, բայց երեք ամիս տեղեկություն չունեին: Երբ ասացինք, որ ուզում ենք բաժնի պետին՝ Արմեն Հարությունյանին տեսնենք, նրա մամուլի քարտուղար Մերի Սարգսյանն ասաց, որ նա այս պահին չի կարող ընդունել մեզ, պիտի երեքշաբթի գանք: Ծնողներից Նանա Մուրադյանն էլ՝ Վալերի Մուրադյանի մայրը, Անահիտ Մկրտչյանը վրդովվեցին, թե չեն կարող ամեն օր գալ, քանի որ շրջանից են գալիս: Մանավանդ տեսանք, որ Հարությունյանը ներսում է, մեքենան էլ կանգնած էր: Այդ պահին Ղազարյան Իրինան, ում տղան էլ 2010-ին է զոհվել և գործը կարճել են, վրդովված ասաց, թե հերիք չէ մեր երեխաներին սպանել եք, գործերը կոծկել եք, մյուս ծնողներն էլ վիրավորվեցին՝ ինչո՞ւ երեք ամիս է մեզ տեղյակ էլ չեք պահում, նույնիսկ կարող է այնպես լինի, որ մենք մտածենք, թե այդ դեպքը չի է՞լ եղել, ինչու եք նման վերաբերմունք ցույց տալիս: Այդ ժամանակ Յուրա Բադալյանը դուրս եկավ իր սենյակից ու մեզ վիրավորելով ասաց, թե սրանք ովքեր են, եկել են ձենները գլուխներն են գցել, լավ ենք արել: Այդ պահին Իրինան նրան ոչնչություն անվանեց, ասաց, թե դու ո՞վ ես, որ լավ ես արել, հերիք չէ մեր երեխեքին սպանել եք, Շոթայի հետ համագործակցել եք և մեր տղաները գործերը կոծկել և այլն…. »:

Տիկին Գոհարը պատմեց, որ այս միջադեպից հետո եկել է Յուրա Բադալյանը և ասել, թե ովքեր են սրանք, դրանց դուրս հանեք ստեղից: Բուլղադարյանն էլ, թե հերիք է անեծքներ թափեք և այլն: Ըստ Գ. Սարգսյանի պատմածի՝ ծնողներից Նանան ասել է, որ եթե դուք մեր տեղը լինեիք, կլռեի՞ք:

Գ. Սարգսյանը վիրավորված՝ մեզ հետ զրույցում ասաց. «Չի կարելի այդ աստիճան ճնշում գործադրել որդեկորույս ծնողների վրա: Տարիներ են անցնում, և ոչ մի փոփոխություն մեր երեխաների գործերից»:

Որդեկորույս ծնողները գրավոր դիմել են Սերժ Սարգսյանին, ՊՆ, Մարդու իրավունքների պաշտպանին, դատախազին, Տիգրան Սարգսյանին:

Aravot.am-ը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեց ճշտել՝ ծնողների դիմումին ի՞նչ ընթացք է տրվել: Նա պատասխանեց. «Եթե դիմումը համապատասխան կարգով է, համապատասխան ընթացք կտրվի: Եթե երեկ են դիմել, այսօր պատասխան հնարավոր չէ, որ լինի: Այնքան ժամանակ է անհրաժեշտ, ինչքան որ հարկավոր է քննության համար»:

Մեր այն դիտարկմանը՝ թե որդեկորույս ծնողների դեմ բռնությունները օրինաչափություն են դառնում և ի՞նչ քայլեր է ցանկանում ձեռնարկել ՊՆ-ն, պարոն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Դրա հետ ՊՆ-ն ուղիղ ոչ մի կապ չունի: Այդ հարցեը լուծում են դատախազությունը, քննչական, իրավապահ մարմինները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930